Չնայած միջազգային հանրության անտարբերությունը, Արցախը դեռ լիահույս է
Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ ադրբեջանական հանցագործությունների։ Օրեր շարունակ ՀՀ–ում գտնվող Արցախի քաղաքացիները՝ ուսանողներ, իրավապաշտպաններ միջազգային տարբեր կառույցների, դեսպանատների առջև ակցիաներ էին անցկացնում, պահանջելով ականջալուր լինել, կանխել արցախահայության նկատմամբ Բաքվի հանցագործությունները։ Այսօր արդեն բողոքի ակցիայի մասնակիցները պահանջագիր են հանձնել ՀՀ կառավարությանը, պահանջելով, որ գործադիրը ավելի գործուն քայլեր կատարի արցախահայության իրավունքները պաշտպանելու ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Մարիամ Հայրյանը հաստատ որոշել է՝ ամանորը Արցախում՝ ընտանիքի անդամների ու հարազատների հետ է տոնելու։ Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհին արդեն 4-րդ օրն է՝ դասընկերների հետ բողոքի ակցիաների է մասնակցում։ Մարիամի պահանջը, թե՛ որպես արցախցու, թե՛ որպես ապագա դիվանագետի, մեկն է՝ օր առաջ բացել կյանքի ճանապարհը։
«Արցախում գնալով կարիքները ավելի են շատանում, հենց առաջին օրվանից բենզինի խնդիր առաջացավ ու հիմա օր –օրի կարիքիներն ավելանում են։ Պետք է ամեն կերպ օգնենք 120 հազար արցախահայությանը, քանի որ իրենք իրոք մեր կարիքն ունեն։ Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, ու ես շատ ուրախ եմ որ ուսանողները միանում են մեր պայքարին»,– ասում է արցախցի ուսանողուհին։
Ուսանողները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում․ սկզբում Հայաստանում միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակության գրասենյակներ, Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ․․․ Այժմ արդեն պահանջի հասցեն այլ է․ պահանջագիր նամակ են փոխանցում Հայաստանի Կառավարությանը։ Ակցիայի մասնակից Աննա Դարբինյանն ասում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմերից մեկը Հայաստանն է, ուստի Երևանը համաձայնագրից բխող հստակ անելիքներ ունի։
«Հայաստանը հանդիսանում է և Արցախի և Հայաստանի ժողովուրդների երաշխավորը, անվտանգության պաշտպանը, ուստի, այս դրույթներից ելնելով, մենք պետք է պահանջատեր լինենք, որ կառավարությունը իր ձեռքերը չլվանա Արցախից այս հարցից և ինքն էլ պահանջատեր լինի, մասնավորապես՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդից»,– ասում է Աննա Դարբինյանը։
Ակցիայի մասնակիցները վստահեցնում են՝ իրենց բողոքի ձայնը չի լռելու քանի դեռ փակ է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։
Ուսանողները Կառավարության շենքից շարժվում են դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ, որտեղ գրեթե մեկ շաբաթ նստացույց է անում Արցախի պետնախարարի խորհրդական, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Բեգլարյանը վստահեցնում է՝ բողոքի ակցիաները ու հանրության ձայնը այն կարևոր մեխանիզմերն են, որոնք կարող են միջազգային հանրության ուշադրությունը գեներացնել Արցախի ու արցախահայության խնդիրների վրա։
«Ուրախ եմ, որ ՄԱԿ–ում հստակ գործընթացներ են տեղի ունենում և առաջիկա օրերին էլ մենք հստակ ակնկալում ու պահանջում ենք, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը արդեն բաց ձևաչափով առանձին թեմայով անդրադառնա հենց Արցախ–Հայաստան ճանապարհը բացելու խնդրին և հումանիտար այս աղետին»,– ասում է Բեգլարյանը։
Արցախում հումանիտար խնդիրները օր օրի սրվում են՝ արձանագրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Օմբուդսմենը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ ստեղծված իրավիճակում խախտվում են նույնիսկ իր իրավունքները՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի։
«Իրավիճակը շատ աբսուրդային է, երբ ժողովրդի կողմից մանդատ ստացած մարդը չի կարողանում իրացնել իր մանդատը․ ես հենց այդ ուղերձը հղեցի ՄԱԿ–ի և ԵՄ–ի և դեսպանատների առջև, որ տեսեք նույնիսկ իմ իրավունքը տեղում իրավիճակը փաստագրելու և հանրությանը ներկայացնելու խախտված է։ Իհարկե իմ թիմն Արցախում աշխատում է և ամենօրյա ռեժիմով ինձ անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցում են»,– մանրամասնում է Արցախի ՄԻՊ–ը։
Գեղամ Ստեփանյանը ընդգծում է՝ միջազգային հանրությունից ամենակարևոր պահանջը նաև օդային հումանիտար միջանցն է։ Սա կարող է գոնե մեղմել հումանիտար ճգնաժամը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ասում է՝ տարիներ շարունակ միջազգային հանրության անտարբերությունը տեսած Արցախն ու արցախահայությունը դեռ լիահույս են։