Արմավիրում 100-ից ավելի աղբի, ապակու և պլաստիկի տեսակավորման աղբամաններ են տեղադրվել։ Դրանով փորձ է արվում որոշ չափով լուծել  մարզկենտրոնի բնապահպանական խնդիրները։ Նախագիծը Մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն ու «Նորարար լուծումներ կայուն զարգացման համար» հասարակական կազմակերպությունը։ 



Արմավիրի կենտրոնական փողոցներում աղբի տեսակավորման մետաղյա արկղեր են տեղադրվել, որոնք նախատեսված են ապակու, թղթի ու պլաստիկի թափոնների համար: Դրանց արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ աղբի տեսակավորման մշակույթը մեզանում դեռ ձևավորման փուլում է: Ինչպե՞ս են արձագանքում արմավիրցիներն այդ նորարարությանը։

«Մեկի մեջ թուղթ ենք լցնում, մյուսում՝ պլաստմասսայե իրեր, որպեսզի խնայենք, թղթի թափոնը ինչու գցենք ընդհանուր աղբի հետ: Ես դպրոցում եմ աշխատում, դպրոցում էլ կան համապատասխան աղբամաններ, մենք գցում ենք այդտեղ»:

«Տեսակավորում ենք աղբը, թղթերն  ու պլաստիկներն առանձնացնում ենք ու լցնում փողոցի ամանների մեջ»

«Նոր տեղադրված աղբարկղերը աղբի տեսակավորման համար են, բայց ես չեմ օգտվել, որովհետև  մեր փողոցում  չկան: Ես սեփական առանձնատանն եմ ապրում և չեմ առանձնացնում աղբը»:



Աղբի տեսակավորումը կարող է նավազեցնել  կենցաղային աղբի քանակն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: «Նորարար լուծումներ կայուն զարգացման համար» հասարակական կազմակերպությունը թափոններն ուղարկում է վերամշակման:  Բայց մինչ այդ աղբը վերատեսակավորում են աղբը հավաքող բանվորները։  Արմավիրի «Բարեկարգում» տնօրինության ղեկավար Արմեն Հարությունյան.

«Մեր հասարակության համար  սա համընդհանուր խնդիր է: Կուզեի, որ իրազեկվեին և դպրոցներից սկսեին աղբի տեսակավորման գործընթացը: Մեզ մոտ շատ են դեպքերը, երբ մարդիկ աղբը նետում են չնախատեսված վայրերում և աղտոտում շրջապատը: Պետք է տարբեր եղանակներով հասարակությանը իրազեկել աղբի տեսակավորման մասին, որպեսզի ճիշտ օգտվեն աղբամաններից»:

Արմավիրի թիվ 2 դպրոցի տարածքում թղթի թափոնների համար նախատեսված արկղեր են տեղադրվել, որտեղ գցում են նույնիսկ  աշակերտների սևագրերը։

Աշխարահագրության և բնագիտգության  ուսուցչուհի Թեհմինե Մկրտչյանն իր դասերի ընթացքում հաճախ է անդրադառնում շրջակա միջավայրի պահպանությանը.

«Թղթի թափոնների առաջին խմբաքանակը նոր ենք դատարկել:  Թափոնների հանձնման արդյունքում  նպատակ ունենք վերցնել մասնագիտական խաղեր և գրականություն: Նախ սովորում ենք  աղբը տեսակավորել, իսկ դրա համար անհրաժեշտ է խթանող ուժ, որպեսզի հետո այն դառնա սովորույթ:  Երբ դառնա սովորույթ, արդեն իրենք, ուզեն, թե չուզեն, աղբը կտեսակավորեն, բայց  սկզբի համար պետք է մոտիվացնող ինչ որ բան»:




Թեհմինե Մկրտչյանը դպրոցում «Էկո» խմբակ է հիմնել: Աշակերտներն այստեղ սովորում են նոր կյանք հաղորդել թափոններին: Այդպես էկո գլոբուս, քարտեզներ, հրաբխային մակետներ և դասերին անհրաժեշտ այլ պարագաներ են պատրաստել։

Տարիներ առաջ Արմավիրում մտադիր էին Չեխիայի կառավարության հետ համատեղ թափոնների տեսակավորման և աղբի վերամշակման գործարան կառուցել։ Ծրագիրը, սակայն, չիրականացավ, ու  հիմա նոր գործընկերներ են փնտրում, այս անգամ արդեն Գերմանիայում: Վերջերս Արմավիրի պատվիրակությունը այցելել էր Գերմանիայի Դաշնություն և ծանոթացել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բորգենլանդի շրջանի աղբահանության ու աղբի վերամշակման փորձին: Պատվիրակությունը եղել է աղբի այրման գործարանում:

Արմավիրի  «Բարեկարգում» տնօրինության ղեկավար Արմեն Հարությունյան.





«Մենք այցելեցինք Գերմանիայի Նաումբուրգ  քաղաք, որտեղ ուսումնասիրեցինք աղբահանության ոլորտը: Հիմնականում կանգ առանք աղբի այրման կայանում, որտեղ աղբի մնացորդները, որոնք անհնարն է մշակել, վերջնական փուլում այրվում են և բնապահպանական ոչ մի խնդիր չեն առաջացնում. Ծուխը մի քանի անգամ զտվում, մաքրվում է»:

Գերմանական և հայկական պատվիրակությունների փոխադարձ այցերի արդյունքում  պայմանավորվածություններ են  ձեռք բերվելու Արմավիրում  նաև աղբահանության բարելավման ուղղությամբ: Պատվիրակության կազմում եղել է նաև Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը.



 «Նախ քննարկվել են համագործակցության  հայեցակարգեր և ռազմավարություն ունենալու խնդիրները, որը միասին ենք մշակելու: Դրանից հետո մեր գործընկերները կորոնեն  լուծման ֆինանսական ճանապարհները»:

Գերմանացի գործընկերները Արմավիր կայցելեն այս ամռանը: Իսկ մինչ այդ պետք է մտածել տեսակավորված աղբամաններից ճիշտ օգտվելու մշակույթը համընդհանուր դարձնելու մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն