Արդեն երկու ամիս շրջափակված Արցախում նախապատարստվում են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին։ Դրանք ամբողջությամբ դադարեցվել էին դիզվառելիքի բացակայության պատճառով։ Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը «Ռադիոլուրին» ասել է, որ փորձում են դիզվառելիք տնտեսել, տրամադրել հողօգտագործողներին, բայց կվերահսկեն, որ հատկացված դիզվառելիքը նպատակային օգտագործվի։ Այս տարի շեշտը կդրվի բանջարեղենի մշակության վրա։ Բայց մեկ տարում, այն էլ շրջափակման պայմաններում, հնարավոր չէ ինքնաբավության մակարդակ ապահովել։ Դրա համար մեծ ծրագրեր ու ներդրումներ են ահրաժեշտ։ Փետրվարի 21-ից Արցախում կտրոնով նաև միրգ, բանջարեղեն և ձու կվաճառեն։ Հովհարային անջատումները օրական վեց անգամ են իրականացվում, տները փորձում են տաքացնել վառելափայտով։ Բայց փայտն էլ հաճախ արցախցուն չի հասնում, դարձյալ վառելիքի  բացակայության պատճառով։

Արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները հստակ որոշել են՝ նահանջի տեղ չունեն, թշնամուն զիջելու հայրենիք՝ առավել ևս։ Արցախցի Մարի Քալաշյանը մեզ հետ զրույցում նախ իրավիճակն է ներկայացնում, պատմում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրոնով տրամադրելը փոքր–ինչ փոխեց իրավիճակը, բայց միևնույնն է, ապրանքների սղությունը նկատելի է։ Երբեմն փորձում են նաև բանջարեղեն ձեռք բերել։



«Հերթերը շատ են։ Բացի այդ ոչ բոլորին է հասնում։ Եթե կա մեկ հատ կաղամբ, այն բաժանում են չորս մասի, ամեն ընտանիքի տալիս են ¼ մասը։ Դա էլ  է ոչ բոլորին հասել։ Մի պահ երեխեքը կերան։ Առաջիկայում կտրոնները, որ բաժանեն, ավելի հեշտ կլինի»,– ասում է Մարի Քալաշյանը։

Փետրվարի 21-ից Արցախում կտրոնով նաև միրգ, բանջարեղեն և ձու կվաճառեն։ Այստեղ սպառում են տեղական արտադրության կաթնամթերքը։ Այն ավելի հեշտությամբ են կարողանում ձեռք բերել, նշում է զրուցակիցս։ Խանութներում մնացել է ավելի բարձր գին ունեցող երշիկեղենը, ասում է Մարին, երեխաները երբեմն նաև քաղցրավենիք են ուտում․

«Առանց երշիկեղեն էլ ենք ապրում։ Փառք աստծո, հաց լինի, յոլա կգնանք։ Մեկ–մեկ խանութները քաղցր ստանում են։ Իհարկե՝ ոչ ամեն օր։ Հնարավոր է ժամերով հերթ կանգնենք, հերթը գա ու քեզ ոչ մի բան չհասնի»։



Արցախում  դպրոցները փակ են, տարրական դասարանների աշակերտները առաջադրանքները օնլայն են ստանում, կատարում դրանք, նկարում ու ուսուցիչներին ուղարկում։ Ավագ դպրոցները գուցե սկսեն դասերը, եթե վառելափայտի հարցը լուծվի։ Արցախում գազ չկա, վառելափայտը վերջանում է։ Եղած փայտն էլ շատերին չի հասնում, դարձյալ վառելիքի բացակայության պատճառով։

Արցախում դադարեցված են նաև գյուղատնտեսական աշխատանքները՝ «Ռադիոլուրին» փոխանցում է Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։ Սակայն, չնայած բազմաթիվ խնդիրներին, նախապատրաստվում են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, ասում է նախարարը․       

«Շրջափակումից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են՝ դիզվառելիքի բացակայության պատճառով։ Հիմա  սահմանափակումներ ենք մտցրել, փորձում  ենք դիզվառելիքի  տնտեսումներ անել, որ գարնանանցանի համար դիզվառելիք ու սերմեր տրամադրենք։ Հիմնական շեշտը դրել ենք բանջարեղենի վրա։ Պահուստային ֆոնդից դիզվառելիքը հողօգտագործողներին կտանք, որ գյուղաշխատանքեր իրականացնեն։ Բայց կվերահսկենք, որ կոնկրետ այդ նպատակով օգտագործեն դիզվառելիքը, ոչ թե անձնական»։

Ըստ էության՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել էին։ Երբ ձյունը հալվի, դրանք կշարունակեն՝ ասում է նախարարը․

«Միանշանակ, շեշտը դնում ենք բանջարեղենի արտադրության վրա։ Բոլոր գյուղմթերքի մասով դժվար կլինի ինքնաբավությունը ապահովել։ Մեկ տարում հնարավոր չէ՝ այն էլ շրջափակման մեջ։ Ունենք դիզվառելիքի, սերմերի խնդիր։ Եթե ճանապարհը բացվի, կարող ենք գոնե փոքր–ինչ մոտենանք ինքնաբավությանը, բայց ամբողջությամբ ապահովելու համար մեծ ծրագրեր ու ներդրումներ են ահրաժեշտ»։

Արցախում անասնակերի խնդիր էլ կա։ Ընդհանրապես, խնդիրները շատ են, բայց փորձում են նվազագույն հնարավորություններով առավելագույն արդյունքի հասնել՝  եզրափակում է Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն