Նախագիծը թղթի վրա է մնացել, բնակիչների բողոքը՝ դատարանում․ Ֆիրդուսցիները կառուցապատողի հետ վիճում են արդեն 17 տարի
«Ոչ թե գերակա շահ, այլ գերակա շահույթ»․ այսպես են բնութագրում հանրությանը առավելապես որպես Ֆիրդուսի հայտնի Երևանի 33-րդ թաղամասի բնակիչները իրենց տարածքում կառուցապատում նախատեսող ընկերության գործողությունները։ Արդեն ավելի քան 15 տարի նրանց միջև առկա անհամաձայնությունը լուծում չի ստանում․ կառուցապատողն ու անշարժ գույքի սեփականատերերը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանն ասում է՝ պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանելու համար նույնիսկ միջազգային իրավական ատյաններին դիմել։
«Սա միայն իմ անձնական պահանջը չէ, թաղամասի բազմաթիվ բնակիչներ են պահանջում, որ գերակա շահի որոշումը հանվի։ Մենք գումարի տեսքով փոխհատուցում չենք ուզում․ մենք պայմանավորվել ենք, որ պետք է վճարվի շուկայական արժեք գումարած 15 տոկոս, բայց մեր պահանջը միշտ անտեսվել է»,– ասում է Ֆիրդուսի բնակիչը։
Երևանի 33-րդ թաղամասը հանրային գերակա շահ ճանաչվել է դեռ 2006 թվականին։ Այն ժամանակ, սակայն, կառուցապատման ներդրումային ծրագիրը չի իրականացվել։ 2018-ի մարտին այս ամբողջ տարածքը կրկին գերակա շահ ճանաչվեց։ Իշխանությունները հայտարարեցին թաղամասի վերակառուցման մեկնարկի մասին։ Այստեղ նախատեսվում է հրապարակ, նոր փողոցներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։
Քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ այս տարիների ընթացքում ֆիրդուսցիների ճնշող մեծամասնության հետ հարցերն արդեն 90 տոկոսով կարգավորված են։ Մյուսների հետ վեճը դեռ շարունակվում է։ Առայժմ չօտարված տարածքներից մեկը հենց Ռաֆայել Սաֆարյանի ընտանիքին է պատկանում։
«815 քմ սեփական հողատարածք է, որի վրա կառուցված է 450 քմ բնակմակերես, 360քմ այլ շինություն։ Շուրջ 15 տարի իրենք միայն 815 քմ հողն են հաշվում։ Վերջերս էլ նոր վարչապետ Փաշինյանի ավագ խորհրդական հետ եկել են մեր բնակարան, ասում են՝ պետք է այս 3 հարկանի շենքը չհաշվենք միայն հողը հաշվենք, ես էլ ասում եմ՝ բա եթե ես այստեղ ապրում եմ, դուք դա հաշվի չեք առնում, ես ո՞ւր գնամ»։
Սաֆարյանն ասում է՝ պատրաստ են կառուցապատողի հետ համաձայնության գալ, եթե իրենց ունեցած ամբողջ սեփականությունը գնահատվի իրական շուկայական գներով։ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Հերմինե Ավետիսյանն ասում է՝ բնակիչների գույքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ընկերությունը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան է գնահատել։
«Սաֆարյանների ընտանիքին պատկանող գույքը, համեմատաբար ավելի մեծ է, ընդհանուր առմամբ 1059 քմ հողամասն է, որի վրա կա 770 քմ առևտրային և բնակելի շինություններ։ Այս պարագայում, քանի որ շինությունը համեմատաբար մեծ է, ուզում են կոպեկներ վճարելով դրա տերը դառնան։ Նշեմ, որ շինության շուկայական արժեքը իրենք գնահատել են 1 քմ համար 710 դոլարին համարժեք դրամ, մինչդեռ, մենք գիտենք, որ կենտրոնում քմ–ի շուկայական արժեքը տատանվում է 2500 դոլարից մինչև 5000 դոլարի շրջանակում»,– ասում է փաստաբան Հերմինե Ավետիսյանը։
Բնակիչների շահերի պաշտպանները դատարանում վիճարկում են նաև տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշումը։ Փաստաբան Տիգրան Եգորյանը կարծում է, որ կառավարության հիմնավորումները օրինական չեն։
Մենք վիճարկում ենք այս որոշման էությունը, մենք կարծում ենք, որ սրանք հանրային գերակա շահ եզրի տակ չմտնող հարաբերություններ են։ Օրինակ, ինչպե՞ս է որոշվել, որ հին տների փոխարեն նոր, ավելի ֆունկցիոնալ շինություններ կառուցելը հանրային գերակա շահ է, այն էլ բացառիկ։ Կառավարությունը արդեն իսկ իր որոշմամբ ֆիքսել է, թե ինչի համար է ուզում քանդել այդ տները, և ինչու է որոշել, որ սա հանրային գերակա բացառիկ շահ է․ նշված է, որ հին, խալխուլ շինություններ են՝ ուզում ենք քանդենք»։
Օրեր առաջ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, հղում անելով դատարանի որոշմանը, ուժի դիմելով մտել ենթաղամասի տներից մեկը՝ դատաապրանքագիտական փորձաքննության համար։ Այս գործողությունները ևս բնակիչները ոչ իրավաչափ են համարում։ Նրանք վստահեցնում են , որ բաց են օրենքից բխող բոլոր գործողությունների համար։ Թաղամասի բնակիչները պնդում են են, որ իրենց դեպքում էլ Հյուսիսային պողոտայի պատմությունն է կրկնվում։