Զինվորական կացարանի հրդեհի գործով դեռ մեղադրյալներ կամ ձերբակալվածներ չկան։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այս պահին ավարտվել է զոհերի մարմինների նույնականացումը, դիերը փոխանցվել են զինծառայողների հարազատներին։ Իսկ քննության շրջանակներում 2 տասնյակ անձ է հարցաքննվել։

«Հարցաքննվել են կոնկրետ այդ վաշտին առնչվող անձինք՝ զինվորականներ, այդ թվում նաև պաշտոնատար անձինք։ Քննության հիմնական ուղղությունը, բացի բուն հրդեհի հանգամանքները պարզելը, նաև պատճառները, հանգեցնող հանգամաները պարզելն է, նաև հրդեհային անվտանգության կանոնների պահպանման առումով թերացումների համար պատասխանատուների շրջանակը ի հայտ բերելը և նրանց գործողություններին իրավական գնահատական տալը»,–ասել է ՔԿ նախագահի խոսնակը։

Դեպքի առթիվ քրեական վարույթը ընթանում է զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ։ Այդ հանցանքի համար նախատեսվող պատիժը 4-8 տարի ժամկետով ազատազրկումն է։

Դեռ հրդեհի օրը 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։



Հանրության մի մասն ու իրավապաշտպաններից ոմանք այդ պաշտոնանկությունները բավարար չեն համարում։ Նրանք նաև քաղաքական պատասխանատվություն ու հրաժարականներ են պահանջում։ Այս պահանջով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել «Համախմբում» նախաձեռնության անդամները։ Ակցիայի մասնակից Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ այս դեպքն ի ցույց է դրել երկրի պաշտպանության համակարգի կառավարման թերություններն ու բացթողումները։

«Ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ տեղակայելը, ջեռուցումը վառարանի միջոցով ապահովելը, զինվորական ծառայության անվտանգություն չապահովող և մարտական պատրաստությանը խոչընդոտող պայմանների առկայությունը, օրինակ՝ փայտե տանիքը և հատակը, ճաղավանդակված պատուհանները, ինչը արգելված է․ այս ամենն ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ բանակի տարբեր ստորաբաժանումների համար անհրաժեշտ նվազագույն զորանոցային պայմաները ապահովված չեն։ Այս հանգամանքը պաշտպանության ոլորտի հանցավոր ձախողման, տապալման վառ արտահայտություն է»,–ասում է Մենուա Սողոմոնյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պաշտպանության նախարարի և վարչապետի հրաժարականը։ Ավելի վաղ, սակայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է անդրադարձել դեպքին։ Նա անտեղի է համարել ողբերգական դեպքին քաղաքական ենթատեքստ տալն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հասցեին հնչող մեղադրանքները։ Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ բանակի բարեփոխումների համար ոչինչ չի խնայվում։



«Բարեփոխումներ են իրականացվել՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումով, որը բոլոր տեղերում փոխվել ու փոխվում է։ Մենք հիմա նաև արտասահմանից բարձր որակի տարբեր կահավորում ենք ներմուծելու Հայաստանի Հանրապետություն»,– հայտարարել է ԱԺ նախագահը։

Ի պատասխան մեղադրանքների, թե ողբերգական դեպքից տուժած զինծառայողները անմխիթար, ոչ զարամասային պայմաններում են ծառայել, Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ նմանօրինակ կացարանները ապահովված են ամեն ինչով, կան զինվորների համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ու կահավորումը։

Ազգային ժողովի նախագահի կարծքիով՝ բացթողումը միայն հրդեհային անվտանգության կանոնները խախտելն է եղել։



«Այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները, օրինակ՝ պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Հենց այդ պատճառով՝ այն մարդիկ, որոնք պատասխանատու են անվտանգության համար, պատժվել են ու պատժվելու են»,– վստահեցրել է Սիմոնյանը։

Զորամասի կացարանի հրդեհից հետո Այրվածքաբանության Ազգային կենտրոն տեղափոխված 3 վիրավորի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է բուժհաստատության փոխտնօրեն Կարինե Բաբայանը։ Վիրավորներից երկուսը բուժումը շարունակում են վերակենդանացման, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում։

«Երկու զինվորները դեռ վերակենդանացման բաժանմունքում են, հսկողության տակ։ Քանի որ բժշկական տեսանկյունից 4 օրը քիչ է այրվածքային հիվանդության ղեկավարման համար, իրենք ինտենսիվ բուժում են ստանում։ Իսկ մյուս զինվորը գտնվում է բաժանմունքում, վիճակը, կարելի է ասել, բավարար է, բուժումը կիրականացնենք, վերքերը կփակվեն ու ինքը դուրս կգրվի հիվանդանոցից»,–ասում է Կարինե Բաբայանը։

Նա, սակայն, հիշեցնում է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայողի և սպայի մոտ առկա են շնչուղիների այրվածքներ, ինչը կյանքի համար վտանգավոր վնասվածք է։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն