Նորակերտում ու Այգեկում կհիմնանորոգվեն մանկապարտեզները
Կառավարության ու համայնքի համաֆինասավորմամբ այս տարի նախատեսվում է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ գյուղերում հիմնանորոգել մանկապարտեզներն ու բարեկարգել բակերը: Նախորդ տարի Այգեկն առաջին անգամ է մասնակցել սուբվենցիոն ծրագրին․ ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական փողոցը։ Բնակիչները ճանապարհի բարեկարգումից գոհ են, բայց դժգոհում են արագընթաց մեքենաներից, քանի որ ճանապարհներին չկան արհեստական խոչընդոտներ։
Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում երկհարկանի մանակպարտեզն արդեն չի բավարարում գյուղի նախադպրոցական տարիքի երեխաներին: Մանկապարտեզ հաճախող 110 երեխաներին մի կերպ են տեղավորվում խմբերում՝ ասում է տնօրեն Նաիրա Խաչատրյանը.
«Չորս տարիքային խումբ է՝ ավագ, միջին, կրտսեր և տարատարիքային, այսինքն, խումբ չլինելու պատճառով երկու տարիքային խումբ համատեղել ենք, որպեսզի տեղավորենք մանկապարտեզում»:
Ոռոգման ջրի պատճառով գյուղի հողերը քիչ են մշակվում, ամայացել են, իսկ տեղացիների մեծ մասն օրվա ապրուստը գտնում է գյուղից դուրս՝ քաղաքային բնակավայրերում: Ընտանիքներում նախադպրոցական տարիքի երեխաների խնամքը դարձել է առաջնային խնդիր: Նորակերտի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանն ասում է, որ վերջին տարիներին գյուղում նորածինների թիվն ավելացել է։
«Ուզում եմ նշել որ վերջին պատերազմից հետո մեր գյուղի նույնիսկ 40 և ավելի տարիք ունեցող կանայք 3-րդ և 4-րդ երեխաներն ունեցան: Երեխաների թիվը շատ է մեծացել: Ծնողները հիմնականում աշխատում են դրսում, քանի որ գյուղում աշխատանք չունենք: Հիմա նրանք այս խնդրի առջև են կանգնել և չեն կարողանում թողնել երեխաներին: Որոշեցինք նոր խումբ բացել: Պահանջը շատ-շատ մեծ է»:
Պահանջվող խմբասենյակը կառուցվելու է սուբվենցիոն ծրագրով: Համայնքի ու պետության համաֆինանսավորմամբ հիմնանորոգվելու է նախադպրոցական հաստատությունը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան.
«2023թ ծրագրով մենք մանկապարտեզի համար ունենք հաստատված սուբվենցիոն ծրագիր, որի արժեքը 39 մլն 800 հազար դրամ է: Նախատեսվել է մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում»:
2022թ սուբվենցիայով համայնքում նոր խաղահրապարակ է կառուցվել՝ ավելի քան 15 մլն դրամ արժեքով, որի 70 տոկոսը վճարել է համայնքը: Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արտենյանը նկատում է՝ խաղահրապարակի հարակից տարածքում աշխատանքները շարունակելու են:
«Խաղահրապարակում դեռ խոտ ենք ցանելու, տարածքում ծառեր ենք տնկել: Անցած տարի այս տարածքն անմշակ էր ու ամբողջովին աղբավայր էր դարձել. մաքրվեց ու խաղահրապարակ կառուցվեց: Այս տարվա ընթացքում վերջնական տեսքի կբերվի, կկանաչապատվի և հնարավորության դեպքում՝ կցանկապատվի»:
Նորակերտում չկա հանգստի գոտի: Խաղահրապարակի հարակից տարածքում պուրակ են ստեղծել, գեղազարդ ծառերի տնկիներ դրել: Երեխաների պակաս այստեղ չկա:
«Մանվելիկի դպրոցի մոտ խաղահրապարակ կա, գիտեմ, Մանվելիկն այնտեղ խաղում է: Ես էլ կգնամ, երբ օրերը տաքանան, խաղալու եմ, սղալու, ճոճորան էլ կա»:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու և բարեկարգվելու են նաև Փարաքար համայնքի Այգեկ գյուղի մանկապարտեզն ու բակը, որի պայմանագրային արժեքը 107 մլն 800 հազար դրամ է: Անցած տարի գյուղում ասֆալտապատվել է 1.5 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը: Բնակիչները ճանապարհի բարեկարգումից գոհ են, բայց դժգոհում են արագընթաց մեքենաներից։
«Այս ասֆալտապատումից շատ գոհ ենք, բայց եթե սրանից հետո պետք է մի օր մարդ մահանա, մի օր շուն, մեզ պետք չի: Շատ արագ են վարում: Առաջին գործողությունը պետք է լիներ արհեստական խոչընդոտների կառուցումը: Դա օրինական կլինի, թե անօրինական՝ չգիտեմ, բայց ես արդեն որոշել եմ, որ իմ տան դիմաց դնելու եմ, որովհետև 2 օր առաջ իմ 3 տարեկան հովվաշանը գցեցին մեքենայի տակ, սատկեց»:
Այգեկում առաջին անգամ է սուբվենցիոն ծրագիր իրականացվել: Ճանապարհի ասֆալտապատման արժեքը 111 մլն 750 հազար դրամ էր, որի 35 տոկոսը կառավարությունն է ֆինանսավորել: Այգեկի նոր թաղամասերում կառուցվել է նաև 2 կմ-ի հասնող գազատար, որից օգտվել է 40 տնտեսություն: