Զբոսաշրջի՞կ, թե՞ միգրանտ․ Հայաստան այցելող օտարերկրացիների քանակը կրկնապատկվել է 2021-ի համեմատ
2022թ–ը գրեթե ռեկորդային տարի էր զբոսաշրջության համար։ Այս տարի Հայաստան է այցելել ավելի քան 1.5 միլիոն զբոսաշրջիկ։ Այս թիվը ընդամենը 1-2 հարյուր հազարով է պակաս 2019-ի՝ երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշից: Ռուսաստան, Վրաստան, Իրան․ սրանք են այն հիմնական երկրները, որտեղից տուրիստներ են ժամանում Հայաստան։ Վիճակագրությունը, սակայն, ոլորտի ներկայացուցիչներին այնքան է չի ոգևորում։ Զբոսավար Ռուբեն Հովսեփյանն ասում է՝ պետք է տարբերակել զբոսաշրջիկներին երկարաժամկետ ապրելու համար Հայաստան տեղափոխված արտասահմանցիներից։
«Օրինակ՝ բոլոր ռուսներին անվանել զբոսաշրջիկ, մի փոքր սխալ է, քանի որ գոնե 70 տոկոսն այստեղ բնակվում է, ընդ որում բնակվում են երեխաներով, երեխաները հաճախում են դպրոց, մանկապարտեզ։ Այս հանգամանքը անպայման պետք է հաշվի առնել, քանի որ նրանցից շատերն արդեն ապրում են այն կյանքով, ինչ մենք»,– ասում է Հովսեփյանը։
Այս մարդիկ հիմնականում նախընտրում են կարճաժամկետ, բյուջետային տուրեր հանգստյան օրերի համար։ Ուստի զբոսաշրջությունն ամբողջությամբ վերականգնված համարել չի կարելի, ասում է ներգնա տուրօպերատոր Անուշիկ Եղիազարյանը։
«Քանի որ իրենք տուր փաթեթներ չեն յուրացնում, իրենց ամբողջովին զբոսաշրջիկ անվանել չենք կարող։ Եվ իրենք այն խավի մարդիկ են, ովքեր նախընտրում են ճամփորդել ինքնուրույն, իհարկե, դա ինչ-որ ազդեցություն ունի հյուրանոցային ոլորտի և զբոսավարների աշխատանքի վրա, բայց չի կարելի ենթադրել, որ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է, կամ այնպիսինն է, ինչպիսն մենք ակնկալում էինք»
Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Ոլորտում սա, իհարկե, ռուս–ուկրաինական հակամարտության հետ են կապում․ ռուսների համար եվրոպական երկրներ այցելելն ավելի է բարդացել, իսկ Հայաստան այցելել կարելի է ներքին անձնագրերով, առանց մուտքի արտոնագրի։
«Կարծում եմ, որ էկոնոմ դասի խավը մոտ ապագայում այլևս չի ճամփորդի, քանի որ նախ տուր փաթեթները թանկացել են, հետո, առհասարակ, ճամփորդելը թանկացել ՌԴ քաղաքացիների համար։ Եվրոպական շուկայից, իհարկե, կլինի ակտիվություն, բայց ինչքան՝ ոչ ոք չի կարող ասել, դա կախված է ավիատոմսերի արժեքից և աշխարհաքաղաքական վիճակից»
Եթե 2022-ը հաջող տարի էր, 2023-ը հավակնում է ավելի ակտիվ լինել, ասում է Պրոֆեսիանալ զբոսավարների հայկական ասոցացիայի վարչության անդամ, զբոսավար Ռուբեն Հովսեփյանը։ Դատելով ամանորյա ամրագրումներից ու դրանց քանակից, նա ենթադրում է, որ ակտիվությունը եկող տարի չի նվազի։ Տուրիզմը շատ զգայուն ոլորտ է, բոլոր շարժերն այստեղ ուղղակիորեն կապված են աշխարհաքաղաքական զարգացումների և իրավիճակի հետ, շեշտում է զրուցակիցս։ Ըստ մասնագետի դիտարկումների՝ վերջին տարիները ցույց են տվեցին, որ կանխատեսումներ հնարավոր է անել ամենաշատը մեկ ամսվա կտրվածքով։
«Բավականին ակտիվ տարի էր, չնայած եղան ու կային նաև դժվարություններ․ երբ սկսվեց ռուս–ուկրաինական պատերազմը և դրա հետևանքով ճգնաժամը, փետրվար–մարտ ամիսներին բավականին շատ չեղարկումներ եղան, հատկապես մեծ խմբերին է սա վերաբերում, և այն մարդկանց, որոնք նախապես ծրագրել էին Հայաստան գալ մայիսյան տոներին»,– ասում է զբոսավարը։
Զբոսաշրջությանը, իհարկե, խանգարում է նաև հայ–ադրբեջանական հակամարտությունը, հատկապես սեպտեմբերյան դեպքերը, նկատում է մասնագետը։ Շատերը չեղարկում էին իրենց նախապես ծրագրված այցերը կամ ստիպված էին լինում փոխել ուղղությունները։
«Որոշ ժամանակ դեպի Սյունիք զբոսաշրջային երթուղիները բավականին թուլացան, այսինքն՝ մարդիկ զգուշանում էին այնտեղ գնալ։ Սակայն հիմա դա արդեն քիչ թե շատ կարգավորվել է։ Այս իմաստով բավականին տուժեց Ջերմուկը, մինչև այսօր էլ շատ քիչ զբոսաշրջիկներ, հիմնականում ռուսներ են այնտեղ գնում»։
Ընդ որում՝ արտերկրից ոչ միայն զբոսաշրջիկներ, այլև զբոսավարներ են եկել Հայաստան։ Սա ոլորտի մասնագետները յուրահատուկ մարտահրավեր են համարում։ Այսօր Երևանի փողոցներում ու Հայաստանի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել օտարերկրացի զբոսավարների, որոնք համերկրացիներին պատմում են իրենց քիչ թե շատ ծանոթ Հայաստանի մասին։
Ո՞վ իրավունք ունի պատմել Հայաստանի մասին․ օտարերկրացիներն իրենց հետ նաև զբոսավարներ են բերել
Զբոսաշրջության կոմիտեն նախատեսում է արդեն հաջորդ տարի այդ հարցը օրենսդրական կարգավորումներով լուծել և սահմանել, թե ով իրավունք ունի պատմել Հայաստանի մասին։