Երևանը և մասնավորապես Հանրապետության հրապարակի շենքերը ամանորյա լուսասարքերի տեղադրումից չեն վնասվել՝ վստահեցնում է քաղաքապետարանը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասում է՝ նույնիսկ եթե հնարավոր է եղել, 2 պտուտակի փոխարեն լույսերը մեկով են ամրացրել։

«Մեր իրականացրածը վնաս չէ, դա այն միջամտությունն է, որը ողջամիտ է այդ մասշտաբի ձևավորումն իրականացնելու համար, որի հետևանքները, խոստացել ենք, որ վերացվելու են»,– ասում է Գրիգորյանը։



Որ 2023-ի տարեմուտին ամանորյա ձևավորումները բացառիկ կլինեն՝ քաղաքապետարանը վաղուց էր հայտարարել։ Հետո նաև ԿԳՄՍ նախարարությանն ու քաղաքացիներին խոստացել էր, որ ձևավորման աշխատանքների հետևանքները գարնանը կվերացնեն։ Ճարտարապետների պալատի վարչության անդամ Արև Սամուելյանը անընդունելի է համարում մշակութային արժեքների նկատմամբ նման վերաբերմունքը՝ հատկապես մի քանի օրվա համար։



«Պարզապես ցանկացել են լուսավորել շենքերը, առանց հետևանքների մասին մտածելու։ Խոստանում են, որ հետո կվերականգնեն, իսկ ինչո՞ւ քանդել, որ հետո վերականգնել։ Կամ ինչպե՞ս են վերականգնելու, եթե նույնիսկ քարափոշիով ծակերը լցնեն, միևնույն է, հրապարակի շենքերը կարկատանների մեջ կմնան։ Եթե նույնիսկ էսթետիկ իմաստով վերականգնել հնարավոր լինի, քարերի մեջի ճաքերը փակել չի լինի ու դրանք միայն ավելի ու ավելի տարածվելու են»,– ասում է ճարտարապետը։



Քաղաքապետարանում չեն ժխտում՝ Հանրապետության հրապարակի շենքերը, այո, վնասվածքներ ունեն, բայց դրանք ձևավորման աշխատանքների հետ կապելը թյուրիմացություն են համարում։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարության հետ արդեն իսկ քննարկումներ են սկսել, գարնանը նախատեսում են վերականգնել ոչ միայն հանրապետության հրապարակի, այլև Երևանի մյուս պատմամշակութային շենքերի վնասվածքները։



«Վնաս, որպես այդպիսին, քաղաքը չի կրել։ Շրջանառվող լուսանկարները, պատկերները ու պնդումների կապում են մեր իրականացրած աշխատանքների հետ, սակայն այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ «բոլտը», մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունեն։ Այս բոլոր շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, իսկ մենք մեր կատարած աշխատանքի ընթացքում դրանք արձանագրել ենք և պատրաստվում ենք գարնանը անդրադառնալ նաև այդ հարցերին»,– վստահեցնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ճարտարապետ Արև Սամուելյանը հիշեցնում է, լուսանկարներ է ցուցադրում։ Տարիներ առաջ «Ձկան խանութի» հայտնի շենքի գովազդային վահանակները հեռացվեցին, շենքի ֆասադը վերանորոգվեց․ արդյունքում կառույցի տեսքն աղավաղվեց՝ ասում է ճարտարապետը։ Վերանորոգել դեռ չի նշանակում վերադարձնել նախկին տեսքը։



Երևանի «Ձկան խոնութի» շենքը

Եթե նույնիսկ նախկինում շենքը վնասելու դեպքեր եղել են, դա դեռ չի նշանակում որ պետք է նույն կերպ կամ ավելի վատ շարունակել։ Վերջիվերջո, այսօր ամբողջ աշխարհում նմանատիպ շենքերը հեռվից են լուսավորվում, կամ հատուկ բարակ մետաղական ցանց է ամրացվում շենքի վրա և միայն դրա վրա են ամրացվում լուսատուները»։

Ընդամենը մի քանի օր հետո Երևանում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, ինչպես նաև մյուս բոլոր դեկորատիվ լույսերը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ երբ քաղաքացիները տեսնեն վերջնարդյունքը, կմոռանան բոլոր անհարմարությունների ու քննադատությունների մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն