Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Արդարադատության միջազգային դատարան, տեղեկացնելով, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Բերձորի միջանցքը։ Հայկական կողմը միջազգային կառույցներից պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այն ինչ անում է Ադրբեջանը, միջազգային իրավունքում բնորոշում ունի՝ «մարդու իրավունքների խախտում» ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ինքը՝ Ստեփանյանը, իրավիճակը  մարդկության  դեմ ուղղված հանցագործություն է բնորոշել։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ շեշտել է, որ այս պահին Արցախում  հրատապ կարիքներից մեկը օդային միջանցք բացելն է։ «Մենք այդ օդային միջանցքի կարիքը միշտ ունենք, իսկ հիմա դա պարզապես կյանքի ու մահվան հարց է, պարզապես անհրաժեշտություն »,-ասել է Բեգլարյանը։

Արցախը հումանիտար աղետի շեմին է, 120 հազար մարդ շրջափակման մեջ է, խախտվում են Արցախի բնակիչների իրավունքները, քանի որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Հայաստանի հետ կապող միջանցքը։ Այս շեշտադրմամբ է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել ՄԻԵԴ ու Արդարադատության միջազգային դատարան, պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել և պարտավորեցնել բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ «Ռադիոլուր»-ին հայտնում են ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ Նաև նշում են՝ պատասխան ակնկալում են առաջիկա օրերին։  Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝  դատական գործիքակազմը պետք է կիրառվի ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար.



«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի լկտիությամբ են խախտում մարդու իրավունքները, Արցախի ժողովրդի իրավունքները։ Այդ նույն մեխանզիմների, միջազգային կազմակերպությունների շահառուները Արցախի ժողովուրդն է, և ըստ այդմ պետք է այդ գործիքակազմից օգտվեն»։

Արցախի պետնախարարի խորհդական Արտակ Բեգլարյանն ակնկալում է, որ առաջիկ օրերին ՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ի դատարանը կարձանագրեն՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները, միաժամանակ արձանագրելով, որ սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մի մասն է 

«Նաև արձանագրելով, որ դա հայատյաց, ցեղասպան ադրբեջանական պետության քաղաքականության մի դրսևորումն է ուղղակի, շղթայի մի մասը։ Քանի որ սա մեզ համար շատ կարևոր է ընդգծել ու նաև փաստագրել միջազգային իրավական ատյաններում, որ այդ քաղաքականությունը շարունակական է, և Արցախի հայությունը շարունակական Ցեղասպանության վտանգի առջև է կանգնած»։

Արդեն մի քանի օր է՝  Արցախի բնակչությունը պատանդի կարգավիճակում է։ Դեղոայքի ու սննդի հետ կապված խնդիրներն ավելի ու ավելի են սրվում, Ադրբեջանը անջատել է գազամատակարարումը, փաստացի կտրվել է  կապը Հայաստանի հետ։ Այն ինչ անում է Ադրբեջանը, միջազգային իրավունքում բնորոշում ունի՝ «մարդու իրավունքների խախտում»։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը  մեջբերում է միջազգային իրավունքի ամրգարումները՝ մարդու կենսապահովման պայմանները թեկուզ մեկ վայրկյանով չպետք է դադարեն

«Մարդը երբեք չպետք է զրկված լինի հումանիտար հասանելիությունից։ Ես սա կբնութագրեմ որպես մարդկության  դեմ ուղղված հանցագործություն, քանի որ այս ակցիան ընդհանուր քաղաքականության  մաս է կազմում, որը արդեն երկու և ավեի տարի է, ինչ իրականցում է Ադրբեջանի կողմից՝ արցախի ժողովրդի նկատմամբ  նպատակ  հետապնդելով էթնիկ զտման ենթարկել Արցախը և Արցախի ժողովրդին ենթարկելու նոր ցեղասպանության»։



Նախկինում ՄԻԵԴ-ը  Ադրբեջանի նկատմամբ բազմիցս հրատապ միջոցներ է կիրառել, սակայն, Ադրբեջանը դրանք չի կատարել։ Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ իրավապաշտպանները կոնկրետ դատական ատյաններում նշում են, որ իրավունքը միայն որպես այդպիսին բավարար չի կարող լինել,  իրավունքի հետ միաժամանակ նաև քաղաքական պատասխատանոություն է պետք։ Եթե որևէ պետություն իրավական որոշումները չի կատարում, հարցը գնում է քաղաքական մակարդակում քննարկվելու ։

«Անձամբ ես էլ որոշակի հիասթափված եմ այն քաղաքական արձագանքից, որ տեսնում ենք տարբեր պետություններից կամ միջազգային կազմակերպություններից։ Սրա հետևում ես տնտեսական ու քաղաքական շահեր եմ տեսնում։ Սա այն երկակի շահերի քաղաքականությունն է, որ աշխարհը վարում է, խոսում է մարդու իրավուքնների մասին ու առաջ է  մղում իր շահերը՝  քաղաքական, տնտեսական ու այլ շահեր»։

Արցախի ՄԻՊ-ը շեշտում է՝ ՄԱԿ-ն ունի պարտավորություն՝ պարենով ու դեղորայքով ապահովելու Արցախի ժողովրդին։ Նա հիշեցնում է, թե ինչպես էին միջազգային այս կառույցի ինքնաթիռները աշխարհի այս կամ այն անկյուն սնունդ ու դեղորայք, կենսական նշանակության ապրանք  հասցնում։

«ՄԱԿ-ն ունի այդ գործիքակազմը, որը չի կիրառվել ու չի կիրառվում։ Քանի որ երբ խոսում ես ու փորձում հասկանալ, թե  ինչի համար է այդ կառույցն  այդքան թույլ կամ ինչու՞  չի արձագանքում․ միշտ կա երկկողմանիությունը, որ այս կառույցը  պետք  է չեզոքություն պահպանի։  Բայց փաստ է, որ իրենց պահպանած չեզոքությունը մարդանց կյանքեր է խլում։ Ես էլ չունեմ հարցի պատասխանը, թե այս դեպքում որտե՞ղ մնաց մարդու իրավունքը»։

Ըստ միջազգային իրավունքի առաջնահերթ են մարդու իրավունքները, ոչ թե քաղաքական պայմանավորվածությունները՝ շեշտում է Արտակ Բեգլարյանը։ Նա նաև ընդգծում է, որ այս խնդիրները ունեն քաղաքական պատճառ։ Ու, եթե անգամ կարճաժամկետ հումանիտար խնդիրները լուծվում են, ապա միջազգային հանրությունը պետք է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկի նաև հակամարտության արդարացի ու ամբողջական կարգավորման համար

«Հիմա հրատապ կարիքներից մեկը օդային միջանցք բացելն է։ Մենք այդ օդային միջանցքի կարիքը միշտ ունենք, իսկ հիմա դա պարզապես կյանքի ու մահվան հարց է, պարզապես անհրաժեշտություն է։ Միջազգային իրավական գործիքները կան, միջազգային պրակտիկան կա։ Միջազգային հանրությունը ոչ միայն այդ լիազորությունները ու իրավունքները ունի, այլ նաև պարտավորություն ունի հումանիտար աջակցություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին՝ հենց օդային միջանցք բացելով»։ 



Եթե կան մեխանզիմներ, ինչու՞ դրանք չեն կիրառվում հարցին՝ Արտակ Բեգլարյանը պատասխանում է՝ քաղաքական շահերի, երբեմն նաև կոնֆլիկտը ոչ առաջնային համարելու, գերտերությունների միջև եղած  տարաձայնությունների, հակամարտությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև եղած հակամարտության պատճառով։

Արցախի պետնախարարի խորհրդականն ընդգծում է՝ նմանատիպ գործիքների կիրառումը նախընտրաբար ենթադրում է միջազգային կոնսենսուս՝ առաջնահերթորեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն