ՏՏ ոլորտը նահանջում է, բայց դիրքերը չի զիջում․ 2022–ի ամենապահանջված մասնագիտություններն ու աշխատաշուկայի միտումները
Թիմային աշխատանք, պատասխանատվություն, ժամանակի կառավարում․ անցյալ տարի գործատուներնը աշխատող փնտրելիս, մասնագիտականից բացի, այս հատկություններն են նաև հաշվի առել։ Իսկ 2022–ին հայաստանյան աշխատաշուկայում նոր մասնագետների հոսք է նկատվել՝ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Նախորդ տարվա համեմատ աշխատաշուկայում պահանջարկի աճ է գրանցել նաև վաճառքի և սպասարկման, տուրիզմի և հյուրընկալության, ադմինիստրատիվ ոլորտներում։ 2022 թ.-ին ակտիվության աճ են գրանցել հայաստանյան բանկերը, ունիվերսալ վարկային կազմակերպություններն ու հեռահաղորդակցության ոլորտը։
2022–ին Հայաստանում ամենապահանջված մասնագետները ծրագրավորողներն են եղել։ Ընդհաուր առմամբ՝ անցյալ տարի աշխատանքի 40 հազար հայտարարություն է եղել։ Ծրագրավորման ոլորտում առաջարկները կազմում են ամբողջի մոտ 17%-ը։ Սա պարզել են staff.am-ում՝ համադրելով ու վերլուծելով ոչ միայն իրենց, այլև վիճակագրական կոմիտեի ու ՊԵԿ–ի ներկայացրած տվյալները։ Հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցնում են վաճառքի , սպասարկման ու բանկային գործի հաստիքները։ Բայց 2022–ն ունի առանձնահատկություն։ staff.am–ի գործադիր տնօրեն Նազելի Բադալյան․
«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում ՏՏ մասնագիտությունները որոշակի ակտիվության նվազում են արձանագրել։ Հիմնականում դա պայմանավորված է 4–րդ եռամսյակում գրանցված կրճատումների, ԱՄՆ շուկայի փոփոխությունների հետ»։
Այստեղ էլ իր ազդեցությունն ունեցավ դրամի արժևորումը։ Շուկան վերափոխվեց, բայց ավանդույթը չխախտվեց։ Հայտարարված բոլոր թափուր աշխատատեղերի մոտ 42%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտին։ Ընդ որում՝ այս ոլորտի ընկերություններն ակտիվորեն համալրում են իրենց թիմերը ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներով (ծրագրավորում, որակի կառավարում, DevOps և այլն)՝ այլև այլ ոլորտների, օրինակ՝ վաճառքի և հաճախորդների տեխնիկական սպասարկման, թվային մարքեթինգի և կոնտենտի ստեղծման մասնագետներով։
Ի տարբերություն ՏՏ ոլորտի, պահանջարկն ավելացել է Ֆինանսաբանկային , հեռահաղորդակցության ոլորտներում։ Բայց անգամ այս դեպքում, ու նվազման պարագայում էլ, միևնույնն է, առաջատարը ՏՏ ոլորտն է։ Այստեղ իր ազդեցությունն ունի ռուս–ուկրաինական պատերազմը․
«Սկսեց նոր մասնագետների հոսքը դեպի մեր երկիր, որովհետև դրա արդյունքում ոչ միայն նոր մասնագետները եկան, այլ նաև ընկերություններ, որոնք ուղղակի իրենց մասնաճյուղերը ամբողջությամբ տեղափոխեցին Հայաստան։ Արդյունքում պահանջված ՏՏ ոլորտի մասնագետներ փնտրող ընկերությունները կարողացան մասնագետներ գտնել՝ աշխատանքի ընդունելով օտարազգիներին, մյուս կողմից էլ, նոր ընկերությունները տեղափոխվեցին Հայաստան։ Արդյունքում մեր աշխատաշուկան աճ ունեցավ»։
2022–ին պահանջարկ են ունեցել հաշվապահները։ Նախորդ տարվա համեմատ պահանջարկի աճ է գրանցել նաև վաճառքի և սպասարկման, տուրիզմի և հյուրընկալության, ադմինիստրատիվ ոլորտներում։ 2022թ.-ին ակտիվության աճ են գրանցել ՀՀ բանկերը և ունիվերսալ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև հեռահաղորդակցության, առցանց ծառայությունների ոլորտները (Onex, Globbing և այլն), խորհրդատվական ընկերությունները։ Վերլուծական դաշտում կարծում են, որ այս ամենը հիմնականում պայմանավորված է ԱՊՀ երկրներից ՀՀ տեղափոխված մարդկանց հոսքով։
2022 թվականինհեռավար աշխատանքների նկատմամբ պահանաջարկը նվազել է, կազմելով ամբողջի 0.4%-ը, մինչդեռ 2021–ին դրանք 1 տոկոս էին կազմում։
«Ընկերությունները 2021 թվականին դեռևս լիարժեք չէին վերադարձել իրենց գրասենյակային աշխատանքին։ Շարունակում էին աշխատել հիբրիդային աշխատանքի տարբերակով։ 2022–ին արդեն գրեթե բոլորը վերադարձան գրասենյակ աշխատանքի, իրենց արտոնությունների մոդելում ներառեով նաև հեռավար աշխատանքը՝ շաբաթվա որոշակի օրերի»,– ասում է staff.am–ի գործադիր տնօրենը։
2021–ի համեմատ նվազել է նաև ֆրիլանս աշխատանքի նկատմամբ պահանջարկը։ 2021թ.-ի համար այն կազմում էր բոլոր հաստիքների 1.3%-ը, իսկ 2022 թ.-ին՝ ընդամենը 0.3%։ 2022–ին մարզային քաղաքները գրանցել են աննախադեպ ակտիվություն staff.am-ում հրապարակված հաստիքների քանակով։ 2021 թ.-ին հաստիքների մոտ 95 տոկոսը Երևանում էր, իսկ 2022-ին այդ ցուցանիշն իջել է մինչև 88%-ի։ Ակտիվության աճ են գրանցել Գյումրին, Վանաձորը, Իջևանը և այլ քաղաքներ։
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվը նվազել է 16.5%-ով։ Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 42.2%-ը կամ 30600 մարդ՝ նախորդ տարվա 33600-ի փոխարեն:
Կառավարությունն օրերս հաստատեց Զբաղվածության խթանման հերթական ծրագիրը։ Ըստ այդմ՝ այն գործատուները, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում առնվազն 10 վարձու աշխատող են ունեցել և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ, փոխհատուցում կստանան։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան․ «Սահմանել ենք աջակցության տարբեր չափեր՝ ըստ աշխատանքի ընդունվողի տարիքի, երեխա ունենալու հանգամանքի և հաշմանդամության կարգավիճակի: Ծրագրից կկարողանան օգտվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական համակարգի մարմին, վերջին երեք ամսում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Միջոցառման ընթացքում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսում չեն եղել հարկ վճարող և 6 ամսվա ընթացքում հարաբերությունների մեջ չեն եղել տվյալ գործատուի հետ»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է՝ խնդիրներն ավելի շատ մասնագիտական հմտությունների, համապատասխան մասնագետների դեֆիցիտի մեջ է․
«Մենք աշխատաշուկայում չենք ապահովում անհրաժեշտ հմտություններով և անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ, ապա պետական նման աջակցությունների արդյունավետությունը փոքրանում է։ Եթե չկա այն մարդը, որն այդ հմտությունն ունի, որքան էլ ուզում ես գործատուին մոտիվացրու, նա պետք է գտնի այդ մարդուն, որ այդ մոտիվացման սխեման աշխատի»։
Ըստ վերլուծությունների՝ հայաստանյան աշխատաշուկայում ուղիղ ձևով գործատուները նախընտրելի աշխատանքային տարիք չեն նշում, բայց հստակ է, որ ըստ պահանջվող մասնագետների, դրանք անուղղակի կերպով նաև տարիքային սահմանափակումներ են նախատեսում։