Շուրջ 255 միլիոն դրամ, կաթվածահար երթևեկություն ու ենթադրաբար վնասված պատմամշակութային կոթողներ․ Երևանը հենց այսպես է պատրաստվում ամանորյա տոներին։ Քաղաքային իշխանությունները խոստանում են, որ այս տարվա տոնական ձևավորումն ու միջոցառումները բացառիկ են լինելու։

Մինչ մայրաքաղաքը տոնական տեսք է ստանում, համացանցում լուսանկարներ են տարածվում ու մտահոգություններ հնչում , որ ամանորյա ձևովորումից վնասվում են Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված թամանյանական շենքերը։ Այս առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը հայտարարություն է տարածել։ Նա վստահեցրել է, որ մինչ աշխատանքների մեկնարկը քննարկում են ունեցել ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ և խոստացել է, որ  նվազագույնի կհասցնեն կամ հետագայում կվերացնեն ձևավորման հասցրած վնասները։



«Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,– ասված է Քաղաքապատարանի հայտարարության մեջ։



Քաղաքն, իհարկե, ամանորյա լուսավորություն պետք է ունենա, բայց կարճաժամկետ ձևավորումը ոչ մի պարագայում չպետք է վնասի տասնամյակների պատմություն ունեցող պատմամշակութային կոթողները։ Ճարտարապետ, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ միջազգային պրակտիկայում նման ձևավորումները ամրացնելու համար, օրինակ, հատուկ մետաղական, բարակ ցանցեր են օգտագործվում։



«Իհարկե, ժամանակակից քաղաքաշինական պահանջներում ու ժամանակակից կյանքում առանց այս ամենի քաղաքային միջավայր պատկերացնել հնարավոր չէ, բայց այդ միջամտությունները պետք է արվեն խիստ մասնագիտական մոտեցմամբ, պետք է ուսումնասիրվեն՝ ինչ եղանակ է պետք ընտրել, որ հետևանքները մինիմալ լինեն հատկապես քանդակազարդ ճակատի կամ այլ հուշարձանի վրա։ Մեր դեպքում խնդիրը միայն ամանորյա զարդարանքները չեն, պատմամշակութային շենքերին մենք նույն կերպ նաև օդորակիչներ ու գովազդային վահանակներ ենք ամրացնում»,– ասում է Տիգրան Գալստյանը։   



ԿԳՄՍ նախարարությունը ամանորյա զարդարանքի ամրացման հարցը գիտամեթոդական նիստում չի քննարկել։ Լրագրողների հետ զրույցում նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ այդ խնդիրը քաղաքապետարանի դաշտում է։

«Քաղաքապետարանը պարտավորվել է, որ ինչ-որ մի նույնիսկ փոքրիկ վնաս լինի, քաղաքապետարանը այն պետք է վերականգնի հարյուր տոկոսով: Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»,– ասել է նախարարը։

Այս տարվա նախատոնական ակտիվ եռուզեռը պատահական չէ։ Աննախադեպ ամանորյա լուսավորության մասին քաղաքապետարանը հայտարարեց դեռ հոկտեմբերին, երբ հանրապետության հրապարակում արդեն սկսվել էին գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Մեծամասշտաբ միջոցառումների ու տոնածառը ժամանակից շուտ տեղադրելու առիթը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլն է։



Քաղաքային իշխանությունն ու մրցույթի կազմակերպիչները որոշել են Երևանը բացառիկ տեսքով ներկայացնել տեղացի ու արտասահմանցի հյուրերին։ Ի դեպ՝ տոնական զարդարանքը  կարժենա ավելի քան 255 միլիոն դրամ կամ 650 հազար դոլլար։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախօրեին անդրադառձել է քննադատություններին, թե ծախսվող գումարը շռայլություն է։ Նա վստահեցրել է, որ  քաղաքացիները արդյունքից գոհ կլինեն։

«Նոր տարվա տոներին բոլորը հրաշքով են սպասում՝ հատկապես երեխաները։ Կարծում եմ՝ փոքրիկների տրամադրությունը բարձրացնելու համար այդ գումարը այնքան էլ շատ չէ։ Առաջին անգամն է, որ մենք բավականին մեծ գումար ենք ծախսում լուսավորության վրա, բայց հաջորդ տարի, մյուս տարի մենք հնարավորություն կունենանք նույնն օգտագործելու»։



Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների համար ամենաշատ գումար ծախսող համայնքն է։ 2017-ին այդ նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել է 192 մլն դրամ, 2018-ին՝ 222 մլն։ 2018-ին Երևանը նաև հրաժարվեց հանրապետության՝ շուրջ 13 տարեկան գլխավոր եղևնուց  և փոխարենը գնեց նորը՝ շուրջ 65 միլիոն դրամով։ 2020 թ 44-օրյա պատերազմից հետո քաղաքային իշխանությունը որոշեց քաղաքը չզարդարել ու տոնական եղևնի չտեղադրել։ Այդ նպատակով նախատեսված 100 միլիոն դրամը Երևանը փոխանցեց Ստեփանակերտին՝ պատերազմի հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն