Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. կազմակերպությունները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 08:00-19:00-ը,
- փոփոխություն կլինի հեռաբժշկության կանչերի գրաֆիկում,
- հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում,
- պացիենտի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային,
- նոր բոնուսային համակարգի ներդրմամբ` պատշաճ աշխատանք կատարող առաջնային օղակի բժշկի, բուժքրոջ աշխատավարձը կբարձրանա:
Առողջապահության համակարգում ներդրվող կարևորագույն բարեփոխումները քննարկելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության առաջնային օղակի պատասխանատուների հետ, լսել մարզային կառույցների ներկայացուցիչների առաջարկները:
«Փոփոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը»,- նշել է Արտակ Ջումայանը:
Քննարկման ավարտին նախարարի տեղակալը շրջայց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոնում, եղել ծննդատանը: Մանկական բաժանմունքում Արտակ Ջումայանը հետաքրքրվել է սեզոնային սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակով: