Արմավիրում շինարարներն անբարեխիղճ են սուբվենցիոն ծրագրերում, թերությունները տեսանելի են
Արմավիրի մարզում ամփոփվել են կառարության համամֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերը: Մարզում դեռ ընթացքի մեջ են 2019-2021թթ համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը: Մշտադիտարկման արդյունքում աշխատանքներում հայտնաբերված թերությունները վերացվել են, իսկ անհնարինության դեպքում՝ կրճատել ֆինանսավորումը: 2022 թ. սուբվենցիոն ծրագրերն ուշ են սկսել և կշարունակվեն հաջորդ տարի:
Վերջին տարիներին Արմավիրի մարզի համայնքերում որոշակիորեն փոխվել է կյանքի որակը. բարեկարգվել են ճանապարհներ, կառուցվել խմելու ջրագծեր, փոխվել է կոյուղին: Ուշադրության կենտրոնում են նաև մշակույթի տները. քայքայումից պաշտպանելու համար առաջին հերթին հիմնանորոգում են դրանց տանիքները: Խոյ համայնքի Շահումյան գյուղի մշակույթի տունը ևս հիմնանորոգման կարիք ունի: Մերուժան Ղազարյանը գյուղի տարեցներից է։ Նա հիշում է, թե ինչպիսին էր մշակույթի տունը նախկինում։
«Շատ լավ հարմարություններով կուլտուրայի տուն էր: Ժամանակին այստեղ կազմակերվում էին համերգներ, ցուցադրվում՝ ֆիլմեր, թատրոն, ամեն ինչ կար: Դե, 1990-ականներից հետո, կարելի է ասել գյուղական մշակույթների տների մեծ մասն այս վիճակում է, ավիրվել է»:
Հիմա մշակույթի տան մի հատվածն է գործում. կոսմետիկ վերանորոգել են ու գյուղի երեխաների համար պարի, սպորտի խմբակներ բացել: Համյանքի վարչական ղեկավար Հարություն Նավասարդյանը լիահույս է, որ հաջորդ տարի համայնքապետարանը կանդրադառնա մշակույթի տան վերանորոգմանը.
«Հաջորդ տարի Խոյի համայնքապետարանը նախատեսել է մշակույթի տան տանիքի վերանորոգում: Ընթացքում ամեն ինչ արվելու է, որովհետև անբարվոք վիճակում է գտնվում և հաջորդ տարի Խոյ համայքի միջոցներով վերանորոգելու են: Ծրագիրն արդեն կա»:
Խոյ համայնքում այս տարի հաստատվել են շուրջ 1 մլրդ 600 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր. հիմնանորոգվելու են ոռոգման և խմելու ջրի ցանցերը, գազաֆիկացվելու են տները, բարեկարգվելու են ճանապարհները: Շահումյանի մշակույթի տան հիմնանորոգման խնդիրը կքննարկեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերով՝ ասում է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը.
«Մշակույթի տան մի մասը սեյսմիկ խնդիրներ ունի, իսկ մյուս հատվածում, որտեղ չկան սեյսմակայունության խնդիրներ, ընդգրկել ենք հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում և տանիքի նորոգման նախնական հայտ ենք ներկայացրել: Հայտը բավարարվել է, հիմա նախագծային աշխատանքների փուլում է, որից հետո վերջնական հաստատման կներկայացնենք 2023 թ ծրագրում ընդգրկելու համար»:
2022 թ Արմավիրի մարզում հաստատվել է 41 սուբվենցիոն ծրագիր՝ 147 ենթածրագրերով։ Դրանցից 103-ի աշխատանքներն են ընթացքի մեջ, քանի որ ծրագրերը հաստատվել են 2-3 ամիս առաջ: Ծրագրերում ընդգրկված է 77 համայնք, ընդհանուր բյուջեն գերազանցում է 9 միլիարդ դրամը: Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյան.
«Այս պահին 147 միավորված ենթածրագրերից շինարարությունը սկսվել են 103-ում: 31 օբյեկտում աշխատանքներն ավարտվել են, իսկ 22-ում՝ ավարտական փուլում են: Համայնքները վճարել են 51 ծրագրի դիմաց, իսկ կառավարություն՝ 32»:
Համայնքի ու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներում շինարարները հաճախ անբարեխղճ են գտնվել, անորակ գործ են արել: Մշտադիտարկման արդյունքում թերությունները վերացվել են՝ ասում է Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը.
«Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցումը ժամկետի մեջ էր, բայց տեղադրված հենասյուները շարժվել են ու բետոնապատ հատվածներում առկա էին ճաքեր: Թվով 25 հենասյուներ ապամոնտաժվել և նորից տեղադրվել են: Արաքս համայնքի Գայ բնակավայրի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ընթացքում հայտնաբերվել են պատերի, հատակի ու առաստաղի սվաղի ճաքեր: Թերությունները վերացվել են»:
Անորակ աշխատանք է արվել նաև Մեծամորի բազմաբնակարան երկու շենքերի տանիքների նորոգման ժամանակ. կանգնակները կառուցել են ճաքած տախտակներով, իսկ փայտե կոնստրուկցիաները ճիշտ չեն համակցել: Եթե թերությունները հնարավոր է եղել վերացնել, շինարարին վճարել են, իսկ շտկումների անհնարինության դեպքում՝ ոչ: Այդպիսի օրինակ կա Արմավիր քաղաքում: Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյան .
«Սայաթ-Նովա փողոցի Հանրապետություն-Ջիվանի հատվածի երթևեկելի մասը չի ընդունվել և ծրագրի արժեքից մոտավորապես 8 մլն դրամ շինարարին չի վճարվել: Շինարարը չի կարողացել կատարել նախագծով նախատեսված աշխատանքը, այդ թվում նաև ջրահեռացումը»:
Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ շինարարներին համեմատաբար քիչ են վճարել նաև անորակ ու ծավալները կրճատած աշխատանքների դիմաց: Այս տարի մարզում շարունակվել են 2019, 2020 և 2021 թթ-ին չավարտված ընդհանուր թվով 34 սուբվենցիոն ծրագրերը, որոնցից 22-ը դեռ ընթացքի մեջ են: