Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է մայրաքաղաքի 10 լավագույն մարզիկներին
Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը:
Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը, մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող Մալխաս Ամոյանը, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, բռնցքամարտի Մ23 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը, ձյուդոիստ, պատանիների աշխարհի առաջնության հաղթող, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Կարապետյանը, ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Հայկ Պապիկյանը և շախմատի Մ18 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը քայլեր է կատարում աշխարհի սպորտային քարտեզ վերադառնալու ուղղությամբ. «Շատ կարևոր էր, որ 2022 թվականին մենք Երևանում կարողացանք անցկացնել երկու խոշոր մրցում՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների և սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների և երիտասարդների առաջնությունները: Արդյունքներով պայմանավորված՝ Երևանում 2023 թ. նոյեմբերին կանցկացվի նաև սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մինչ այդ՝ ապրիլին, Երևանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային է: Սա ևս մեկ քայլ է դեպի վերադարձ աշխարհի սպորտային քարտեզ՝ որպես սպորտային երկիր, որպես երկիր, որը կարող է անցկացնել միջազգային խոշոր մրցումներ»:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է՝ մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունները շարունակական են, ծրագրերը՝ համակարգային, իսկ ապագա չեմպիոններ կերտելու համար համայնքն այսօր հարմարավետ պայմաններ է ստեղծում մարզական օջախներում:
«Սպորտային կյանքին ուշադրությունը շատ ավելի մեծ է լինելու, շատ ավելի մեծ է լինելու մեր ջանքը մարզադպրոցների նկատմամբ: Արդեն իսկ մեծ ծավալի շինարարություններ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև հանրապետության ողջ տարածքում: Գրեթե ամբողջովին հիմնանորոգվել է Շենգավիթի մարզադպրոցը, հաջորդ տարի պլանավորում ենք ևս մի քանի մարզադպրոցներ բերել արդիական տեսքի»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Աշխարհի ու Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Նախաձեռնությունը կլինի շարունակական: