Համոզված եմ, որ դա մեզ սպասում է առջևում, և տեղ-տեղ արդեն սկսել է իրականություն դառնալ
Անցած երեք օրերը Արար հիմնադրամի թիմի հետ միասին ես գտնվում էի Աբու Դաբիում անցկացվող հեղինակավոր IDEX միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում: Այս ցուցահանդես է եզակի է իր ներկայացուցչականությամբ՝ տառացիորեն հազարավոր ընկերություններ հարյուրից ավել երկրներից երկու տարին մեկ գալիս են այստեղ՝ ներկայացնելու իրենց ձեռքբերումները, փորձի փոխանակման, և նաև շահավետ գործարքներ կնքելու:
Մենք այս անգամ գնացել էինք մեծ թիմով, և ինչպես արդեն մի շարք սեփական պրոդուկտներ էինք ներկայացնում, այնպես էլ ակտիվորեն ուսումնասիրում էինք մրցակիցներին և նրանց համանման զարգացումները: Մի քանի կարևոր դիտարկում՝
ա) Անոդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտը շարունակում է ակտիվ զարգանալ, բազմաթիվ երկրներ ցուցադրում են իրեն ձեռքբերումները այստեղ: Ցավոք, առաջատարների թվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք շարունակում են նոր և ավելի մահաբեր սարքեր ներկայացնել շուկա: Այս տարի հայկական տաղավարում ևս մի շարք ԱԹՍ-եր էին ներկայացված, ոմանք իրենց տեսակի մեջ բավական արդյունավետ, բայց մենք դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու՝ որպեսզի հասնենք և գերազանցենք շուկայի առաջատարներին:
բ) ԱԹՍ-երի զարգացմանը զուգահեռ, կատարելագործվում են նաև նրանց դեմ պայքարի մեթոդները՝ ռադարներ, օպտոէլեկտրոնային հետախուզման միջոցներ, ռադիոէլեկտրոնային խլացուցիչներ, լազերային և հրթիռային խոցման միջոցներ, և այլն: Այս ոլորտը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, հաշվի առնելով թշնամու առավելությունը ԱԹՍ-երում: Մենք արդեն ունենք մի շարք հետաքրքիր մշակումներ, սակայն առաջիկա տարիներին մեզ հսկայական աշխատանք է սպասում այստեղ ևս, խնդիրներն այստեղ անսպառ են:
գ) մեկ այլ հետաքրքիր զարգացում՝ դա մարտական տարատեսակ միջոցների շարունակող ավտոմատացումն է և խոցման ճշգրտության բարձրացումը, այնպես, որ դրանցից շատերը կառավարվեն հեռավորությունից, երաշխավորված խոցեն թիրախները, բայց զինվորը չգտնվի անմիջական կրակի տակ: Այն երկրները, որոնք դա ավելի արդյունավետ կանեն, էական առավելություն կստանան ապագա մարտադաշտում, և կխնայեն բազմաթիվ մարդկային կյանքեր: Այստեղ էլ մենք ունենք արդեն որոշակի մեկնարկային առաջընթաց, բայց նմանապես շատ մեծ աշխատանք կա առջևում:
Բոլոր այս ուղղություններով մեր հիմնադրամը գործընկերների հետ միասին անցած տարիներին ակտիվ ներդրումներ է կատարել, և դրանց մասշտաբը շարունակ աճում է: Երբ տեսնում ես այլ (ներառյալ թշնամական) երկրների ձեռքբերումները, հիմնական զգացողությունն այն է, որ մենք իրավունք չունենք հետ մնալու, խեղճ լինելու, արդյունքում վախենալու՝ ընդհակառակը, պետք է ի մի բերենք մեր ուժերը, օրնիբուն աշխատենք, և ձգտենք մեր գերակա ուղղություններում առնվազն հավասարվել լավագույններին:
Համոզված եմ, որ դա մեզ սպասում է առջևում, և տեղ-տեղ արդեն սկսել է իրականություն դառնալ: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք այս օրերին իմ հետ էին այս կարևոր ցուցահանդեսում, և որոնք այսօր հետևողական աշխատում են՝ զարգացնելու հայկական ռազմական արդյունաբերությունը և մեր հավաքական մարտական կարողությունները: