Հայաստանի երկնքում օդանավ շահագործելու ցանկությունը կկարողանան բավարարել միայն լավ հեղինակություն ունեցող ավիաընկերությունները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում այսօր «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկն էր։ Ավիացիայի ոլորտը համակարգող փոխանախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ պետությունն այս պահին իրավունք չունի մերժել վատ հեղինակություն ունեցող անձանց լիցենզիայի տրամադրումը կամ դարդարեցնել նրանց լիազորությունները։ Փոփոխության դեպքում պետությունն այսուհետ այսպես կվարվի․

«Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում՝ որպես կարևորագույն պահանջ, դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որի հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամարդւոմը կամ տրամադրված իրավունքի պարագայում դադարեցնել այն»։

Հայտը կարող է մերժվել կամ արդեն գործող վկայականը չեղարկվել, եթե պարզվի, որ ընկերության խորհրդի անդամը, տնօրենը, խոշոր բաժնետերը կամ նրանց ընտանիքի անդամները ունեն վատ հեղինակություն։ Առաջարկվող փոփոխությունը իրավական ձևակերպում է տալիս նաև սուբյեկտիվ ընկալման լայն դաշտ ստեղծող «վատ հեղինակություն» արտահայտությանը։



Այսպիսով՝ դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող, դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված, սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը ներառվում է այս կատեգորիայում։ Վատ հեղիանակություն ունեցող անձ է համարվում նաև միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը, նա, ով նախկինում ունեցել է օդանավ շահագործելու վկայական, սակայն որի գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով:



«Բոլորս հիշում ենք, որ ավիաընկերությունը ստացավ օդանավ շահագործողի վկայական, և օդանավը ՀՀ բերելու փոխարեն այլ ուղղությամբ տարավ։ Հետո Կառավարության ջանքերով օդանավը հետ վերադարձավ։ Մենք ունեինք բազմաթիվ կասկածներ, շատ փաստեր կային, այդ թվում լրատվադաշտում, որ այդ ավիաընկերության հետ կապակցված մարդիկ տարբեր գործարքների մեջ են եղել այլ պետություններում, բայց որևէ իրավական հիմք չունինք, որ օդանավ շահագործողի վկայականը չտրամադրեինք։ Իրենք ամբողջությամբ տրամադրել էին այն փաստաթղթերի փաթեթը, որոնք անհրաժեշտ էին վկայական ստանալուն ու ստացել էին»։ 

Փոխնախարարի հիշեցրած դեպքը վերաբերում էր 2022-ի օգոստոսին հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռին, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, և Հայաստան տեղափոխվելու փոխարեն տեղափոխվեց Սուդան։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատում է՝ «սանկցիան» կիրառվում է ոչ թե ընկերության, այլ անձի վրա։ Թունյանն այստեղ խնդիր է տեսնում․

— Պատկերացրեք՝ X ընկերությունը ունի օդանավ շահագործելու թույլտվություն ու որոշում է ֆոնդային բորսայում իր բաժնետոմսերի 51 տոկոսը վաճառի Y ընկերությանը, ինչի մասին Հայաստանը ոչինչ չգիտի, գործարքը տեղի է ունենում, նոր իմանում են։ Պարզվում է, որ այդ Y ընկերությունը վատ հեղինակություն ունի։ Մինչև այդ ինֆորմացիան ճշտվում է, մինչև որոշվում է՝ ինչ որոշում կայացվի, իսկ հաշվի առնելով պետական համակարգի գործողությունների արագությունը, դա կարող է տևել ամինսեր, այդ ընթացքում՝ Կարող է Y ընկերությունից բաժեմասը ձեռք բերի Z ընկերությունը, որը ունի նորմալ հեղինակություն։ 

— «Ավիացիայի մասին» օրենքով 51 տոկոսը պետք է հայկական ռեզիդենտ անձ կամ կազմակերպություն լինի, որը ընկերության բաժնեմասերի տերը պետք է հանդիսանա, այսինքն՝ վաճառքի գործարքը պետք է կոմիտեին տեղեկանցնելով լինի։ Եթե նույնիսկ նկարագրածը տեղի ունենա, ընկերության չվերթները կասեցվելու են․ մինչև համապատասխան վերլուծություն չարվի ու հասկացվի, թե ինչ է տեղի ունեցել։

Հանձնաժողովը՝ առանց բացակաների, միաձայն հավանություն տվեց նախագծին։ Առաջիկայում այն կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն