Խոցելի խմբերի գործազուրկներին աշխատանքի ընդունելը կխրախուսվի ֆինանսապես
Գործադիրը հաստատել է «Զբաղվածության խթանման միջոցառումը»: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ սրանով աջակցում են բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, մասնավորապես, նրանց, որոնք կունենան հաշմանդակության կարգավիճակ, կամ կլինեն նպաստ ստացող ընտանիքի անդամներ:
Իսկ այն գործատուները, ում մոտ աշխատանքային միջավայրը խելամիտ հարմարեցումներով ապահովված կլինի, կստանան լրացուցիչ 500 հազար դրամ միանվագ աջակցություն։ Փոխհատուցումը կտրամադրվի աշխատանքային հարաբերությունների պայմանագրի ավարտից հետո։
Որոշակի խոցելի խմբերի պատկանող գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող տնտեսվարողները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումը հաստատվեց կառավարության նիստում։ Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։
Կառավարության անդամներին ծրագիրը ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․
«Սահմանել ենք աջակցության տարբեր չափեր՝ ըստ աշխատանքի ընդունվողի տարիքի, երեխա ունենալու հանգամանքի և հաշմանդամության կարգավիճակի: Ծրագրից կկարողանան օգտվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական համակարգի մարմին, վերջին երեք ամսում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Միջոցառման ընթացքում գործատուն աշխտանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսում չեն եղել հարկ վճարող և 6 ամսվա ընթացքում հարաբերությունների մեջ չեն եղել տվյալ գործատուի հետ»:
Այն գործատուները, որոնք առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին և 2-րդ աստիճանի հաշմանդամություն ունեցող անձանց, 12 ամիս շարունակ փոխհատուցում կստանան աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ ամսվա համար 50 հազար դրամ: Բացի այդ, այն գործատուները, ում մոտ աշխատանքային միջավայրը խելամիտ հարմարեցումներով ապահովված կլինի, լրացուցիչ 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան։
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանն ասում է, որ ողջունում է ցանկացած ծրագիր, որը կխթանի զբաղվածությունը, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում։ Սակայն նա չի կարծում, որ ծրագիրը բոլոր գործատուներին կշահագրգռի․ «Ցանկացած խթան կարող է դրական լինել, մնում է հասկանալ՝ որքանով գործատուները հետաքրքրված կլինեն։ Փորձը ցույց է տալիս, որ խոշոր ընկերություններին այդքան էլ չի հետաքրքրում փոխհատուցումը, այն էլ ժամանակավոր։ Բայց միջին և մանր գործատուները, կարծում եմ՝ պետք է հետաքրքրվեն և ավելի ակտիվ աշխատանքի ընդունեն խոցելի խմբերին»։
Զբաղվածությանը խթանող ծրագրեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր չէ, որ ձեռնարկում է։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրեց, որ նախկինում նաև օրենքի փոփոխություն է կատարվել, որով մասնավոր սեկտորում ամեն 100 աշխատողից մեկը, իսկ պետական համակարգում 100-ից առնվազն 3-ը հաշմանդամություն ունեցող պետք է լինեին։ Սակայն արդյունավետությունը սպասվածից շատ ավելի փոքր է եղել․
«Խնդիրն ավելի շատ մասնագիտական հմտությունների, համապատասխան մասնագետների դեֆիցիտի մեջ է։ Այսինքն, եթե մենք աշխատաշուկայում չենք ապահովում անհրաժեշտ հմտություններով և անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ, ապա պետական նման աջակցությունների արդյունավետությունը փոքրանում է։ Եթե չկա այն մարդը, որն այդ հմտությունն ունի, որքան էլ ուզում ես գործատուին մոտիվացրու, նա պետք է գտնի այդ մարդուն, որ այդ մոտիվացման սխեման աշխատի»։
Զբաղվածության խթանման ծրագրով առավելություններ նաև այլ խմբերի համար են գործում։ Եթե, օրինակ՝ գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անդամի, 6 ամիս շարունակ աջակցություն կստանա այդ անձի եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 12 հազար դրամը:
Փոխհատուցման ժամկետը ևս 3 ամսով կավելանա, եթե կնոջ խնամքին կլինի մինչև 5 տարեկան երեխա, հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը․
«Եթե սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63 տարեկանից բարձր անդամին աշխատանքի են ընդունում, 6 ամիս ժամկետով կտրամադրենք այդ անձի եկամտային հարկի 70 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 21 հազար դրամ»։
Փոխհատուցումը կտրամադրվի աշխատանքային հարաբերությունների պայմանագրի ավարտից հետո։ Ի դեպ՝ այս ծրագիրը զբաղվածության խթանման ռազմավարություններից մեկն է։ Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ առաջիկայում ևս մեկ ծրագիր կներկայացվի կառավարության հաստատմանը։