Այսօր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում էինք՝ երեխաների ամանորյա միջոցառումն էր։ Գևորգը անմահացել է 44-օրյա պատերազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:



«Ինչպես փոխանցեց մայրը՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, իր որդին՝ իր միակ զավակը, կամավոր է միացել հայրենիքի պաշտպանությանը։ 



Տիկին Նաիրայի խնդրանքով այսօր երեխաները պատրաստել էին բացառապես մանկական երգեր, հեքիաթներից, մուլտֆիլմերից հատվածներ, կերպարներ, պարեր։ Ոչ մի լալահառաչ-հայրենասիրական կոնտենտ, որ այդքա՜ն չի սազում փոքրիկ երեխաներին։

Եվ այն, որ այս մայրը մատաղ սերնդին չստիպեց իրենց՝ դեռ ամբողջությամբ չձևավորված լեզվով երգել հայրենիքի հանդեպ հեռավոր-անհույս սիրո, հայրենիքի համար մեռնելու, ողբալու, ասկյարներից չվախենալու, վրեժի ու բազմաթիվ այլ՝ դարերից եկած ձախողումների մասին, բոլորովին չի նշանակում, թե նա չի սիրում իր հայրենիքը։



Այդ նույն մայրը միջոցառումից հետո մեծահասակների հետ մենակ մնալով հետևալ բառերն արտասանեց.



- Ինձ համար հայրենիքն ու պետությունը նույնն են, ես հեռվի՛ց չեմ սիրում իմ հայրենիքը։

Առանց հայրենիքի հնարավոր չէ ապրել։ Եթե ես այսօր ապրում եմ, ուրեմն առանց զավակի հնարավոր է ապրել, բայց առանց հայրենիքի հնարավոր չէ ապրել։ Մենք պետք է կառուցե՛նք իմ Գևորգի երազած պետությունը, և ես ոչ թե պետք է ապրեմ այդ պետության մեջ, այլ ես պետք է դեռ աշխատե՛մ այդ պետության մեջ»,- գրել է Աննա Հակոբյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն