Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ շուրջ 51 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։

Ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ կապալառուների կողմից կատարվում են վերջին շտկումները, անվտանգության տարրերով բարելավվում է ճանապարհի կահավորանքը. որոշ տեղամասերում տեղադրվում են բետոնե պարապետներ, ուղղորդիչ սյուներ, մետաղական արգելափակոցներ, քարաթափումներից պաշտպանող ցանցեր։ Հիմնանորոգումը կատարվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։



«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և ծրագրի պատասխանատուներն այցելել են Մ-6 ճանապարհ՝ տեղում ուսումնասիրելու կատարված աշխատանքները։

Գոռ Ավետիսյանը նշել է, որ Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, բացի մոտ 600 մ հատված ընդգրկող Օձունի խաչմերուկից, գրեթե ավարտվել են։ Օձունի խաչմերուկը կհիմնանորոգվի ընթացիկ տարում ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմված են, և շուտով կհայտարարվի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ «Այսպիսով՝ մենք կունենանք ՀՀ հյուսիսային սահման՝ դեպի Վրաստան տանող բարձրակարգ ճանապարհ։ Նախկինում ճանապարհը նույնիսկ 4-րդ տեխնիկական կարգին չէր բավարարում, այժմ ունենք 3-րդ տեխնիկական կարգի բարելավված ճանապարհ՝ երթևեկության ավելի բարձր հաշվարկային արագությամբ»,- ասել է «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարը՝ ավելացնելով, որ հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։



Շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ ինտերնեյշնլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը, որ տեղում ներկայացրել է արված ու ընթացիկ աշխատանքները, նշել է, որ կարող է երաշխավորել, որ կատարված աշխատանքի որակը գերազանց է. «Հետևել ենք շինարարության ընթացքին, ծրագրի բոլոր դետալներին։ Կարող եմ անձամբ իմ և «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ ինտերնեյշնլ» կազմակերպության անունից երաշխավորել՝ որակը գերազանց է»։



Կատարված աշխատանքի որակը բարձր գնահատեց նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ «Նման որակի և մասշտաբի աշխատանքը պատկերացնել դժվար էր, սակայն դա արդեն իրականություն է։ Ես, հընթացս հետևելով կատարված աշխատանքներին, վստահ եմ, որ ճանապարհը երկար տարիներ ծառայելու է ժողովրդին»,- ասել է Արեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին ավարտվել էր նաև Մ-6-ի առաջին՝ Վանաձոր-Թումանյան (38,45 կմ) հատվածի հիմնանորոգումը, որը կատարվել էր Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն