Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից ուղիղ մեկ ամիս անց զոհված 15 զինծառայողների ծնողները հավաքվել են Պաշտպանության նախարարության ու Կառավարության շենքների մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 14 ծնողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպման ակնկալիքով շուրջ 10 օր առաջ գրավոր դիմում են ներկայացրել պաշտպանական գերատեսչություն, պատասխան չեն ստացել, ինչն էլ ծնողներին ստիպել է այսօր վաղ առավոտից հավաքվել նախարարության շենքի մոտ։ Ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում հրդեհի պաշտոնական վարկածին, պահանջում են քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները։ Կեսօրից հետո զինվորների ծնողները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց պահանջները։

Զինվորական կացարանի հրդեհից ուղիղ մեկ ամիս անց զոհված 15 զինծառայողների ծնողները ողբերգական դեպքի քննության ընթացքից գոհ չեն, ասում են՝ իրարամերժ, անարժանահավատ վարկածնեն իրենց հանգիստ չեն տալիս։ Այսօր էլ անպատասխան հարցերին պատասխաններ գտնելու ակնկալիքով զոհված 15 զինծառայողների ծնողները նախ՝պաշտպանության նախարարության, հետո արդեն՝ Կառավարության շենքի մոտ էին։ Հանդիպում էին պահանջում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ։

«Մենք 15 առողջ, հաղթանդամ երեխա ենք տվել մեր երկրի համար, իսկ իրենք մեզ մոխրացած դիեր տվեցին։ Ես նախարարությունից պահանջում եմ՝ ոնց իմ երեխային տարել են, նույն կերպ վերադարձնեն։ 15 անմեղ երեխա խաղաղ պայմաններում իրենց կացարանում այրվեցի՞ն։ Երեկ ես պիտի իմ թոռան բանակից զորացրվելը տոնեի, բայց հիմա արդարության համար եմ պայքարում»,– ասում է զոհված զինծառայողի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը։

«Եթե գիտակից են եղել, գոնե 5-ը կկարողանային փախչել»․ հրդեհից զոհված զինվորների հարազատները կասկածներ ունեն



Ծնողները տարակուսում են՝ եթե հրդեհից հետո մի քանի զինծառայողի հաջողվել է դուրս գալ այրվող կացարանից ու փրկվել, ինչու իրենց որդիներին դա չի հաջողվել, կամ առհասարակ ինչու են տղաները ամիսներ շարունակ նման պայմաններում անցկացրել իրենց ծառայությունը։ Զոհված զինվորների հարազատները իրավապաշտպան Նորայր Նորիկյանի հետ սեփական հետաքննություն են սկսել, քանի որ, իրենց պնդմամբ, չեն վստահում ու հավատում պաշտոնական վարկածին։ Փաստաբան Նորիկյանն ասում է՝ կասկածների տեղիք է տվել նաև գործով գլխավոր գործող անձ՝ կապիտան Եղիշե Հակոբյանի ցուցմունքը։

«Անցած մեկ ամսվա ընթացքում հանրությանը բազմաթիվ հակասական տեղեկություններ են տրվել։ Եվ այն նկարագրությունը, որ Եղիշե Հակոբյանի փաստաբանի կողմից մենք լսում ենք, ոչ միայն փորձ է հանրության ուշադրությունը շեղելու, այլ նաև անհասկանալի է․ այդ 15-20 րոպեների ընթացքում հաստատ հնարավոր էր անձնակազմին դուրս բերել։ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բոլոր վարկածները քննության առնել․ մեզ համար ակնհայտ է, որ երեխաները հրդեհից առաջ արդեն կենդանի չեն եղել։ Հիմա մենք պահանջում ենք, որ այս ողբերգությունը, այս հանցագործությունը բացահայտվի»,– պնդում է Նորայր Նորիկյանը։   



Փաստաբան Նորայր Նորիկյան

Քննչական կոմիտեում, սակայն, վստահ են՝ ողբերգական դեպքից հետո ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված պաշտոնական վարկածը։ Ըստ քննչական կոմիտեի՝ Եղիշե Հակոբյանի ցուցմունքով հաստատվել է ավտոբենզին օգտագործելու, դրա 5 լիտրանոց տարան կացարան բերելու և վառարանը դրանով վառելու վարկածը։

Ավելին՝ Քննչական կոմիտեն անընդունելի է համարել զոհված զինծառայողների ծնողների շահերի պաշտպանի հայտարարությունները՝ դրանք քննության ընթացքը խաթարող և տուժողների շրջանում անվստահություն առաջացնող որակելով։

Մեջբերում․ «Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև՝ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացությունների պատրաստ չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա»։



Քննչական մարմինը հրդեհի պատճառները պարզելու համար մի շարք փորձաքննություններ է նշանակել, այդ թվում՝ հրդեհատեխնիկական պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական, դատաբժշկական, որոնց պատասխաններն առայժմ չկան։ Զոհված զինծառայողների իրավապաշտպան Նորայր Նորիկյանը մինչդեռ պնդում է՝ զոհված յուրաքանչյուր զինծառայողի գործը պետք է առանձին քննվի։

«Դիակների դատաբժշկական փորձաքննության մեջ հստակորեն պետք է փորձագետները պատասխանեն, թե յուրաքանչյուր զինծառայողի մահվան պատճառը որն է, դրանից հետո հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքներն էլ ենթադրաբար պետք է տան  «ինչն է եղել հրդեհի պատճառը» հարցի պատասխանը»,– ասում է իրավապաշտպանը։

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից 1 ամիս անց այս գործով 5 մեղադրյալ կա։ Օրերս քրեական գործ է հարուցվել նաև զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ՝ զինվորական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու կամ մարդկանց մահ հոդվածով։ Ըստ գլխավոր դատախազության՝ ծառայության պետը այրված կացարանում պատասխանատու էր նյութական ապահովման համար և պարտավոր էր հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, ինչը չի կատարել։ Մեղադրվում են նաև, ըստ պաշտոնական վարկածի, ավտոբենզինով վառարանի կրակը թեժացնելու փորձ արած կապիտան Եղիշե Հակոբյանը և հակահրդեհային միջոցների պատասխանատու երեք զինվորականները։ Օրերս Այրվածքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ հարցաքննվել է կապիտան Հակոբյանը։ Վերջինի փաստաբան Հովսեփ Սարգսյանը լրատվամիջոցներին ասել է, որ սպան իրեն վերագրված մեղադրանքը չի ընդունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն