Մեկուկես ժամ բաց զրույց՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի արդյունքների և Հայաստանին առնչվող կարևորագույն խնդիրների մասին։ ՀՀ վարչապետն աշխատանքային երկօրյա  այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջերմ տպավորություններով է վերադառնում Գերմանիայից, բոլոր հանդիպումներն անցել են բաց քննարկումների մթնոլորտում։ Վարչապետը տպավորություն ունի, որ Հայաստանի դիրքորոշումներն ավելի ընկալելի են դարձել  միջազգային հանրության համար: Հայ համայնքի հետ հանդիպմանը, սակայն, ոչ բոլոր հարցերն են եղել  «հաճելիների» շարքից:

Գերմանիայի հայ համայնքին հետաքրքրում է այն հակասությունը, որը գոյություն ունի ԼՂ կարգավիճակին առնչվող դիրքորոշումներում: Ինչու է Փաշինյանը խոսում «նշաձողը իջեցնելու»՝ միջազգային հանրության պահանջի մասին այն դեպքում, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հստակ ընդգծում  է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորությունը: Այս հարցի շուրջ երկխոսությունը տեղի ունեցավ գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Ուլուգյանի և ՀՀ վարչապետի միջև.



– Շատ ողջունելի էր պարոն Շոլցի կողմից, և շնորհակալություն ենք հայտնում նրան այս հայտարարության համար, բայց շատ տարօրինակ է, որ որպես ՀՀ վարչապետ խոսեցիք Արցախի իրավունքների մասին: Այստեղ կա հակասություն ձեր նախընտրական ծրագրի հետ և ընդանրապես ձեր քաղաքական թիմը, որը միշտ օգտագործում է իրավունքներ՝ չօգտագործելով միջազգային իրավունքը ազգերի ինքնորոշման մասով:

– Ձեր թվարկած տարբեր դետալների մեջ իրականում ոչ մի հակասություն չկա: Խնդիրն այն է, թե մենք ինչ հերթականությամբ պետք է այդ ամենը դասավորենք: Շատ դեպքերում հնչում են շատ պոզիտիվ հայտարարություններ, մենք պետք է գնահատենք, թե դրանք նախկինում ինչ են նշանակել գործնականում, այսօր ինչ են նշանակում գործնականում և վաղը ինչ են նշանակելու գործնականում:

Վարչապետը համոզված է, որ ճիշտ քաղաքականությամբ ենք առաջ շարժվում: Այս փուլում կարևոր է համարում, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով թուլացած միջազգային ուշադրությունը սկսել է վերադառնալ տարածաշրջանի և Հայաստանի ուղղությամբ: Հետևությունները վաղաժամ են, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ ընկալման որոշակի փոփոխություն կա մեր տեսակետների, մեր խնդիրների նկատմամբ, նաև ասում է՝ մեր երկրի ընկալումը ԵՄ շրջանում էականորեն փոխվել է, ինչը կոնկրետ փաստերի արդյունք է: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը և մի շարք հայտարարություններ այն երկրների կողմից, որոնք մշտապես լռել են. սրանք Ադրբեջանի հայտարարությունների և իրական քայլերի տարբերության հետևանքն են: Այսպես է վարչապետը հիմնավորում, երբ Գերմանիայի հայ համայնքին պատմում է, որ հենց այնպես չեն երկխոսում Ադրբեջանի հետ. 

«Երբ մենք ասում ենք «անջատում հանուն փրկության», Ադրբեջանն ասում է՝ ոչ մի փրկության կարիք չկա, բոլոր հայերը կարող են ԼՂ-ում ապրել, բարգավաճել, զարգանալ և այլն, և այդպես շարունակ: Սրան արձագանքը, ոչ չէ՛, չէ՛, չէ՛, չենք ուզում և այլն, մի քիչ ադեկվատ չի լինի, հասկանո՞ւմ եք: Շատ լավ, ասում ենք, ապացուցեք: Հիմա, փաստորեն Ադրբեջանը դա է ապացուցում, բայց ապացուցում է ո՞նց՝ Լաչինի միջանցքը շրջափակելով, սովի մատնելով, էլեկտրաէներգիան և գազը կտրելով, մյուս կողմից էլ միջազգային հանրության ասելով, թե Լաչինի միջանցքը փակ չի: Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է: Եվ սա, ենթադրում եմ, չեմ պնդում, պետք է արձագանք բերի և այն դրական արձագանքները, որ մենք լսում ենք, իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ դա հենց սրա հետևանքն է»:

Նույն տրամաբանությամբ աշխատանք պետք է տանել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Պետք է անել ամեն ինչ, որ միջազգային հանրությունը շարունակի այս արձանագրումները: Սա Սփյուռքի կառույցների հետ աշխատելու միասնական նպատակներից մեկը պետք է լինի՝ ասում է Փաշինյանը։

«Պետք է աջակցել, պետք է ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունը հնարավորինս մեծ ճնշում գործադրի այդ հարցով: Դա էլ մենք պետք է ցույց տանք, որ ինչպես Լաչինի միջանցքի դեպքում Ադրբեջանի կողմից՝ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների չկատարում է: Մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի, որտեղ ասվում է, որ գերիները, պատանդները, այլ պահվող անձինք վերադարձվում են կամ հայրենադարձվում են: Եվ մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք, որպեսզի միջազգային հանրությունը, կազմակերպությունները, պետությունները հնարավորինս մեծ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա»: 

Միաժամանակ, ըստ Փաշինյանի, նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը չխախտի, պատկերավոր ասած, միջազգային երթևեկության կանոնները:

«Մենք պետք է հասկանանք աշխարհի կանոնը և ապրենք կանոններով, հասկանո՞ւմ եք: Մենք չենք կարող անընդհատ երթևեկության կանոնները խախտելու տրամաբանությամբ առաջնորդել մեր պետությունը և չպետք է դա անենք: Ես չեմ ասում, որ հիմա դա անում ենք: Բայց սրա մասին պետք է շատ մտածել, որովհետև այստեղ կան նյուանսեր, ես հիմա շատ բաներով կաշկանդված եմ ուղիղ խոսելու, հատկապես տեսախցիկների առաջ, բայց շատ բաների մասին էլ խոսում եմ»:

Ամեն դեպքում, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է պատասխանատվությունը միայն խոսքերով սահմանափակվում:

– Դուք մոտ 5 տարի արդեն կառավարում եք, պարոն Փաշինյան, ցավոք սրտի, վերջին տարիներին ունենք կորուստներ, ամբողջը հակառակ ձևով է գնում: Կներեք, զուտ մարդկային ձևով եմ հարցնում, չե՞ք տեսնում, որ ինչ-որ չի ստացվում՝ թե արտաքին մարտահրավերները, թե անվտանգության համակարգը և իրոք Հայաստանը այսօր կանգնած է լուրջ խնդրի առջև:

– Կներեք, Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հրաժարական չի տվել, որքան ես: Հո ես չե՞մ կարող ամեն շաբաթ հրաժարական տամ: Ժողովուրդը որոշել է, որ ես այս պատասխանատվությունը պետք է կրեմ: Մենք խոսում ենք անվտանգության համակարգերի մասին: Իսկ ինչի՞ չենք ասում, որ մեր անվտանգության համակարգերը մեզ դավաճանել են: Այո, ճիշտ եք, կան հետևանքներ, իսկ պատճառների մասին ուզո՞ւմ ենք խոսել, թե՞ չէ: Խորը պետք է գնանք, որ տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել մեր բանակում, այն ժամանակ, երբ մենք հոտնկայս կենացներ էինք խմում, ինչ է տեղի ունեցել մեր արտաքին քաղաքականության մեջ ինչքանով է ՀՀ-ն եղել և կա որպես ինքնիշխան պետություն:

ՀՀ վարչապետը չի հերքում որ իրավիճակը բարդ է  ու վտանգավոր։ Այն, ըստ Փաշինյանի,  առավելագույն լրջություն ու ճկունություն է պահանջում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն