Եռամսյայից՝ 25-օրյա․ անձը մնում է սոցիալիզացված, պետությունը՝ պաշտպանված
Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա։ Հավաքների տևողությունը 1/3-ով կրճատելու մտադրության մասին հայտարարվել էր կառավարության դեռ հոկտեմբերի 13-ի նիստում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան․
«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպչական հատվածը նաև ապահովելու համար, 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն»։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։ Տարեվերջին հանրային քննարկման դրված որոշման նախագծում, սակայն բացակայում է օրերի ընտրության հնարավորությունը։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան․
«Միանգամից մարդկանց համար ասենք, որ սա նախորդ աշնանը քննարկված տարբերակը չէ, որով եռամսյա հավաքները դառնում են 25-օրյա, այնտեղ ուրիշ մեխանիզմ էր նախատեսված։ Սրա և նրա նմանությունը միայն 25 օրն է»։
Անհրաժեշտ, բայց ոչ բավարար․ հունվարի 15-ից ապրիլի 15-ը հավաքներ կանցկացվեն
2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների մասնագիտական վերապատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։ Արդյոք հնարավո՞ր է 25 օրվա ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցկացնել։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան․
«Այդ հարցին պատասխանելու համար պետք է ուսումնական ծրագրերը նայել։ Հնարավոր է՝ երեք ամիսն էլ բավարար չլինի, եթե ուսումնական գործընթացը սխալ է կազմակերպվում։ Հիմա, եթե անձը հրետանավոր է, պետք է իրեն հրետանու հետ վարվելու նրբությունները սովարացնես, կրակի վարման նոր միջոցները, ժամանկակաից ձեռքբերումները, անօդաչու թռչող սարքերով հրետանային կրակի ճշգրտում և այլն։ Եթե սրա փոխարեն մարդու 8 ժամյա դասընթացի 7 ու կեսը շարայինով լցնես միայն, կես ժամը՝ դրանով, պարզ չի՞, որ երեք ամիսն էլ հերիք չէ»։
Համապարփակ պաշտպանությունը՝ աշխարհայացք․ ի՞նչ է առաջարկում ԱՏՁՄ-ն եռամսյա հավաքների փոխարեն
Պահեստազորայինների եռամսյա հավաքները խնդիրների առջև էին կանգնեցրել ՏՏ ընկերություններին․ «կրիտիկական» համարվող աշխատակիցներին դրանց ընթացքում փոխարինողներ գտնելը հեշտ չէր։ Խնդիրներ էին առաջացել գործատու-աշխատող փոխհարաբերություններում։ Մարդիկ դժվարանում էին 3 ամսով թողնել աշխատանքը, հատկապես եթե վարկեր կամ իրենց խնամքին ընտանիքի անդամներ ունեին։ 25-օրյա տարբերակն այս խնդիրները որոշ չափով լուծում է՝ կարծում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը․
«Սա, ըստ էության, հին համակարգն է, ուղղակի ժամկետն ավելի կարճ։ Անկասկած, մի քանի պատճառներով 25 օրն ավելի ճիշտ մոտեցում է, քան երեք ամիսը։ Նախ չի խախտվում անձի սոցիալիզացիան, այսինքն, երեք ամսով աշխատանքից կտրվելը, բիզնեսմենը՝ բիզնեսից, անձն՝ ընտանիքից, դա այլ բան է, 25 օրն այլ։ Ավելին, եթե ուսուցումից հանենք ավելորդ բաները, ապա, մեծ հաշվով, խտացնելով այդ 25 օրը կստանանք այն, ինչ կստանայինք երեք ամսում, բայց չենք կտրվի սոցիալական միջավայրից»։
Եռամսյա վարժական հավաքները 25-օրյայով փոխարինելու որոշումը դեռ մշակվում է
Վարժական հավաքների ապահովման համար կներգրավվի 306 միավոր տրանսպորտային միջոց և 3281 քաղաքացի: Ռազմական փորձագետն առաջարկում է վարժական հավաքների դեպքում ևս մի փոփոխություն անել, դրանք դարձնել ապակենտրոն։ Բացատրում է․
«Եթե մարդիկ մարտական հերթապահության չեն տարվելու՝ դասընթացները լինեն ապակենտրոնացված, մարդկանց բնակավայրի մոտ։ Մարդն առավոտ 9–ին գնա, ինչպես բուհերում, իր դասը անի տուն գա ։ Եթե իմաստը մարդուն ուսուցանելն է, ապա երեկոյան 7–ին կամ 8–ին զորանոցում կամ վրանի տակ քնելու, այդտեղ մնալու իմաստը որն է։ Գա տուն, հաջորդ օրը նորից գնա, բայց սրան դեռևս մեր կառավարությունը չի հասնում»։
Ըստ ռազմական փորձագետի՝ այդ միջոցառումով անգամ պետբյուջեն կթեթևանա. ՊՆ-ն երեք անգամի փոխարեն մեկ անգամ կկերակրի պահեստազորին, գիշերակացի հարցը ևս օրակարգից դուրս կգա։ Ռազմական գերատեսչությունն անգամ կարող է խնայել համազգեստների առումով։ Ուսումնական մասը կարելի է և առանց դրա կազմակերպել։
Ինչ վերաբերում է վարժական հավաքների արդյունավետությանը, ռազմական փորձագետի դիտարկմամբ, դա հնարավոր է ապահովել միայն արդյունավետ ուսումնական ծրագրերի, որակյալ դասավանդողների և առողջ բարոյահոգեբանական միջավայրի դեպքում։ Հավաքների արդյունավետությունը «չափելու» համար սոցիոլոգիական հարցում էր պատվիրել նաև կառավարություն վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում: Արդյունքներն ամփոփվել են նախորդ ամիս, սակայն դրանց մասին հրապարակային տեղեկատվություն չի հրապարակվել։