ԱՀ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչը Մարտակերտի գյուղերում քննարկել են առկա խնդիրները
Այսօր՝ հունվարի 5-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչը այսօր՝ հունվարի 5-ին, հանդիպել են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն, Կուսապատ, Վարդաձոր, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Մաղավուզ համայնքների բնակիչների հետ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Նա անհրաժեշտություն է համարել ստեղծված իրավիճակի, զարգացումների և խնդիրների լուծման վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումը բնակչությանը՝ խուսափելու հակառակորդի կողմից տարածվող կեղծ, սադրիչ, ապատեղեկատվությունից:
Պատգամավորի խոսքով՝ բնակչությունը պատրաստ է դիմակայելու և միակամ՝ պայքարելու հարցերում: Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդն ամուր է կառչած իր հող ու ջրին և մտադրություն չունի իր պայքարից քայլ անգամ ընկրկելու:
Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում ընդգծել են, որ շարունակելու են քաղաքացիներին իրազեկել ձեռնարկվող բոլոր քայլերի մասին, իսկ արդարության սկզբունքը պարտադիր է բոլորի համար:
Նրանց համոզմամբ՝ առկա խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարվելու են միասնական ջանքերով:
Համայնքների բնակչներն էլ հանդիպումներին անդրադարձել են իրավիճակով պայմանավորված խնդիրներին, բարձրաձայնել իրենց հուզող հարցերն համատեղ քննարկել դրանց լուծման տարբերակները: