Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը. ԱՍՀՆ-ն և «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում խնամատարության ինստիտուտի կայացումը, ընդլայնումն ու զարգացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հուշագրի շրջանակում պետության կողմից ֆինանսավորվող և ծառայություններ տրամադրող խնամատար ընտանիքներին աջակցելու և հզորացնելու նպատակով՝ Տավուշի և Կոտայքի մարզերում կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը հետագայում կիրականացվի նաև այլ մարզերում։ Խնամատար ընտանիքում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական սոցիալական ծրագիր, որի շրջանակում վերջիններիս կտրամադրվեն կարիքահենք ծառայություններ՝ կրթական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական աշխատողի, լոգոպեդի և այլ ուղղություններով։
Արդյունավետ, թիրախային և գնահատված կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման, մասնագիտական և տեխնիկական հնարավորությունների զարգացման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ապահովելու գործընթացներում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կառուցողական և շարունակական փոխգործակցության դերը»,- նշված է գրառման մեջ։