Գյումրիի Բարեկամության այգում այսօր տեղի է ունեցել սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացումը։ Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 մլն դոլար է, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

Մինչև աշուն այգին կառուցված կլինի կիսով չափ, իսկ 2024 թ ամռանը նախատեսվում է զբոսայգու վերջնական բացումն իր բոլոր ենթակառուցվածքներով։

Թմբուկներն ու ծափերն ազդարարում են սահադաշտի և վերնիսաժի բացումը՝ Գյումրու նորակառույց Բարեկամության այգում։

815 քառակուսի մետր տարածքով շարժական սահադաշտ հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարծում է, որ այգին կարող է բեկումնային փոփոխություն մտցնել Շիրակի մարզում։



«Այս այգին պարզապես նոր հանրային վայր չէ Գյումրու համար: Այն վկայում է պատմությամբ և մշակույթով հարուստ այս գեղեցիկ քաղաքի վերածննդի մասին: Ես հպարտ եմ, որ Եվրոպական միությունն աջակցում է այս ծրագրին»։

Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Վիկտոր Ռիխտերը շատ է կարևորում Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժը։

«Բավական է մի վայրկյան շրջել Գյումրի քաղաքի հին պատմական հատվածով ու միանգամից համոզվել դրանում։ Վստահ եմ, որ վերանորոգված այգին կսիրվի ոչ միայն տեղաբնակների կողմից, այլ նաև զբոսաշրջիկների եւ կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»։

ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին։

Այգու տարածքի 25 փայտե տաղավարները գյումրեցի վարպետներն են կառուցել։

Ցուցահանդես-տոնավաճառում  ներկայացված են գյումրեցի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները։

Տաղավարներից մեկում Գյումրու «Վառեմ-մարեմ» արհեստանոցի հուշանվերներն են, Գյումրվա ինքնատիպ դռների ու պատուհանների մանրակերտերն այստեղ ոչ միայն մագնիսների, այլ նաև շոկոլադների տեսքով են։

 Քանդակագործ Ալբերտ Շաբոյան

«Գյումու հյուրերի աչքին առաջինն ինքնատիպ դռներն են ընկել ու դարձել են խորհրդանիշ։ Որքան մեծահարուստ են եղել բնակիչները, այնքան շքեղ են եղել դռները»։

Գյումրեցի արհեստավոր երիտասարդներն այգու առաջին հյուրերին նաև շոկոլադե պատուհաններ ու դռներ են նվիրում, որ գյումրեցու հյուրասիրության մասին էլ հիշեցնեն։ 

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 մլն դոլար է, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

Մինչև աշուն այգին կառուցված կլինի կիսով չափ, իսկ 2024 թ ամռանը նախատեսվում է զբոսայգու վերջնական բացումն իր բոլոր ենթակառուցվածքներով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն