Խաղաղության բանակցությունների թեման Բիշքեկում, Մոսկվայում և Ազգային ժողովում
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Հայաստանի վարչապետը առաջարկել է խոսել տարածաշրջանային անվտանգության մասին՝ ընդգծելով «լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։
Սահմանային իրավիճակին ու Երևան-Բաքու հեռակա բանակցություններին խորհրդարանում անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախօրեին նա խոսել էր որոշ պայմանավորվածությունների մասին, որի արձագանքն այսօր հնչել է Բաքվից։
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» տեքստի երրորդ խմբագրումից և Բաքու ուղարկելուց առաջ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հստակեցնում է ձեռք բերված համաձայնությունների շրջանակը։
«Ցավալի բան պետք է ասեմ․ կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա։ Այդ կետը, դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է։ Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»։
Բանակցային պրոցեսը թույլ չի տալիս բացահայտել տեքստը, բայց Գրիգորյանը պարզաբանում է՝ բոլորին են հայտնի այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ըստ այդմ՝ քննարկման ուղղություններն են ԼՂ հիմնախնդիրը, սահմանագծումն ու սահմանազատումը, ապաշրջափակումը է և հումանիտար հարցերը։
Առաջին կետի շուրջ Հայաստան-Ադրբեջան հեռակա նոր բանավեճ է սկսվել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում քննարկել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը։ Այս հայտարարությամբ նա պատասխանել է մեկ օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցի շուրջ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հերքել է Գրիգորյանի պնդումը՝ այն կեղծ որակելով և նշելով, թե որևէ հարցի քննարկում դեռ չի նշանակում համաձայնության ձեռք բերում։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին է կասկածի տակ դրել ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունները։
«Ինձ երբեմն թվում է, թե կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Բանակցություններին, որոնք ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը ներկա չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և կա արձանագրություն դրա մասին, և ես զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները։ Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակում պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի ԼՂ և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։ Վերջին շրջանում մեր միջազգային գործընկերների շրջանում հետաքրքրություն ենք նկատել այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները։ Հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»։
Ի դեպ, հենց վաշինգտոնյան պայմանավորվածություններն էին հիմք դարձել, որպեսզի տարանջատվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը։ Դրանք, ըստ պայմանավորվածության, պետք է առանձին փաստաթղթերով ներկայացվեն, բայց եթե Ադրբեջանը շարունակի մերժել միջազգային մեխանիզմների ստեղծումը ԼՂ հարցը քննարկելու համար, ապա դա լուրջ խնդիր է․
«Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմի՝ «խաղաղության պայմանագրի» մասով առաջ գնալը։ Ընդհանրապես, Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ։ Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, որ այդ խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել»։
Մինչ պաշտոնական Երևանն ու Բաքուն հեռակա բանավեճ են ծավալում, Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը նույն խնդիրները շոշափում են «դրսում»։ Վարչապետը Բիշքեկում է, պաշտպանության նախարարը՝ Մոսկվայում։
Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստն առիթ էր Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հերթական հանդիպման համար։ Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը ՝ նշելով, որ տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Փաշինյանն ասել է։
«Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վերջերս փորձ արվեց փակելու Լաչինի միջանցքը։ Լեռնային Ղարաբաղում մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ»։
Բանակցություններից առաջ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկելու հարցեր միշտ կան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։
Մինչդեռ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ընդգծել է համագործակցության մեկ այլ ուղղություն։ Այս հանդիպումն արդեն Մոսկվայում էր։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն Սերգեյ Շոյգուն Սուրեն Պապիկյանին ասել է, որ Հայաստանը իրենց դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերը Անդրկովկասում:
Ըստ Շոյգուի՝ չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում են առավելագույն ջանքերը: Առանձնահատուկ կարևորում են երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը։
Ու չնայած այս ամենին Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդը շարունակում է կրակել և արդեն հայտնի է դարձել, որ Ադրբջանի ռազմական ծախսերը 2023-ին կազմելու են 3 միլիարդ դոլարից ավելի։