Հայաստանի ներկայությունը տիեզերքում ապահովելու համար երկու տարի առաջ ընդունվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքը։ Ըստ այդմ՝ սահմանվեց՝ ի՞նչ է տիեզերական գործունեությունը, ի՞նչ սկզբունքներով է այն իրականացվելու, և ի՞նչ անելիքներ ունի կառավարությունն այս բնագավառում։ Նաև հարկային արտոնություններ սահմանվեցին  գործունեության որոշ տեսակների, օրինակ՝ տիեզերական օբյեկտների արձակման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների մշակման ու հաղորդման համար։ Այդ օրենքի հետ կառավարությունը ոլորտի զարգացման հույսեր է կապում։ Նաև տիեզերական գործունեության ռազմավարություն է մշակվել, որն անցել է հանրային քննարկման փուլը և այժմ  ներկառավարական շրջանառման մեջ է գտնվում։ Արդեն տիեզերք է ուղարկվել առաջին հայկական արբանյակը։ Այժմ մտածում են երկրորդի մասին։  Ամփոփ ներկայացնենք Հայաստանի տիեզերական գործունեության առաջին քայլերը։

Մարտ․ սեղանին տիեզերական առաջադրանք է

«Ad astra» ինժեներական խմբակի տիեզերքի պատանի հետազոտողները դեպի աստղերը տանող առաջադրանքի լուծումներն են որոնում։ «Այբ» դպրոցը ներկայացնող այս թիմը գարնանը հաղթել էր Քեմուրջյանի անվան Տիեզերքի համաերիտասարդական մրցույթում։

Ինժեներական խմբակի անդամ Իրինա Մելքոնյան․



Իրինա Մելքոնյանը

«Որոշեցինք մասնակցել, որովհետև տարվա ընթացքում պետք է պարտադիր նախագիծ ներկայացնենք և քանի որ երկու տարի առաջ ինժեներական ակումբում «Ad astra» անունով նախագիծն էինք սկսել և այն պետք է ստրատոսֆերա թռներ, բայց քովիդի պատճառով նախագիծն ավարտին չհասցրեցինք և որոշեցինք, որ այս մրցույթը լավագույն հնարավորությունն է մեր ուժերը տիեզերքում փորձելու համար»։ 

 «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի ուսուցիչ Վազգեն Գաբրիելյան․

«Գործընթացին թիմը բարձր պատսախանատվությամբ է մոտեցել, աշխատել է համառորեն և  չհանձնվելով, այսինքն՝ չնայած դժվարություններին տարբեր բարդության խնդիրներ են լուծվել և ներկայացվել հանձնաժողովին, որպես պատրաստ սարք, որը հնարավոր է տիեզերք թռցնել»։



Վազգեն Գաբրիելյանը

Մոտ 200 գրամ կշռող սարքը 125 կմ բարձրությունից 2 րոպեում հազարավոր տվյալներ է փոխանցել Երկիր։ Տիեզերական թռիչքի երկու րոպեներին  ամիսների երկար ու ձիգ  աշխատանք է նախորդել։

«Ad astra» ինժեներական խմբակի անդամ Անդրե Վարդանյան․

 «Վերլուծելու ենք այդ տվյալները և թռիչքի մասին մանրամասներ ենք իմանալու։ Հետո կարող ենք դրանք համեմատել հենց հրթիռի տվյալների հետ և հետագայում մի սարք կստանանք, որը կկարողանանք ոչ միայն հրթիռներում տեղադրել, այլև ԱԹՍ-ներում, ինքնաթիռներում, ավտոմեքենաներում։ Բազմաֆունկցիոնալ սարք է դառնում»։ 



Անդրե Վարդանյանը

 «Այաս» թիմի անդամ Արեգ Գրիգորյան․

 «Շատ կարևոր է հենց արբանյակ ունենալը։ Դա մեծ քայլ է ցանկացած երկրի համար։ Մեր համար էլ արբանյակ ունենալու առաջին քայլը սա է, պետք է անել, բոլորն էլ այստեղից են սկսել, հիմա էլ մենք սկսելու հնարավորությույուն ունենք, ինչու՞ չսկսենք»։



Ապրիլ․ սեղանին ռազմավարություն կա

Մինչ պատանիները աշխատում են հայկական եռագույնը տիեզերքում «ծածանելու» ուղղությամբ, ԲՏԱ նախարարությունը խոստանում է՝ Հայաստանը տիեզերքում կհայտնվի սպասվածից ավելի շուտ։ Ռազմավարությունը սեղանին է, բայց փաստաթղթի տեսք դեռ չի ստացել։ Դրանով առաջնահերթ նախատեսվում է ազգային տիեզերական արդյունաբերություն ունենալ։ Այս մասին դեռևս ապրիլին «Ռադիոլուրին» հայտնել էր ԲՏԱ նախարարի արդեն նախկին խորհրդական Հայկ Ասլանյանը։

«-Երբ ասում ենք Հայաստանը տիեզերքում, մարդիկ երբեմն դժվարությամբ են ժպիտը թաքցնում։ Դուք իսկապե՞ս այս ամենն իրատեսական եք համարում։

-Ես համոզված եմ, որ իրատեսական են, որովհետև արդեն հաջողված քայլեր ունենք։ Ժպիտը շուտով կվերափոխվի ուրախության, երբ մարդիկ լսեն արդյունքների մասին»։



Հայկ Ասլանյանը

Ինչի՞ կամ ու՞մ հետ են կապվում հիմնական հույսերը։ Ժամկետեր չեն նախանշվում, բայց նախարարության ներկայացուցիչը վստահեցնում էր՝ երազանքները, սկսած սեփական արբանյակ ունենալուց, իրատեսական են։

«Մեր ռազմավարությունում դուք կտեսնեք նման կետեր, և բավականին շուտ կտեսնեք քայլերի արդյունքները։ Քայլ առ քայլ կհասնենք դրան։ Ճիշտն ասած՝ արդեն 2022 թ-ն է, և՛ արբանյակ ունենալը, և՛ արտադրությունը բավականին իրատեսական է, որովհետև տեխնոլոգիաները փոխվում են, եթե առաջ բոլոր արբանյակները գեոստացիոնար էին  ու 36 հազար կմ հեռավորության վրա էին գտնվում երկրից, այժմ տեխնոլոգիաները փոխվել են, և արտադրվում են ցածր ուղեծրային արբանյակներ, որոնք բավական թեթև են, կոմպակտ և ավելի մատչելի են գնային առումով»։

Մայիս․ ARMSAT-1-ը տիեզերքում է

Շաբաթներ անց ժպիտը վերափոխվեց ուրախության, ուրախությունը՝ շահարկումների։ Մայիսի 25-ին ԱՄՆ-ից, իսպանական SATLANTIS ընկերության հրթիռով Հայաստանը տիեզերք «գործուղեց» առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը։ Հաջող մեկնարկից հետո իսպանական ընկերությունը, հայտարարեց, որ համաձայն է Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրել Հայաստանին։  Տվյալներ արդեն իսկ ստացվել էին, որոշվել էր դրանք հրապարակել սեպտեմբերին Երևանում անցկացվող «Սթարմուս» գիտական փառատոնի ընթացքում։ Սակայն դա իրականացումը հետաձգվեց։ Պատճառների մասին ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մանթաշյանն է խոսում․



Գևորգ Մանթաշյանը

«Աշխատում է, լուսանկարներ կան, բայց չենք կարծում, որ այն, ինչ որ արել ենք ժամանակին ոչ այդքան բարձրաձայնելով, հիմա կարիք ունի, որ շարունակենք դրա մասին շարունակաբար բարձրաձայնել։ Կան պատճառներ։ Այսքանով կսահմանափակվեմ։ Գիտենք, որ կա, աշխատում է, գործողություններ կատարում է։ Չգիտեմ՝ ինչու է պետք ավել բան իմանալ։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, իրենք կիմանան»։

Իսկ նախագծի հետ չաշխատող, սակայն թեմայով հետաքրքրվող հանրությունն այս մասին տեղեկացավ ավելի ուշ՝ նոյեմբերի 18-ին։ Պարզվեց, որ արբանյակից արված առաջին լուսանկարները լայն հասարակությանը հասանելի չեն լինի։



Ռոբերտ Խաչատրյանը

Դրանք կպահվեն սերվերներում և ըստ անհրաժեշտության կտրամադարվեն գործընկեր կառույցներին։ Այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոն կառուցելու ուղղությամբ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասում է, որ կենտրոնը հնարավորություն կտա  արբանյակը կառավարել Հայաստանից։

«Այն ոլորտները, որոնք հայտարարվել են, որ արբանյակ կիրառվելու է, բոլորը իրատեսական են։ Մենք տրամադրում ենք գործիք, որի կարողությունները, հզորությունները իմանալով, մեր գործընկերները կարող են օգտագործել այդ գործիքը ըստ անհրաժեշտության, իրենց խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեսաք, արդեն որոշակի նկարներ ստանում ենք, և ամեն մեկն իր կիրառումը կգտնի»։

Ինչի՞ է ընդունակ ARMSAT-1-ը

«Այաս» տիեզերագիտական ընկերության հիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանն ասում է, որ ակնկալված աշխատանքն իրականացնելու տեխնիկական հնարավորություններ «Գեոկոսմոսն» արդեն իսկ ուներ։ Այժմ դրանք հարմարեցվելու  կամ նորերն են ստեղծվելու հենց այս արբանյակի պարամետրերին համապատասխան, կառավարումն ամբողջությամբ հայ մասնագետների ձեռքը վերցնելու համար։ Գրիգորյանի խոսքով՝ արբանյակի կառավարման կենտրոնի, ընդունիչ կայանի և մասնագետների պատրաստման համար ավելի քիչ ռեսուրս է անհրաժեշտ, քան բուն արբանյակը գնելը։ Իսկ շարունակական ծախսեր, որպես այդպիսիք, կլինեն ստացված տվյալների մշակման ժամանակ։

«Շարունակական ծախսեր կլինեն հետագայում ստացված տվյալների մշակման հետ կապված, որի համար ավելի բարձրորակ մասնագետներ են պետք։ Նրանք ևս կան Հայաստանում, հիմա այդ պատկերների մշակման ուղղությունը Հայաստանի ՏՏ ոլորտում զարգանում է։ Տեխնոլոգիաներով հնարավոր կլինի այդ նկարներից մեզ հետաքրքրող ինֆորմացիան առավելագույնս քաղել։ Ի վերջո, այն նկարները, որոնք կարվեն Հայաստանի տարածքից դուրս, կարող են վերաբերել այլ երկրների, նաև վաճառվել դրանց։ Այսինքն՝ այդ շարունակական ծախսը կարելի է այդ եկամուտով վերադարձնել, նույնիսկ եկամուտ  ունենալ»։



Ավետիք Գրիգորյանը

Մասնագետները հուսով են, որ արբանյակի փոխանցած լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում։ Արդյոք հնարավո՞ր է սահմանների հսկողություն ARMSAT-1-ի  2 մետր լուծաչափով արբանյակի դեպքում: Ավետիք Գրիգորյանի խոսքով, ավելի հանրամատչելի ձևակերպմամբ, 2 մետր լուծաչափն արբանյակի տեսողության սրությունն է։ Այս դեպքում, հաշվի առնելով արբանյակի գնի և քաշի հարաբերությունը, արդյունավետ ցուցիչ է․

«Երկու մետրը  նշանակում է, որ եթե, օրինակ, մարտական մեքենա կա, որն այդ չափերը չի գերազանցում, ապա դա պատկերի մեջ երևալու է որպես մի կետ, որի մեջ մանրամասներ չկան, այսինքն, մեկ պիքսել։ Դա նշանակում է՝ դու չես հասկանա, դա պարզապես  ինչ-որ   փայտի կտոր է, թե ռազմական մեքենա։ Բայց կան դիրքերի ամրապնդման հետ կապված գործողություններ, շինարարական, կառուցապատում և այլն, որոնք արդեն ավելի մեծ մասշտաբների հետ են կապված, դրանք երևում են»։

Տիեզերական դաշտի խաղացողները

Տիեզերական ոլորտի առաջխաղացման համար ԲՏԱ նախարարությունը մինչև 200 մլն դրամի դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել։ Արդյունքում՝ 50 մլն դրամ էր հատկացվել «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերությանը՝ արդեն այս տարի աերոտիեզերական (Clean Room) և ինժեներակոնստրուկցիոն լաբորատորիաներ և վակուումային խցիկ ստեղծելու համար։ Ծրագրված են նաև դասընթացներ՝ աերոտիեզերական սարքավորումների, դրանց գործարկման և աերոտիեզերական ճարտարագիտության ուսուցում։ Ընկերությունը խոստանում է շուտով խոսել արդյունքներով։

Հույսեր են կապվում մեկ այլ կազմակերպության հետ ևս․ «Գեոկոսմոսը» տիեզերական հարցերով զբաղվող դեռև միակ լիցենզավորված ընկերությունն է Հայաստանում։ 2017-ին ՊՆ ստեղծած «Գեոկոսմոսն» այժմ ԲՏԱ նախարարության ենթակայության տակ է։ Ընկերության ու դրա անելիքների մասին «Ռադիոլուրին» պաշտոնապես ոչինչ չեն պատմում․ ասում են՝ դեռ պայմանագիր չեն կնքել։ Բայց հայտնի է, որ ընկերությունը զբաղվում է երկրի հեռահար զոնդավորմամբ։ Դեռ 2017-ին  կառավարությունից 300 մլն դրամ է ստացել է ընդունիչ կայանի արդիականացման, շահագործման և տարածքի վերանորոգման համար:



Թոմաս Հերնանին

Հայաստանում պետք է արթնացնել արդյունաբերությունը՝ կարծում է Տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող իսպանական SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանին։ Գիտմականի խոսքով՝ երկարաժամկետ ծրագրեր են նախատեսում իրականացնել։ Առաջին քայլն արված է, արբանյակը թողարկվել է տիեզերք։

«Բացի առաջին քայլից երկարաժամկետ պլաններ ունենք, որոնք հաջորդ քայլերը կլինեն, մասնավորապես՝ հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկարաժամկետ և մեծածավալ ծրագրերը պետք է համադրելի լինեն առօրեական կտրվածքով մուտքային տվյալների և ռեսուրսների ներգրավման հետ։ Սա երկարաժամկետ ծրագիր է, և պետք է համբերությամբ լցվել, որովհետև սրա համար արդյունաբերությունը պետք է արթնացել։ Թեև Հայաստանում օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության արտադրության նախագծեր և կարողություն եղել է, այն որոշակի ժամանակ քնած էր և հիմա պետք է նորից հառնի»։ 

Հավակնությունը՝ հայկական արտադրության առաջին արբանյակ

Կառավարման կենտրոնի բացումը շատ չի սպասեցնի։ Ավարտական փուլում են։ Տիեզերք արձակված առաջին հայկական արբանյակից հետո Հայաստանը մտածում է նաև երկրորդի մասին, որը կարող է լինել սեփական արտադրության: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի հավաստիացմամբ՝ երկրորդն էականորեն կտարբերվի առաջինից ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլև նրանով, որ և նախագծման, և , ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլև՝  հայկական արտադրության առաջին արբանյակը։

Արբանյակ՝  արբանյակից առաջ

Մինչ նախարարությունը տիեզերքում իր ներկայությունն ամրագրելու և երկրորդ արբանյակ ունենալու ուղիներ է փնտրում, Հայաստանի Տիեզերքի թանգարանում խնամքով պահում են խորհրդային անցյալի արդյունքները։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ թանգարանային նմուշի վրայից փոշին մաքրելն ափսոս է․ դրանք հասել են տիեզերք ու վերադարձել՝ աստղափոշով պատված։

 Թանգարանի խորհրդի անդամ Կարեն Բայրամյանը «Պրոցիոն» խցիկի մասին է պատմում, որը խորհրդային «Կոսմոս 309» արբանյակով բաց տիեզերք է հասել։ Հայ գիտնականների ստեղծած այդ սարքը  «սեփական աչքով» է որսացել տիեզերական ճառագայթները, ապա վերադարձել Երկիր։



Կարեն Բայրամյանը

«Իրավամբ, կարելի է համարել հայկական առաջին արբանյակը, որ 1968թ-ին է արձակվել։ Դուք գիտեք, որ այսօր շատ պետություններ միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ իրենց արբանյակն ունենան։ Հայ ժողովուրդը 1968-ին հայ գիտնականների շնորհիվ, հանձին Գրիգոր Գուրզադյանի, ստեղծեց տեսախցիկ, որը տիեզերք արձակվեց այն ժամանակ, երբ մարդը նոր էր դեպի տիեզերք քայլեր կատարում»։

Դեռ 1962-ին տիեզերքում 500 կմ անցավ ու հաջող վերադարձավ նաեւ K-2-ը՝ հրթիռային աստղադիտարանի վայրէջքային սարքը։ Խորհրդային  Հայաստանի  հրթիռային տեխնիկան շատ ավելի առաջադեմ էր, քան այդ շրջանի եվրոպականը։ 



«Սա այն առաջին ունիկալ նմուշներից է, որը տիեզերագնացները կիրառել են տիեզերք ուղարկված տեխնիկան վերադարձնելու նպատակով։ Պատված է եղել հրակայուն նյութով, իսկ վայրէջքի ժամանակ, անցնելով մթնոլորտային շերտերով, շիկացել է 5-6 հազար աստիճան։ Այս կարմիր-սև հատվածը շիկացման արդյունքում գունափոխված մասերն են։ Սպիտակ, հրակայուն նյութը, որով պատված է եղել,  սարքը կարողացել է ապահով պահել ներսում գտնվող թե՛ մարդկանց, թե՛ տեխնիկան։  Նմանատիպ սարքով վայրէջք է կատարել առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը»։

Տիեզերքի թանգարանում ցուցադրվում են բնօրինակներ, այն էլ տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի։ Դրանք բացառիկ պատմա-փաստագրական արժեք ունեն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն