Արմավիրի ուսումնական զորամասում վերապատրաստվում է «Պաշտպան հայրենյաց» –ի շահառուների առաջին խումբը
ՊՆ–ն դադարեցնում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրն ու անցնում շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգի ներդրմանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին: Այն զինակոչիկներին հնարավորություն է տալիս զինվորագրվելուց 6 ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության՝ 5 տարի ժամկետով, նախընտրած զորամասում: ՊՆ ներկայացուցիչները մարզերում ներկայացնում են զինծառայության նոր ներդրվող համակարգը։ Արմավիրի ուսումնական զորամասում հիմա վերապատրաստվում է ծրագրի շահառուների առաջին խումբը:
Երկու տարվա փոխարեն 5 տարի պայմանագրային ծառայություն՝ աշխատավարձի վճարմամբ, տուն գնալու հնարավորությամբ: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին ժամկետային զինծառայողների ծնողներին իրազեկում են ՊՆ աշխատակիցները: Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայան։
«Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, տարածքային զինկոմիսարիատի և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ ծնողներին իրազեկում ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման առանձնահատկությունների մասին»:
Վաղարշապատի մշակույթի տանը ՊՆ կադրերի և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության աշխատակից գնդապետ Հովիկ Թումասյանը հանդիպել է Փարաքար, Խոյ և Արաքս համայնքներից զորակոչված ժամկետային զինծառայողների ծնողների հետ և ներկայացրել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելությունները:
«Վեց ամիս ծառայությունից հետո՝ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տրվում մասնակցել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին: Պայմանագիրը կնքելու օրվանից պետք է 5 տարի ծառայություն իրականացնի իր նախընտրած զորամասում՝ համապատասխան մասնագիտությամբ»:
Պայմանագիրը կնքելուց հետո ժամկետային զինծառայողները զորամասերում մասնագիտական վերապատրասման եռամսյա դասընթացներ են անցնում և հանձնում որակավորման քննություն: Գնդապետ Հովիկ Թումասյանը նշում է, որ ատեստավորումը պայմանագրային զինծառայողի աշխատավարձը մինչև 350 հազար դրամ բարձրացնելու հնարավորություն է տալիս:
«Ատեստավորումից հետո պայմանագրային զինծառայողին լիազորագիր է տրվում՝ 3 տարի անընդմեջ հավելավճար ստանալու համար: Այսինքն՝ ես ստանում եմ ինչ–որ չափի աշխատավարձ, ատեստավորումից հետո երեք տարի շարունակ աշխատավարձս կրկնապատկվելու է՝ առանց կրկնակի ատեստավորման»:
Ծառայողներն ու նրանց ընտանիքի անդամներնը օգտվելու են զինծառայողների սոցիալական փաթեթներից, իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կարող են զուգահեռաբար հեռակա սովորել բուհում։ Գնդապետի խոսքով՝ ծրագրի առավելություններից մյուսն էլ ծառայությունն ու առօրյա կյանքը համատեղելն է։
«Ծառայությունն օրվա մեջ իրականացվելու է 8 կամ 4 ժամ՝ կախված զորամասում սահմանված աշխատաժամից: Շաբաթ և կիրակի օրերին հանգստանալու են, տարվա ընթացքում կօգտվեն հասանելիք արձակուրդից, ինչպես նաև 10-օրյա լրացուցիչ արձակուրդից՝ կապված ընտանեկան պայմանների հետ: Իսկ ամենակարևորը՝ երեկոյան ժամը 6-ից հետո տանն են լինելու, ընտանիքի հետ, բացի դրանից՝ սոցիալական օգնություն են ցուցաբերելու ծնողներին»:
Նորակերտից Գագիկ Բարսեղյանը ամռանն է զորակոչվել բանակ, 6 ամիս ծառայել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, վեցամսյա ծառայությունն ավարտելուց հետո դարձել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու: Երիտասարդը նաև ուսանող է: Հայրը՝ Ռոմիկ Բարսեղյանը, պատմում է, որ տղան բանակում է տեղեկացել ծրագրի մասին ու որոշում կայացրել։
«Խելացի տղա է. դպրոցն ավարտեց, քննությունները հանձնեց, ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի կառավարման բաժին և մեկնեց բանակ: Ծրագրի հետ կապված ասաց՝ կարող եմ և՛ ծառայել, և՛ հեռակա սովորել: Վերապատրաստվելուց և քննական շրջանը՝ ատեստավորումը, ավարտելուց հետո իր նախընտրած զորամասում ծառայության անցնելիս աշխատանքի պես առավոտյան գնալու է, երեկոյան՝ գալու: Առօրյա անելիքը համատեղելու է ծառայության հետ»:
Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի իրավաբան, մայոր Գևորգ Պողոսյանի դիտարկմամբ՝ ծրագրի դիմորդները շատ են, հոսքը՝ մեծ: Մայորը նշում է, որ վերապատրաստման դասընթացներում դժվարություններ չկան։
«Ծրագրից օգտվող զինծառայողներն ընդամենը 5 շաբաթ է, ինչ մեզ մոտ են վերապատրաստվում: Հիմա իրենց հետ տարվում են ուսումնական ծրագրին համապատասխան պարապմունքներ, որպեսզի կարողանան ատեստավորումն անցնել: Դժվարությունը ծանրաբեռնվածությունն է՝ ֆիզիկական, կրակային, մասնագիտական. օրը 8 ժամ պարապում են»:
Արմավիրի ուսումնական զորամասում հիմա վերապատրաստվում է ծրագրի շահառուների առաջին խումբը: Այստեղ ծառայելու ցանկություն հայտնել են նաև այլ մարզերից: