«3 նամակ Բելլայից». նոր հեռուստասերիալի մանրամասները և առաջին լուսանկարները BACKSTAGE-ից
Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը փետրվարի 6-ին լսարանին կներկայացնի նոր հեռուստանախագիծ՝ «Երեք Նամակ Բելլայից», որում ընդգրկված են դերասաններ ինչպիսիք՝ Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Տաթև Սարգսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալլա Վարդանյանը, Իրինա Այվազյանը, Մագա Հարությունյանը և մի շարք այլ դերասաններ, որոնց հեռուստադիտողը հասցրել է ճանաչել և սիրել տարբեր հեռուստանախագծերի շրջանակներում:
Պատմությունը կառուցվում է 2 ընտանիքների շուրջ, որոնցից մեկը գեներալի ընտանիքն է, իսկ մյուսը գնդապետի, ընտանիքներն էլ հետագայում փոխկապակցվում են բարեկամական հարաբերություններով:
Այս փուլում հեռուստասերիալի նկարահանումների բուռն շրջան է և Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է նախագծի մանրամասները և առաջին լուսանկարները BACKSTAGE-ից:
Նախագծի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը պատմեց՝ ինչպես են անցնում նկարահանումները, խոսեց դերասանական անձնակազմի, գլխավոր դերակատարների և ներկայացվող պատմության մասին:
«Նախագծում պրոֆեսիոնալ անձնակազմ է ընդգկված, թե՛ կադրում, թե՛ կադրից այս կողմ, բայց պետք է նշեմ, որ ունենք դերասաններ, որոնք ոլորտում անում են իրենց առաջին քայլերը: Հատկանշական է, որ բոլորս էլ ունենք աճելու և ստեղծագործելու կարիք անկախ աշխատանքային փորձից»,- ասաց նա:
Նախագծի սցենարիստ Ելենա Արշակյանն օրեր առաջ Tert.am Life-ի հետ զրույցում խոսեց գլխավոր դերակատարների՝ Թելմանի և Էթերի կերպարների մասին և նշեց, որ առաջին անգամ են նման փորձ ունենում, երբ սերիալային զույգը կրկնվում է, իսկ ռեժիսորը մանրամասնեց՝ ինչ կերպարներ են մարմնավորելու դերասաններն այս նախագծում:
«Այս նախագծում նրանց երկուսի խառնվածքները, պատմությունը լիովին այլ են, չնայած արտասահմանյան մեդիաշուկայում մենք հաճախ կհանդիպենք նմանօրինակ փորձեր, երբ զույգերը կրկնվում են: Էթերին մարմնավորում է բժշկուհու, որը գեներալի դուստրն է և այստեղ ամեն բան այլ է. խառնվածք, մոտեցումներ, ապրելակերպ և մտածելակերպ: Թելմանն այս նախագծում «կյանքի տղա է», որը սովորել է արտերկրում, սիրում է կյանքը, վայելում է այն և խաղարկային թեթև կերպար է»,- նշեց ռեժիսորը:
Նախագծի գլխավոր հերոսներից է դերասան Ալեքսանդր Բաբասյանը, որը նշեց՝ իր համար նախագծին մասնակցելու կարևոր նախապայմաններից մեկը սցենարն է և կերպարային լուծումները:
«Ուրախ եմ նկարահանվել նախագծում, որն իսկապես հետաքրքիր սցենարային լուծումներ և երանգներ ունի: Ինձ համար կարևոր է, որ ես կարողանամ գույներ տալ կերպարին, աշխատել նրա հետ, կերտել և հասկանալ բնավորության գծերը: Նախագծում ես Գոշն եմ, որը մասնագիտությամբ իրավաբան է, գնդապետի որդին: Ես սիրում եմ մարմնավորել կերպարներ, որոնք երկար են հիշվում և տպավորվում են մարդկանց մեջ: Վստահ եմ՝ այս կերպարը բացառություն չի լինելու»,- ասաց նա:
Հեռուստասերիալում Ալեքսանդր Բաբասյանը և Էթերի Ոսկանյանը մարմնավորում են սիրային զույգի, բայց նրանք առաջին անգամ չէ, որ մարմնավորում են զույգի: Ալեքսանդրը և Էթերին նկարահանվել են «Երանի» հեռուստասերիալում:
«Այդ նախագծում ես և Էթերին մարմնավորում էինք սիրահար զույգի, բայց նկարահանվել եմ 2 ամիս և պետք է նշեմ՝ սիրային զույգ մարմնավորելն իմը չէ (ծիծաղում է), իսկ այստեղ իրավիճակն այլ է, քանի որ ես մերժված, բայց սիրող հերոսի կերպարում եմ, հենց սրանով էլ ընթացքն ու կերպարը հետաքրքիր են: Նկարահանումների գրաֆիկը շատ խիտ է, փորձում ենք ներկայացնել հեռուստադիտողին որակյալ աշխատանք»,- նշեց դերասանը:
Ալեքսանդր Բաբասյանի հոր և գնդապետի դերում է դերասան Լևոն Ղազարյանը, որը մեզ հետ զրույցում պատմեց իր կերպարի և նախագծի մասին:
«Նախագծում ես մարմնավորում եմ գնդապետի, որն ունի 2 երեխա և հայ ավանդական ընտանիքի հայր է: Հիմնական գործողությունները նաև կատարվում են գեներալի ընտանիքի հետ, որն իմ ընկերն է, իսկ նրա դուստրը՝ Բելլան իմ հարսը: Նկարահանումները շատ հետաքրքիր են և հեռուստասերիալային նկարահանումների ժամանակ պետք է շատ ճկուն լինել և արագ կողմնորոշվել, իսկ երիտասարդ դերասանների հետ նկարահանումները միմիայն հետաքրքրեցնում են ընթացքը»,- ասաց Լևոն Ղազարյանը:
Նշենք, որ հեռուստասերիալի նախապատրաստական աշխատանքները և նկարահանումները սկսվել են դեռևս նախորդ տարվա ամռանից: Ելենա Արշակյանը տեղեկացրեց, որ նկարահանումներն իրականացվել են նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում և հետագայում ևս որոշակի նկարահանումներ կայանալու են այնտեղ: