Եկամուտների հայտարարագրումը՝ պարտադիր, իրականացումը՝ քննարկելի․ լսումներ խորհրդարանում
Ինչպե՞ս է որոշվել, թե ովքեր են լինելու ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման առաջին փուլի մասնակիցները, ի՞նչ հիմքերով է սահմանվել, թե սոցիալական որ խումբը ինչ պատասխանատվության ենթարկվելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, ի՞նչ է ենթադրում սոցիալական կրեդիտ ասվածը։ Կառավարությունը նախատեսում է 2023-ից անցնել համընդհանուր հայտարարագրման, թեման այսօր քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում։ Խորհրդարանականները փորձագիտական ու մասնագիտական դաշտի ներկայացուցիչներին վստահեցրել են՝ կլսեն առաջարկները, կքննարկեն։ Նախագիծը գուցե առաջինից երկրորդ ընթերցում փոփոխվի, բայց կառավարություն հետ չի գնա։
2023 թվականից Հայաստանում կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտը։ Առաջին հայտարարատուներն իրենց եկամուտների մասին տվյալները կներկայացնեն մինչև 2024թ ապրիլի 20-ը։ Այս պահին, սակայն, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով, քննարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ը դարձնելու հարցը։
Ըստ գործադիրի՝ Հայաստանում հայտարարագրման ինստիտուտը կներդրվի փուլերով։ Հայտարարագիրը կկազմվի հարկային մարմնում՝ կառույցում առկա տվյալների, ինչպես նաև 3-րդ անձանց միջոցով ստացված տեղեկությունների հիման վրա։ Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնելու պահանջը կվերաբերի պետական, համայնքային ծառայության ու հանրային պաշտոններ զբաղեցնողներին, նոտարներին, 1 մլրդ դրամ ու ավելի համախառն եկամուտ ունեցողներին, նաև այն քաղաքացիներին, որոնք 2023 թվականի ընթացքում 20 մլն և ավելի փոխառություն են ստացել։ Առաջին փուլում են նաև եկամտային հարկի վերադարձից օգտվողներն ու արտերկրից գումարներ ստացողները․
«Առաջարկվում է 2024-ին այս շրջանակի մեջ ներառել նաև վարձու աշխատողներին ու քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին կամ ծառայություն մատուցողներին, իսկ արդեն 2025-ին՝ ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին»։
Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտները կհայտարարագրվեն, բայց հարկային բեռի ավելացում չի լինի ՝ վստահեցնում է Պողոսյանը։ Ընդգծում է՝ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ գումարի դեպքում արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում չի պահանջվի։
Համընդհանուր հայտարարագրման ներդրման շուրջ մասնագիտական դաշտում բազմաթիվ մտահոգություններ կան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ու տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը 30 տարի ինստիտուտի ներդրման կողմնակից է եղել, մոտեցումը փոխել է 2020թ․-ից, երբ Հայաստանում ներդրվեց եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման ինստիտուտը։ Ըստ Գաբրիելյանի՝ համընդհանուր հայտարարագրմանն անցնելն այլևս նպատակահարմար չէ, քանի որ եկամուտների ավելացում չի ակնկալվում։
«Եթե եկամուտների ավելացում չի լինելու, մյուս տեսակետից եթե առողջապահական ու սոցիալական հարցերի հստակություն չունենք, ապա շահառուներ, որի հետևանքով իրենք կարող են ունենալ հարկերի նվազեցում և ինչ-որ առումով նաև հետհարկեր ստանալ նաև պետությունից, դրա հետևանքով իրենց մոտ խթաններ առաջանան, որ լրացնեն հարկերը, դա չկա»։
Ինչպե՞ս է հայտարարատուն ստանալու հայտարարագրման նախնական տարբերակը, եթե չունի մշտական էլեկտրոնային փոստ, ինչպե՞ս են կարգավորելու տեխնիկական հարցերը՝ մտահոգությունները շարունակում է Վաչե Գաբրիելյանը։ Մտահոգությունների շարքը շարունակում է ՓՄՁ ասոցիացիայի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանը։
«ՌԴ-ում աշխատող աշխատանքային միգրանտը՝ ընտանիքի հայրը, գումար է փոխանցում։ Եթե այնտեղ նաև վարձու աշխատող է և ներկայացնում է տեղեկանք, այստեղ խնդիրները լուծվում են։ Բայց մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդն այնտեղ գրանցված աշխատող չէ, ընտանիքի միակ կերակրողն է ու երբ գումար է փոխանցում, կինը պետք է հայտարարագրի եկամուտը։ Բայց այս դեպքում նա չի կարող օգտվել նվազեցումներից։ Այստեղ էլ մենք պետք է նայենք, թե ինչպիսի սոցիալական անապահով խավի ենք կպնում, որոնց ապրուստի միակ միջոցը այդ գումարներն են»։
«Տնտեսական իրավունքի կենտրոն»-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը քաղաքական է համարում ՝ ֆինանսների փոխնախարարի՝ «արտագնա աշխատանքից փոխանցված գումարները չեն հարկվելու» հայտարարությունը։ Ավելի քան 4 մլրդ դոլար գումար է փոխանցվել Հայաստան՝ հիշեցնում է տնտեսագետը։
«Շահառուներ, որ հարազատներից ու բարեկամներից գումարներ են ստանում սոցիալ—տնտեսական այս պայմաններում՝ ցածր աշխատավարձ, կենսաթոշակ, արդյոք հարկվելու են այս համակարգում։ Այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ արդյո՞ք մենք ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, որպեսզի կարողանանք ճիշտ տեղեկատվություն ստանալ, որ կրկնակի չհարկվեն տրանսֆերտները, որ գալիս են մեր երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար»։
«Հարկ վճարողների պաշտպանություն» կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը հիշեցնում է հուլիսի 1-ից ներդրված մեկ այլ փոփոխության՝ անկանխիկ վճարման համակարգի անցման մասին։
«Դուք եկամտահարկ ստացողին ասում եք «սահմանված կարգով, ժամկետում չհայտարագրելը»․ այս տերմինը պետք է բացել, հնարավո՞ր է արդյոք մարդը հազար դրամ պակաս եկամուտ հայտարարագրի, դուք ասեք՝ սահմանված կարգով չես հայտարարագրել ու ամբողջ տարվա ստացածը հետ ուզեք։ Սրանք կարևոր կիրառական խնդիրներ են։ Ավելին՝ մեկը մեկին վատություն անելու համար հաշվին երկու հազար դրամ կփոխանցի ու կասի՝ պետք է հայտարարագրեիր, չես հայտարարագրել։ Պարոն Պողոսյան, տրանսֆերտների հարցը լուծեք։ Ասեք, թե ինչ է։ Հաշվից հաշիվ փոխանցելը նույնպես տրանսֆերտ է։ Ասեք, որ արտերկրից ուղարկածը եկամուտ չէ, հայտարարագրման ենթակա չէ, բայց հետո էլ չասեք, չես հայտարարագրել, պատին դեմ տաք, գնդակահարեք, այդպես չի լինում»
Առաջարկներն ու քննադատությունները անհրաժեշտ են՝ ասում է ֆինանսների փոխնախարարը, խոստանում աշխատանքային փաստաթուղթ պատրաստել և մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Խորհրդարանում չեն բացառում, որ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում կփոփոխվի, բայց համոզված են, որ կառավարություն հետ չի գնա։