Ընդամենը օրեր առաջ Երևանում ավարտվեց 20-րդ Մանկական եվրատեսիլը։ Մանկական հրաշքը պտտվեց–պտտվեց ու հազարավոր մարդկանց, այդ թվում՝ մայրաքաղաքի արտասահմանցի հյուրերին երաժշտական մեծ տոն պարգևեց։ Քաղաքային իշխանությունները ու մրցույթի կազմակերպիչները դեռ աշնանն էին հայտարարել, որ երաժշտական այդ մրցույթն անմոռանալի է լինելու։ Եվրատեսիլյան տպավորությունները դեռ թարմ են, բայց 2022 երևանյան մշակութային հուշագրության մեջ սա միակ համաշխարհային իրադարձությունը կամ աստեղնային պահը չէր։ «Ռադիոլուրը» փորձել է ամփոփել ու 5։43 րոպեում պատմել՝ 2022-ի երաժշտական կյանքի մասին։



«Ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ․․․»

Դեռ 2022–ի տարեսկզբին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու հենց իր facebook–յան պաշտոնական էջում հայտարարեց՝ Երևանում համերգի է պատրաստվում ֆրանսիացի աշխարհահռչակ երգիչ Գարուն։



«Իմ ազգանունը Գարան է, ոչ թե Գարանյան, բայց ես սիրում եմ Հայաստանը»,- Երևանում նշեց երգիչը և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև Շառլ Ազնավուրի երգերից կատարեց ։ 2022–ի ապրիլին կայացած համերգը Գարուի հայաստանյան երկրորդ մենահամերգն էր։



«Շատ հուզված եմ, որ Շառլի հայրենիքում եմ. պարտավորված եմ զգում»

Ֆրանսիական շունչը համերգային բեմերում էր նաև ամռանը։ Հենց այդ ժամանակ  երևանյան տապը էլ ավելի թեժացրեց ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Զազը։ Խոսեց հայերեն, երգեց հայկական դուդուկի նվագակցությամբ, սիրեց Հայաստանը ու խոստացավ վերադառնալ։ Համերգի կազմակերպիչ «Հայա» փառատոնի ներկայացուցիչներն ամփոփելով համերգն, ասում էին, որ միայն Զազի մենահամերգին մասնակցելու համար ամռանը Հայաստանը հյուրընկալել է հարյուրավոր երաժշտասերների Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ղազախստանից , նաև Եվրոպական երկրներից։



«Ես առաջին հիփ-հոփ կատարողն եմ, որը ելույթ է ունենում Երևանում՝ Հայաստանում։ Ես կվերադառնամ»:

Երևանը դեռ «Je veux» էր երգում, երբ 50 cent–ը ողջունեց հայ հանդիսատեսին։

Աշխարհի լավագույն ռեփերից մեկին մայրաքաղաքն ընդունեց խելահեղ էներգետիկայով ու չդադարող ծափահարություններով։ Երգիչն էլ իր սոցցանցերում պատմեց Հայաստանի մասին ու խոստացավ վերադառնալ։




Երաժշտական մեգաամառը եզրափակվեց  Led Zeppelin Symphonic–ը London West End խմբի մատուցմամբ։ Խմբի անդամներն առաջին անգամ էին Հայաստանում: Նրանք հայերեն շնորհակալություն էին հայտնում հանդիսատեսին ջերմ ընդունելության համար, պարբերաբար պատմում էմոցիանալ պատմություններ իրենց գործունեության և Led Zeppelin-ի լեգենդների մասին:



Սիմֆոնիկ համերգից հետո «Հայա» փառատոնը խոստացավ վերադառնալ աշնանը։ Երաժշտական աշունը մեկնարկելու էր աշխարհահռչակ փոփ–աստղ Քրիստինա Ագիլերայով։

Սեպտեմբերի13-14-ի ադրբեջանական ագրեսիան ոչ միայն խարխլեց մեր երկրի հարաբերական խաղաղությունը, այլև հետաձգեց համերգային ծրագրերը։ «ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով Հայաստանի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին հետաձգել Քրիստինա Ագիլերայի երևանյան համերգը: Փոփ–աստղը իր սոցիալական էջերում գրեց՝ հնարավորության դեպքում կհայտարարեն համերգի նոր ամսաթիվը։ Շատերը որոշեցին վերադարձնել տոմսերը շատերը դեռ անհամբեր սպասում են Ագիլերայի մենահամերգին։ Կազմակերպիչներն էլ խոսում են միայն հավանական ամսաթվերի մասին և առաջարկում են երգչին սպասել 2023-ի գարնանը։

«Ուրիշ աշխարհ» Հայաստանում

2022-ի աշունը Հայաստանում մեկնարկեց Գիտության, արվեստի ու երաժշտության համադրությամբ։ «Սթարմուս» միջազգային փառատոնի շրջանակում Երևանյան հանդիսատեսի համար ելույթ ունեցավ Queen («Քուին») խմբի կիթառահար Բրայան Մեյը։ Ռոք աստղը Տավուշի թեմի մանկապատանելան երգչախմբի հետ առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրեց Another World («Ուրիշ աշխարհը») երգը։ Համերգի հատուկ հյուրը Սերժ Թանկյանն էր։



«Պտտի՛ր հրաշքը»

Դե ինչ․․․ 2022-ը Հայաստանում ամփոփվեց ամենամասշտաբային ու մոգական Մանկական Եվրատեսիլով։ Ավելի քան մեկ տարի նախապատրաստվելուց հետո, Երևանը հյուրընկալեց 20-րդ հոբելյանական մրցույթը։ Հայաստանի պատվիրակ Նարեն հրաշալի կատարումով 2-րդ հորիզոնականում էր, իսկ հաղթական հրաշքը Երևանից ուղևորվեց, կամ ավելի ճիշտ՝ վերադարձավ Ֆրանսիա։



«Ռադիոլուրի» դիտանկյունից երաժշտական ու համերգային անցնող տարին այսպիսին էր։ 2023-ը նույնպես խոստանում է լեցուն լինել անակնկալներով, հայտնի ու անհայտ նոր հնչյուններով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն