Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին:

Հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխատանքի, փոխգործակցության ակտիվացման հարցերը:

Ռուստամ Բաքոյանն արձանագրել է երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան, որը տարիների աշխատանքի արդյունք է, նախանշել այն տեսլականը, որ Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունն առաջիկայում եւս կլինի ավելի հստակ ու նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով:



Արձանագրվել է, որ երկուստեք համագործակցությունը կնպաստի նաև երկու երկրների հարաբերությունների, համատեղ ու միասնական աշխատանքի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կմարմնավորի ամուր հոգեգիտակցական կապ և կայուն երկխոսություն, որն այսօր ծավալման ընթացքում է:

Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական կարևոր նշանակությունը Հայաստանի համար՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում. Հայաստանը մշտապես հետաքրքրված է մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներով ու իրողություններով, այդուհանդերձ, կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը:

Իսկ հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է: Այս համատեքստում իր անուրանալի ավանդն ունի նաև Իրաքի հայկական համայնքը, որը ոչ միայն կապող օղակ է երկու պետությունների հարաբերություններում, այլև լուրջ դերակատարում ունի հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալ-Ջուբուրին կարևորել է այսօրինակ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը` միտված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համատեղ օրակարգի ձևակերպմանն ու սահմանմանը` առավել արդյունավետ աշխատանքի, համագործակցության խթանման համար:

Այս առումով առաջիկա քայլերից է լինելու համատեղ օրակարգով ու աշխատանքով մարտ ամսին Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական այցի կազմակերպումը, որը կլինի խորհրդարանական մակարդակում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հերթական հավաստումն ու խթան կհաղորդի դրանց շարունակականությանը:

Նշվել է, որ նաև նկատելի է ակտիվացում երկրների տնտեսական հարաբերություններում, սակայն կա չիրացված ներուժ, որը պետք է իրականություն դառնա նոր պայմանավորվածությունների, երկու կողմերի նախաձեռնողականության արդյունքում:

Հանդիպումը եզրափակվել է կողմերի` անձնական աջակցության ու պատրաստակամության հավաստմամբ` երկու երկրների միջև բազմաբնույթ ու բազմոլորտ կապերի ու հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ` նմանօրինակ հանդիպումների, այցերի և այլ հնարավոր միջոցներով:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է չիրացված ներուժ, և կա հնարավորություն` միասնական աշխատանքի և փոխգործակցության միջոցով նոր հաջողություններ գրանցել երկու պետությունների` այսօր ծավալում ստացած երկկողմ հարաբերությունների համատեքստում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն