«Ռադիոլուր»-ի «Արցախյան օրագիրը» պատմում է, թե ինչ է փոխել մեկամսյա շրջափակումը արցախցիների առօրյայում, ինչպես է ազդել կյանքի որակի ու տրամադրությունների վրա։ Շրջափակումը  նոր սերնդի համար նորություն է, միջին սերնդին հիշեցնում է մանկության տարիները, իսկ ավագ սերունդը հանգիստ է՝ ավելի բարդ իրավիճակներ է հաղթահարել։ 

Առաջին Նոր տարին՝ առանց մանդարինի

Իրանագետ Նարինե Կարապետյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Երկու անչափահաս երեխաների մայր է։ Սա Նարինեի կյանքում երկրորդ շրջափակումն է։ Առաջինը 1991թ-ի դեկտեմբերին էր․ Ստեփանակերտը, մինչև Շուշիի ազատագրումը, անընդհատ հրետակոծվում էր։ Այդ ժամանակ նա վեց տարեկան էր։ Պատմում է, թե ինչպես են իրենց տարհանել Երևան։

«Մեզ Երևան էվակուացրին Քոլատակ գյուղից, մարդիկ օրերով սպասում էին բաց դաշտերում, որովհետև չգիտեին, թե երբ  ուղղաթիռը կլինի։ Ինքնաթիռի պատերի տակ, ներսից փայտե նստարաններ էին դրել, երևի փայտի, ես այդպես եմ հիշում։ Առաջին անգամ որ նստեցինք, մեր ոտքերի տակ բաց դագաղով զինվորական էր, ջահել տղա էր, զինվորական շորերով, գլուխը կապած, որովհետև գլխից էր վիրավորվել։ Մենք երեխաներ էինք ՝ նրա շուրջը նստած, իսկ իր մայրիկը չոքել էր ու ամբողջ ընթացքում լացում էր, ես չէի լսում, թե ինչ էր ասում, ուղղաթիռի դռդռոցից բան չէր լսվում»։ 



Լուսանկարը՝ Նարինե Կարապետյանի

Նարինե երեխաների մանկության այս փուլը դարձյալ շրջափակման մեջ է անցնում։ Չնայած դրան, Նարինեն պնդում է՝ բլոկադայում էլ մանկություն կա, այն էլ՝ մեծ հեռանկարներով։

Նախատոնական մտահոգություններից մեկը ճշմարտանման պատճառաբանություն գտնելն էր, թե ինչու Ձմեռ պապը Ամանորին հյուր չի գալու։ Նարինեն երեխաներին վստահեցրել է, որ Ձմեռ պապին գրված նամակները տեղ են հասել։ Ձմեռ պապը նվերները պատրաստել է, սակայն անգամ նրան թույլ չեն տվել, որ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ հասնի։

 «Ասացի՝ դե գիտեք, որ բլոկադա է, բայց Ձմեռ պապիկին խնդրել եմ, որ ձեր նվերները Երևանում մերոնց տանը թողնի։ Հետո տեսակապով զանգեցինք մերոնց, իրենք ասեցին, որ Ձմեռ պապիկը եկել է, իրենց նվերներ է բերել։ Ասել է՝ կարող եք փոխանցել, բացեցին  նվերները և ցույց տվեցին, որ դրանք տեղ են հասել , ուղղակի բլոկադայից հետո կստանան։  Երեխաները անհանգիստ չեն, միայն իրենց համար ֆիքսում են՝ «Մեր առաջին Նոր տարին, առանց մանդարին»։

Արցախում այս օրերին ակտուալ է դառնում «ոնց որ Նոր տարվա մանդարին լինես» արտահայտությունը։ Մանդարինը կարող է փոխարինվել մեկ այլ մրգով։  Նարինեն ժպիտով է պատմում, որ նոր սերունդը նոր-նոր է սկսել  հասկանալ այս արտահայտության իմաստը․

«Խանութներում երևի տեսել եք ինչ վիճակ է, ամեն ինչ դատարկված, միրգ, բանջարեղեն ընդհանրապես չկա։ Սա ոչինչ է, եթե կա այն գիտակցումը, որ մենք ենք այս երկիրը պահելու պատասխանատվություն կրողները, որ այս դժվար բեռը մեր վրա է և պետք է պատվով կրենք»։



Լուսանկարը՝ Նարինե Կարապետյանի

Դեկտեմբերի 12-ին ամսվա մեջ երկրորդ դեպքն էր, որ ճանապարհը փակել էին։ Նարինեն ասում է՝ մտածեցինք մի քանի ժամից կբացվի։ Սկզբում չէր զգացվում, որ շրջափակման մեջ են։ Սրճարանները բաց էին, խանութները՝ լիքը։ Առօրյայում փոփոխություններ դեռ չկային։ Բլոկադան ընդամենը մամուլի հրապարակումներում հայտնված բառ էր։ Հետո աստիճանաբար ամեն ինչ փոխվեց․

«Ասեցին՝ փակվել է ճանապարհը, մտածեցինք, որ նորից կբացվի, խնդիր չէ։ Բայց, ճիշտն ասած, Արցախում  ապրելով, գիտենք, որ կյանքը էդքան էլ հեշտ չի ու  չի էլ լինելու։ Այդ ամենը գիտակցելով ենք այստեղ երեխաների հետ  ապրում։ Մի անգամ ձվի հերթի մոտով անցա, այնքան շատ մարդ կար, որ մտածեցի՝ այս ժողովուրդը, որ կարողանում է այսպիսի հերթերում դիմանա, ամեն ինչի կարող է դիմանալ»։



Լուսանկարը՝ Սիրանուշ Սարգսյանի

Երկրորդ շաբաթից սկսած խանութներում մարդիկ սահմանվածից ավելի չէին վերցնում, նույնիսկ եթե նախազգուշացում չկար, հարցնում էին՝ կարո՞ղ են այդքան վերցնել։ Մեկ շնչին երկու կիլոգրամ շաքարավազ էր հասնում, մեկ անձը կարող էր 1 ձեթով հեռանալ խանութից։ Սակայն սա հաստատուն չափաքանակ չէ․ այն գնալով ավելի է նվազում։ Նարինեն ասում է՝ անցած տարիների դժվարությունները օգնում են սթափ դատել։

Բարեբախտաբար մնացի Արցախում․ Սիրանուշ Սարգսյան

Պատմության ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը Արցախի Սոս գյուղից է։ 44-օրյա պատերազմից հետո սկսել է լրագրությամբ զբաղվել։ Արտասահմանյան պարբերականներին թղթակցելով՝ աշխարհին պատմում է հետպատերազմական Արցախի մասին։

«Հաշվի առնելով, որ միջազգային լրագրողների մուտքն արգելված է Արցախ, ես՝ որպես քաղաքացի, ինձ պարտավորված զգացի, որ պետք է պատմեմ հետպատերազմյան Արցախի մասին։ Տպագրվում եմ միայն օտար լեզուներով»։

Սիրանուշն ասում է, որ դժվար է արցախյան թեման  միջազգային լրատվականների համար գրավիչ դարձնել, սակայն փորձերը շարունակում է։ Թղթակցում է ամերիկահայ The Armenian Weekly պարբերականին, շվեդական Blankspot կայքին,Institute For War And Peace Reporting անգլիական կայքին նաև իսպանական մամուլին։ Ասում է՝ ադրբեջանական լոբբին շատ ուժեղ է, իսկ հակազդող նյութեր գրեթե չկան։ Երբ շվեդական մամուլում հայտնվեց կին ականազերծողների մասին պատմող իր հոդվածը, արձագանքներից հասկացավ, որ աշխատանքը պետք է շարունակել։

«Արևմտյան երկրներում անընդհատ նյութեր են կարդում, որ ամեն օր հայերի դրած ականներից ադրբեջանցիներ են մահանում։ Եվ հանկարծ նյութ է տպվում, որտեղ նշվում է, որ Արցախի բնակչությունն ամենաշատն է տուժել ականներից , և տուժածների 1/3-ը հենց երեխաներ են։ Երբ դա պատմում ես կնոջ միջոցով, որը 2 տարեկան երեխային քնեցնում է և գնում է կլաստերային ռումբեր է մաքրելու, իհարկե շատ ավելի ազդեցիկ է լինում»։


Շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքներից մեկը, տեսանյութը՝ Սիրանուշ Սարգսյանի

Շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքներից մեկը, տեսանյութը՝ Սիրանուշ Սարգսյանի

Սահակյանի հոդվածներից մեկը պատմում է Մարտունու շրջանի Հերհեր գյուղում Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը»  պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման մասին։  Հեղինակը, զուգահեռներ տանելով հեքիաթի և իրականության միջև, հարցադրումներ է անում։

«Հենց այդ նովելի մոտիվներով էի պատմում։ Այնտեղ պատմում է, թե ինչի մասին է Սուրբ Ծնունդը, որ պետք է կիսես քո ունեցածը մյուսների հետ։ Ես գրում եմ, որ մենք շատ ուղիղ իմաստով ենք այդ կիսելը հասկանում, որովհետև արդեն գալիս էինք ու ամեն մեկն ասում էր՝ ես տանը սա ունեմ, մյուսն ասում է՝ ես էլ սա ունեմ ու բերում, կիսվում էինք իրար հետ։ Գլխավոր հերոսը վերջում բարիանում է, որոշում է փոխվել ու օգնում է ուրիշ երեխաներին։ Ես հարցադրումով ավարտեցի նյութը․ արդյո՞ք աշխարհը գլխավոր հերոսի նման կփորձի փոխվել  ու հնարավորություն տալ, որ նաև մեր երեխեքը ունենան այդ սուրբծննդյան հրաշքը»։

Այս օրերին Արցախում այնպիսի փոխըմբռնում կա, որ հանգիստ կարելի է ասել՝ անծանոթներ այստեղ չկան։ Սարգսյանն ամենից շատ մտահոգվում է երեխաների համար, ասում է՝ նրանք մի քանի օրում մեծացան։



Հերհեր գյուղի աշակերտները, լուս՝ Սիրանուշ Սարգսյանի

«Խանութում մայրիկի եմ հանդիպել, որ երկու երեխաների հետ շրջում էր, ու բան չէին գտնում։ Այդ երեխային մոտեցա, հարցրի՝ ի՞նչ կա ուտելիքներից, որ շատ ես ուզում ու մայրիկդ չի կարողանում գտնի քեզ համար։ Մի 5 վայրկյան մտածեց ու ասաց․ « Է՜ , ես ոչինչ , ես կարևոր չեմ, միայն  թե մայրիկս մածուն է ուզում ու չի կարողանում գտնել, ուզում եմ մայրիկիս համար մածուն գտնեմ»։ Անգամ 6 տարեկան երեխան ամեն ինչ  հասկանում է»։

Բայց շրջափակումը բոլորովին էլ սննդի պակասի մասին չէ, սա կարելի է տանել, մարդկանց անհանգստացնում է հետոն՝ ասում է Սիրանուշը։

 «Մարդիկ ուտելիքի համար չեն բողոքում, մարդիկ անորոշությունից են բողոքում։ Հարցնում են՝  ինչի՞ համար են այս ամենի միջով անցնում, այս զրկանքներն ինչի՞ համար են ու ի՞նչ է լինելու հետո։ Իսկապես, սա ուտելիքի համար չէ, իհարկե, փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մարդիկ սնվելու բնական կարիք ունեն և չեն գտնում այդ սնունդը, բայց սա առաջին հերթին անվտանգության հարց է»։

Արցախում ապրելը պրինցիպ է․ Արև Իսրայելյան

Ֆիզիկական անվտանգության հարցը սեփական մաշկի վրա զգացած Արև Իսրայելյանը 3 երեխա և չորս թոռնիկ ունի։ Զավակները պատերազմի մասնակիցներ են։ 44-օրյա պատերազմն անցկացրել է նկուղում։ Այժմ էլ Արցախից դուրս գալու մտադրություն չունի։

«Մեր միակ նպատակն այս հողը հայկական պահելն է։ Չնայած բլոկադա է, բայց դե ինչ արած, պետք է ապրենք և ապրեցնենք բոլորին»։

Արև Իսրայելյանը նաև 1990-ականների շրջափակման մեջ է եղել։  Զուգահեռներ տանելով անցյալի ու ներկայի միջև՝ նշում է, որ այն ժամանակ գյուղերի ամբարները լիքն էին և սնում էին քաղաքաբնակներին։ Հիմա Հադրութից մինչև Շուշի ընկած գյուղերը Ադրբեջանի վերահսկողության տակ են, ամբողջ բեռը պետության ուսերին է։

 «Դե հիմա պատկերացրեք, էն ժամանակ գյուղում մի բան եղել է յոլա գնալու համար, հիմա ոչ էդ գյուղը կա, ոչ էդ յոլա գնալու սնունդը կա։ Հիմա սաղ դրված է պետության ուսերին։ Պետությունն է հիմնականում օգնում և՛ գյուղի, և՛ քաղաքի բնակիչներին։ Այն ժամանակ գյուղերից քաղաք էին բերում միս, կարտոֆիլ, գյուղատնտեսական այլ մթերքներ, հիմա այդ գյուղերը չկան,և իրավիճակը կրկնակի բարդացել է»։



Լուս՝ Սիրանուշ Սարգսյանի

Թեև պայմանները բարդ են, բայց Արցախը թողնելու մասին մտքեր չկան։ Թորքին թողնելու ոչինչ չունենք՝ ասում է։

«Ես մինչ օրս չեմ հանդիպել մի այնպիսի արցախցու, որն ասի՝ եթե ճանապարհը բացվի, ես այստեղից դուրս եմ գալու։ Ընդհակառակը, սա ավելի է մեզ ստիպում, որ այստեղ մնանք։ Էն պրինցիպն է գնում, որ մեզանից ոչ մեկը դուրս չի գալու։ Մեր կյանքն այստեղ է, տուն ենք դրել, ունեցվածք, աշխատանք, ապրուստ ունենք, հիմա էսքանը թողենք թորքի՞ն»։ 

Հիմնական դժվարությունը թե 90-ականներին, թե հիմա երեխաներն են՝ ասում է Իսրայելյանը։ Մեծահասակների համար իրավիճակը տանելի է, գիտեն՝ հայ մնալու համար պետք է դիմադրել դժվարություններին։

 «Հիմա, որ Դուք զանգել եք, լույսերն անջատած են, քաղաքում լույս չկա, դրանից առաջ ինտերնետ չկար, թող չլինի, ի՞նչ կա որ, մենք սովորել ենք դժվարություններին։ Հիմա ձմեռ է, մտածում ենք, որ եթե գազն անջատեն, փեջ ենք վառելու։ Ամեն ինչի պատասխանը մենք պատրաստ ունենք։ Եթե սա անջատեն, սա ենք անելու։ Չեն կարող խեղդել արցախցիներին, ասեն՝ դուրս եկեք»։



Լուս՝ Սիրանուշ Սարգսյանի

1990-ականների համեմատ մյուս տարբերությունը հոգեբանական է։ Հիմա իրավիճակն անորոշ է։ Մինչդեռ այն ժամանակ հստակ էր նպատակը։

«Շուշիից այնպես էին հրետակոծում Ստեփանակերտը, որ նկուղներից դուրս չէինք գալիս, բայց մի տեսակ չենք զգացել, որ կարող է պարտվենք։ Դա ազգային-հոգևոր կռիվ է եղել։ Բոլոր մարդիկ մի ձև են մտածել։ Բոլորս ունեցել ենք մեկ նպատակ, երևի այդ նպատակով էլ կարողացել ենք, բայց հիմա չես կարողանա 10 մարդու գտնել, որ նույն կերպ են մտածում։ Մի թեմայի շուրջ հազար ձևի քննարկում կա»։

Շրջափակումը սահմանափակել է տեղաշարժը, բայց ոչ միտքը․ Նարե Ղահրամանյան

Նարե Ղահրամանյանը ուսանող է։ Ծնվել է Մարտակերտում, սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանում։ Նաև Bitty co-working space-ի  հիմնադիրներից է։ Շրջափակումը փոխել է նրա ծրագրերը։

«Դեկտեմբերի 12-ին է փակվել, դեկտեմբերի 15-ին Երևանում գաղափարների մրցույթի էինք Bitty co-working-ի հետ կապված, ամսի 14-ին վարորդի հետ պայմանավորվել ենք, որ այդ օրը գնանք։ Չէինք պատկերացրել, որ հնարավոր է երկու օրից երկար տևի։ Այսինքն՝ մենք հենց շրջափակման մեջ gg shuttle ենք պայմանավորվել, որ գնանք, մասնակցենք և ետ վերադառնանք»։

Շրջափակման պատճառով բուհերը կիսամյակային քննությունները սեղմ ժամկետում են կազմակերպվել, որ ուսանողները կարողանան վերադառնալ իրենց համայնքներ։ Վառելիքի սղության պատճառով էլ փոխվել է  տրանսպորտի հաճախականությունը։

«Քանի որ ճանապարհները փակ է, տրանսպորտի հետ էլ է խնդիր լինում։ Օրինակ, մի օրում 5-6 անգամ ռեյս կար, որ կարող էինք Ստեփանակերտից Մարտակերտ գնալ և հակառակ ուղղությամբ, հիմա մոտ 3 անգամ կրճատվել է»։

Լուս՝ Սիրանուշ Սարգսյանի

Երևանից Արցախ հասնող ապրանքների սղություն կա, սակայն Ստեփանակերտի համեմատ իրավիճակը Մարտակերտում ավելի մեղմ է՝ նկատում է Նարեն։ Բայց ձեթի, շաքարավազի և տնտեսական ապրանքների սղություն Մարտակերտում էլ կա, ինչպես բոլոր վայրերում։ Այստեղ էլ են հերթեր գոյանում։

«Եթե լսում ենք, որ մի ծայրամասում ինչ-որ ապրանք են ստացել, այսինքն` այդ խանութում առկա է, լինում է, որ մինչև այս ծայրամասից գնում ենք այն ծայրամասը արդեն սպառված է լինում։  Քանի որ Մարտակերտը փոքր քաղաք է, մարդկանց մեծ մասը նաև տնեսությամբ է զբաղվում, շատերը կենդանիներ, այգի ունեն, որ մշակում են։ Այդ առումով Ստեփանակերտի հետ համեմատած փոքր քաղաքում ու գյուղերում վիճակն ավելի մեղմ է»

Մինչև շրջափակումը նախատեսում էին պետության հետ պայմանագիր կնքել՝ տարածքի ձեռք բերման համար։ Իրավիճակով պայմանավորված՝ ստարտափին վերաբերող համաձայնություններն առայժմ սառեցրել են։ Սակայն գաղափարների զարգացման ուղղությամբ թիմն աշխատում է․ շրջափակումն այս դեպքում անզոր է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն