Գրեթե վեցամսյա դադարից հետո ԱԺ-ում կրկին շրջանառվում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը: Այն ներառված է հունվարի 13-ի ԱԺ խորհրդի օրակարգում: Նախագծերը վերաբերում են «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 22-ին: ԱԺ խորհուրդը դեռ պետք է որոշի՝ այդ պատգամավորներին մանդատից զրկելու հարցով դիմելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ:

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերսկսված գործընթացին զուգահեռ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Լաչինի միջանցքի արգելափակմանն վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունել:

ԱԺ այս տարվա առաջին նստաշրջանը սկսվելու է հունվարի 16-ին: Խորհրդարանական մշտական հանձնաժողովներում արդեն ձևավորվում է նստաշրջանի օրակարգը: Այն ԱԺ խորհուրդը պետք է հաստատի հունվարի 13-ին: Խորհրդի օրակարգում նաև ներառված են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշումների նախագծերը, նույն օրը՝ հունվարի 13-ին, ընդդիմությունը խորհրդարանում հանդես է գալու այլ նախաձեռնությամբ: 

«Հայաստան» խմբակցությունն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին պատրաստվում է ներկայացնել ԱԺ հայտարարության նախագիծ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու առնչությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե Ազգային ժողովը խստորեն դատապարտում է 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:

Հայտարարության տեքստի նախագծում նաև կոչ կա միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերը ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ: Ընդդիմադիր պատգամավորներն առայժմ ձեռնպահ են մնում այս նախագծի մասին խոսել, քանի դեռ չգիտեն փաստաթղթի քննարկումն ինչ ընթացք կստանա հանձնաժողովում:

Այլ հարթությունում է խորհրդարանում զուգահեռ ընթացող մյուս՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու «թարմացված» գործընթացը: Ի տարբերություն նախորդ փորձի, երբ մանդատից զրկվողների թվում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն էին, այս անգամ հարցը վերաբերում է բացառապես «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: 29 հոգանոց խմբակցությունից մանդատից զրկվելու վտանգը սպառնում է 22-ին: Հարցը, սակայն, քննարկվելու է ոչ թե փաթեթով, այլ առանձին: Օրակարգում 22 անհատական որոշման նախագիծ է՝ ՍԴ դիմելու օրենսդրական հիմնավորմամբ:

ԱԺ նախագահի պարզաբանմամբ՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների հարցը, ըստ էության, ավտոմատ կերպով է մտել ԱԺ խորրդի նիստի օրակարգ: Վստահցնում է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հատուկ քաղաքական միտում չկա: Ամեն դեպքում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը սա գործիք է համարում, որով իշխանությունը փորձում է հետապնդումը շարունակել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:



«Խորհրդի նիստին, ըստ օրենքի, կարող է մասնակցել յուրաքանչյուր պատգամավոր, որի հարցը քննարկվում է և կարող է ունենալ համապատասխան ելույթ կամ խոսք: Մենք չենք մասնակցելու այդ նիստին, ինչ ուզում են, թող որոշեն: Ըստ կանոնակարգի՝ եթե պատգամավորը չի մասնակցում, ապա հարցը ավտոմատ հետաձգվում է յոթ օրով և յոթ օրից, անկախ նրանից՝ պատգամավորը մասնակցում է, թե չէ, խորհուրդն իրավասու է կայացնելու միջնորդությունը բավարարելու որոշում: Բայց նաև կանոնակարգն ասում է, որ եթե երկշաբաթյա ժամկետում խորհուրդը չի կայացնում որոշում, ապա այդ որոշման իրավունքը անցնում է պատգամավորների 1/5-ին, որոնք մեկասմյա ժամկետում իրավունք ունեն էլի նույն հարցով միջնորդություն ներկայացնել ՍԴ»:

Դեռ 2022 թ. ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հոկտեմբերի 25–ից վերադարձան խորհրդարան, ասում էին՝ իրենց օրակարգով, սկսեցին մասնակցել ԱԺ նիստերին: Բայց կառուցողական աշխատանք խորհրդարանի ներսում այդպես էլ չստացվեց: Քննարկումների փոխարեն մշտապես փոխադարձ մեղադրանքներն են ու վիճաբանություններ:

Վերլուծաբանները և փորձագետները խնդիր են տեսնում իշխանություն-ընդդիմություն գործակցության և լիազորությունների ընկալման առումով։ Սահմանադրական իրավունքի փորձագետ Արտաշես Խալաթյանի պնդմամբ՝ ընդդիմությունը նույնպես իշխանության մաս է՝ իր պատասխանատվությամբ։ Ավելի կառուցղական լինելու դեպքում, կարծում է, ի վիճակի կլիներ իշխանությանը պահել մշտադիտարկման ներքո, թույլ չտալ, որ իշխանությունն իր գործողություններում լճանա, ընդունի ոչ հանրօգուտ քաղաքական որոշումներ և համարժեք լինի երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և այլ մարտահրավերներին։

Իրավական տեսանկյունից, ԱԺ կանոնակարգով՝ ամեն նստաշրջանում ընդամենը մեկ անգամ կարող է քաղաքական բոյկոտի ինստիտուտը կիրառվել քվեարկության ժամանակ։ Այսինքն՝ գոյություն ունի որոշակի սահմանագիծ քաղաքական գործողության մարտավարության և խորհրդարանի բնականոն աշխատանքները սաբոտաժի ենթարկելու միջև: Ամեն դեպքում փորձագետը հստակեցնում է՝ ինչ որոշում էլ կայացվի ընդդիմությանը հատկացված տեղերը շարունակելու են մնալ ընդդիմությանը, որևէ այլ ուժ դրանք զբաղեցնելու իրավունք չունի:

«Եթե մենք ուզում ենք ունենալ լիարժեք գործող խորհրդարան, քաղաքական իմաստով տվյալ պարագայում, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի լինի խորհրդարանում գործունակ ընդդիմություն: Ի սկզբանե, 2021 թվականի խորհրդարանական ընտությունների արդյունքում մենք ունեինք կոնֆլիկտաստեղծ իրավիճակ խորհրդարանում, այսպես թե այնպես՝ այդ հակասությունները խանգարելու էին խորհրդարանի բնականոն գործունեությանը: Անգամ եթե ընդդիմությունը մասնակցում է քննարկումներին, մենք տեսնում ենք, թե որքան լարված մթնոլորտ է խորհրդարանում, բացակայում է համագործակցության որևէ նշույլ իշխող մեծամասնության և քաաքական փոքրամասնության միջև և ինչպիսի բացահայտ անտագոնիզմ է տիրում խորհրդարանում: Այսինքն՝ այնպես չէ, որ խորհրդարանի ընդդիմության ֆիզիկական ներկայությունը ինչ—որ բան է փոխում խորհրդարանի աշխատանքներում»:

Անցած տարվա ընթացքում ընդդիմության կազմը փոխվեց մի քանի անգամ՝ մանդատները վայր դրած պատգամավորների փոխարեն եկան նորերը: «Հայաստան» խմբակցության կազմի վերջին թարմացումը տեղի ունեցավ 2022-ի տարեվերջին: Դեկտեմբերին մանդատներ ստացավ 4 նոր պատգամավոր: Նրանք զբաղեցրեցին մանդատներից հրաժարված պատգամավորների տեղերը: Ընդդիմադիրների կազմի վերջին թարմացումը կապված էր տևական բոյկոտից հետո խորհրդարան վերադառնալու որոշման հետ: «Հայաստան» խմբակցության մի թևը կողմնակից էր բոյկոտը շարունակելուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն