Միջազգային հանրությունը պետք է հանգիստ չունենա քանի դեռ հանգիստ չունի Արցախը․ Երևանում շարունակվել են բողոքի ակցիաները
ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի առջև 3 օր շարունակ նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը և իրեն միացած քաղաքացիներն ու իրավապաշտպանները Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդից պահանջում էին դուրս գալ ու ներկայացնել, թե ինչ է անում ՄԱԿ–ն ադրբեջանական հանցագործությունները կանխելու և դրանց հեղինակներին պատժելու համար։ Արտակ Բեգլարյանը շեշտում է՝ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վստահաբար վերջին դեպքն է, որ պաշտոնական Բաքուն նման սադրանքների է դիմում, ուստի պետք է միջազգային հանրության ուշադրությունը մշտապես պահել Հայաստանի ու Արցախի խնդիրների վրա։
«Մենք այստեղ ենք, ու ի դեմս ՄԱԿ–ի, ամբողջ միջազգային հանրությանն ենք պահանջներ ներկայացնում, իհարկե առաջնահերթորեն ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ երկրներին։ Մեր կարճաժամկետ պահանջն է՝ մի քանի օրվա մեջ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, բացել ճանապարհը, նաև օդային հումանիտար միջանցք բացել։ Իսկ ավելի երկարաժամկետ, մենք ակնկալում ենք, պահանջում ենք, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում այս բոլոր հարցերը քննարկվեն, Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերը քննարկվեն և լուծում տրվեն»,– ասում է Արտակ Բեգլարյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց պահանջները նաև գրավոր են փոխանցում միջազգային այդ կառույցին։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության անվտանգային դրույթները չեն պահպանվում, ուստի կարևոր է դրանք նաև միջազգային այլ մեխանիզմերով համալրելը։
«44-օրյա պատերազմից հետո ուժային բալանսը խախտված է և կան ձևավորված միջազգային համապատասխան գործիքներ, որոնք պետք է մեզ օգնեն կոմպենսացնելու այդ խախտված ուժային բալանսը՝ մեր ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ երկրները կարևոր դերակատարներն են, և հենց նրանց ուղարկված նամակներում այդ պահանջը կա, որ հարցը պետք է քննարկման առարկա դառնա անվտանգության խորհրդում և խաղաղապահ առաքելություն իրականացնողներին պետք է տրվի միջազգային մանդատ․ այլ տարբերակ ես չեմ տեսնում Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար»,– ասում է Արցախի ՄԻՊ–ը։
Ադրբեջանը ոչ միայն կեղծում է իրականությունը, այլև միջազգային հանրությանն ու մեդիային իր ստեղծած իրականությունն է մատուցում՝ նկատում է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա շեշտում է՝ անընդունելի է այն հանգամանքը, որ այսօր հայկական մեդիան ներկայացնող լրագրողները զրկված են դեպքի վայրում աշխատելու հնարավորությունից։
«ՄԱԿ–ի փախստականների գրասենյակը միակ կազմակերպությունն է, որի անունը նշված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչև հիմա ոտք չի դրել Արցախ։ Եվ սա միանշանակ ադրբեջանական քաղաքականության հետևանքն է։ Ես ուզում եմ, որ բոլորը հստակ իմանան, որ այս քայլերը միայն Արցախի դեմ չեն, սա նաև Հայաստանի ու հայկականության դեմ է»,– ասում է Թաթոյանը։
ՄԱԿ–ն ունի ոչ միայն փախստականների գրասենյակ, այլև հումանիտար հարցերը համակարգող ստորաբաժանում՝ հիշեցնում է Հայաստանի առաջին օմբուսդմեն Լարիսա Ալավերդյանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները առանձին դիմեն նաև հենց այդ գրասենյակին։
«Ես համոզված եմ, որ անհրաժեշտ է, որ մենք ճնշում իրականացնենք Մինսկի խմբի համանախագահող բոլոր 3 երկրների վրա, քանի որ որևէ մեկը դեռ պաշտոնապես չի լուծարել Մինսկի խումբը, որը ինքն իրեն անգործության է մատնել։ Մենք չպետք է զոհ դառնանք այն քմահաճույքներին, որոնք ունեն այդ պարտականություններ ունեցող երկրները»,– ասում է Լարիսա Ալավերդյանը։
Վաղ առավոտից բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացրել նաև արցախցի մի խումբ երիտասարդներ ու ուսանողներ։ Նրանց պահանջն ու պահանջի հասցեատերերը նույնն են․
«Այն պայմանները, որոնք պաշտոնական Բաքուն այսօր ստեղծել է Արցախում, արցախցի ժողովրդի համար, ենթարկելով ռազմական, էներգետիկ շրջափակման և ստեղծելով հումանիտար աղետ, ցեղասպանության ակնհայտ դրսևորում է»։
Սլավիկ Աղաբալյանը պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է։ Արդեն 4-րդ օրն է՝ առավոտյան Ստեփանակերտում շրջափակման մեջ գտնվող իր մայրիկից նրա որպիսությունն է հարցնում և ուսանող ընկերների հետ միանում պայքարին։
«Մաման ասաց, որ գազը քաղաքի որոշ մասերում արդեն տվել են, բայց որոշ տեղերում դեռ ոչ, ինչ վերաբերում է սննդին ու մյուս ռեսուրսներին, պետք է ասեմ, որ քաղաքում արդեն խնդիրներ կան, քանի որ աստիճանաբար արդեն ռեսուրսները սպառվում են»,– պատմում է արցախցի ուսանողը։
Ուսանողները վստահ են, որ իրենք կարող ուժ են ու պահանջատեր են։ ՄԱԿ–ից հետո նաև ԵՄ գրասենյակ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանատներ են տանում իրենց պահանջները․ չլռել, կանխել ու պատժել ադրբեջանական հանցագործությունները։