Ուտել ոչ թե այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչ կա․ Արցախ, շրջափակում, օր 46-րդ
Բաքուն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը՝ Ասկերանում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նույն բովանդակությամբ մի հայտարարություն էլ կառավարության այսօրվա նիստում արել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը: Արդեն 46 օր Արցախը շրջափակման մեջ է։ Դատարկ խանութներ ու դեղատներ, հովհարային անջատումներ ու պարբերաբար դադարեցվող գազամատակարարում։ Բայց Արցախում շարունակում են հաղթահարել դժվարությունները՝ վստահ լինելով, որ դրանք ժամանակավոր են։
Ստեփանակերտի օդում վերջին շաբաթներին ծուխն ավելի ու ավելի է թանձրանում։ Առանց բնական գազի և թերի էլեկտրամատակարարման հույսին մնացած արցախցիներից շատերն սկսել են բնակարանները ջեռուցել փայտի վառարաններով։ Ստեփանակերտի բնակիչ Մերի Քալաշյանը նրանցից մեկն է։
«Հիմնականում բոլորի տներում արդեն փայտ են օգտագործում։ Քաղաքապետարանը հերթագրում է, որ վառարան ու փայտ տրամադրի։ Մենք արդեն դրել ենք վառարանը, քանի որ երկու տարեկան փոքրիկ ունեմ տանը»,-այսպես է նկարագրում իրավիճակը Մերին։
Արդեն 46–րդ օրն է՝ Արցախը մնացել է սեփական արտադրության էլեկտրաէներգիայի հույսին, որի ծավալները, սակայն, բավարար չեն։ Ստեփանակերտի գազալցակայանները, որ հունվարի 25-ից դադարեցրել էին աշխատանքը, դարձյալ սկսել են գործել․գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։
Ադրբեջանական կողմը, գրեթե ամեն օր դադարեցնելով և մասնակիորեն վերականգնելով միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։
Դեղատներում դեղորայք, տակդիրներ, մանկական սնունդ չկա՝ պատմում է Մերի Քալաշյանը։ նա ասում է, որ շրջափակման պայմաններում փոխվել են նաև մարդկանց կենղացն ու ճաշացանկը։ Երեխաներին անհրաժեշտ սնունդով ու վիտամիններով ապահովել չեն կարողանում։ Բանջարեղեն ու միրգ ընդհանրապես չկա։
«Ես կոնկրետ ամեն օր փորձում էի սուպիկներ պատրաստել։ Եթե ոչ մի բան էլ չլիներ, դա գոնե կար։ Բայց հիմա, քանի որ գազարը խնդիր է, կարտոֆիլը խնդիր է, պատրաստում ենք այն՝ ինչ կա։ Նայում ենք հարմարությանը, պատրատսում ենք ոչ թե այն, ինչ ուզում են, այլ այն՝ ինչ կա, որովհետև դա է, այլ տարբերակ չկա։ Վիտամին ի՞նչ ուտեն, չկա ոչ մի բան։ Քաղցրավենիքը խնդիր է, հյութ չկա։ Խանութներում դատարկություն է։ Ծխախոտը տղամարդկանց համար խնդիր է, խանութներում միայն հացն է, որ ինչքան ուզես կա»,-առօրյա հոգսերն է ներկայացնում «Ռադիոլուրի» զրուցակիցը։
Արցախում ուսումնական գործընթանցը նույնպես դադարեցված է։ Բայց կարևորելով կրթության դերը, փորձում են ինչ-որ կերպ լրացնել բացը, իհարկե, դժվարություններով, ասում է Մերին․
«Առաջադրանքներ են տալիս, տանը կատարում ենք, նկարում ենք, ուղարկում ենք ուսուցչին, որ տեսնի, որ աշխատում ենք։ Շատ ժամանակ, երբ տուն ենք գնում, արդեն լույս չի լինում, մոմի լույսի տակ փորձում ենք գոնե մի բան գրել, որ անգրագետ չմեծանան երեխաները»։
Արցախի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 երեխա, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն մեկ ամիս զրկված է 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից:
Կառավարության նիստում Հայաստանի վարչապետն արձանագրում է՝ վերջին անգամ նման բան եղել էր կորոնավիրուսի համաճարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը, ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել․․․ և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Արցախի պետնախարարն էլ Ասկերանի շրջանի բնակիչների հետ հանդիպխման ժամանակ է հայտարարել, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Ռուբեն Վարդանյանը, սակայն, շեշտել է, որ իրեն հպարտ է զգում, տեսնելով արցախահայության տոկունությունը․
«Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է։ Չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:
Արցախի պետնախարարը հայտնել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում շրջափակումը վերացնելու համար։ Բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները: