Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին այսօր՝ ժամը 18:00-ից մինչեւ հուլիսի 26-ը՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա ասաց, որ հուլիսի 26-ից արդեն կազմակերպվելու է մրցույթը, իսկ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո՝ օգոստոսի 30-ին, հրապարակվելու են թափուր տեղերի մրցույթի արդյունքները:

Նշենք, որ, ըստ ԳԹԿ փոխտնօրենի, այս տարի առաջին փուլի մրցույթից դուրս մնացածների թիվը 2935 է, որի մեջ մտնում են նաեւ նրանք, ովքեր չեն հաղթահարել դրական շեմը՝ 1546 դիմորդ:

Կարո Նասիբյանը հավելեց, որ այս տարի առաջին անգամ կիրառված մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքը նպաստեց, որ դիմորդները մասնագիտության հարցում ավելի կողմնորոշված լրացնեն դիմում-հայտը:

«Անցյալ տարի՝ 2020թ.-ին, թեպետ մեկ քննություն էր, բայց գերակայությունը տրվեց առաջին հայտին. դիմորդները կարողանում էին լրացնել մինչեւ 10 հայտ, բայց գերակա էր առաջինը: Այսինքն՝ առաջին հայտով չանցնելու դեպքում, եթե կային թափուր տեղեր, կարող էին լրացնել 2-ից մինչեւ 10 մասնագիտություն: Այս տարի հիմնական փուլի մրցույթում թողեցինք միայն մեկ հայտ լրացնելու հնարավորություն՝ անվճար եւ վճարովի: Իսկ լրացուցիչ փուլում դիմորդները կարող են լրացնել 6 հայտ, կրկին՝ անվճար եւ վճարովի, եթե բուհերում այդ մասնագիտությունների գծով կան թափուր մնացած տեղեր»,- ասաց Կարո Նասիբյանը՝ հավելելով.

«Մասնագիտության հարցում դիմում-հայտը կողմնորոշված լրացնելու առաջին արդյունքները մենք արդեն զգում ենք: Այն դիմորդները, որոնք գիտեն իրենց գիտելիքների պաշարն ու չափը, այլեւս մեծ հավակնություններ չեն ունենում առաջին հայտով հայտագրել այն մասնագիտությունները, որոնց համար տարիներ շարունակ բարձր միավորներ են անհրաժեշտ եղել»,- նշեց Կարո Նասիբյանը:

Խոսելով մասնագիտության հարցում կողմնորոշված դիմում-հայտը լրացնելու կարեւորության մասին՝ ԳԹԿ փոխտնօրենը բերեց մեկ օրինակ.

«Ես չէի ուզի այն դիմորդը, որն ուզում է դառնալ դեղագետ՝ իր նախընտրած բաժնից, Ֆարմացիայից դուրս մնա 0,25 միավորով, որ ավելի բարձր միավոր հավաքած դիմորդը, որը առաջին հայտով լրացրել էր, օրինակ՝ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը, սակայն միավորները բավարար չէին այդ բաժնում սովորելու համար, գա ու իր նախընտրած մասնագիտության մեկ տեղը գրավի: Ստացվում է՝ այն դիմորդը, որ սիրում է դեղագործ մասնագիտությունը, ուզում է դառնալ այդ մասնագետը, ինչ-ինչ պատճառներով 0,25 միավորով դուրս մնա: Նախկին տարբերակում այդ վտանգը ու բացը կար:

Ես մեկ օրինակ բերեցի, դուք նույնը պատկերացրեք սպորտի ոլորտում: Օրինակ՝ ծանրամարտի մասնագետը մրցի ֆուտբոլիստի հետ, կամ բասկետբոլիստը մրցի ֆուտբոլիստի հետ: Նույնը կարելի է անել միասնական քննությունների դեպքում»,- նշեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն