100 տարի առաջ և այսօր երազանքը նույնն է՝ համախմբվել, կազմակերպվել եւ ունենալ անկախ Հայաստան
Երեք օր շարունակ Հայաստանում քննարկելու են համահայկական նպատակներն ու դրանց հասնելու ուղիները։ Երևանում ընթանում է «Ապագա Հայկականի» համաժողովը, որը, կազմակերպիչների խոսքով, առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է։ Այն միավորել է 200 մասնակիցների ՀՀ-ից, Սփյուռքից եւ Արցախից։ Նախաձեռնությունը ձեւավորվել է 2021թ․-ին․ այս ընթացքում մշակել 15 համահայկական նպատակներ են ձևակերպել, համաժողովին քննարկելու են դրանցից երեքը՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանատվություն և բնակչության աճ:
«Այսօր մենք բացում ենք նոր էջ ՝ Ապագան Հայկականը պատմության մեջ։
«Ապագա Հայկական» նախաձեռնության համահիմնադիր Արտակ Ապիտոնյանն ազդարարում է եռօրյա համաժողովի մեկնարկը։ Ավելի քան 200 մասնակից ՀՀ-ից, Սփյուռքից եւ Արցախից համաժողովի օրերին քննարկելու է Հայաստանի ապագայի տեսլականը երեք ուղղություններով՝ պատմական պատասխանատվություն, բնակչության աճ, Հայաստան–Սփյուռք միասնականություն։
Արցախից տեսակապով համաժողովի մասնակիցներին միանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով նախաձեռնության համահիմնադիրներից է։ Վարդանյանն ասում է՝ Արցախում ապրելու օրերին առավել քան սուր է զգացել, որ առանց գաղափարին եւ ազգային արժեքներին վերադառնալու՝ ոչինչ չի ստացվի։
«Շատ եմ լսում, որ ասում են՝ եկեք մի բան անենք։ Ուզում եմ վստահեցնել, որ այս շրջափակումը ցույց տվեց մի շատ կարեւոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու եւ փորը լցնելու մասին։ Հայը պահանջ ունի՝ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու։ Հայը պետք է հավատա, որ կարեւոր է իր գոյությունը որպես հայ։ Պետք է հավատա առաջնորդներին, եւ դա չես կարող անել՝ խանութներն ուտելիքով լցնելու կամ փողի մասին խոսելու միջոցով։ Գաղափարն է կարեւոր։ Պայքարն ամեն օր Արցախում շարունակվում է։ Վստահ եմ, որ առանց գաղափարի՝ ոչինչ չի ստացվելու։
Հետևաբար Վարդանյանը հորդորում է ոչ թե պարզապես գոյություն պահպանել, այլեւ հասկանալ՝ նոր իրավիճակում ո՞ւր ենք գնում, ի՞նչ պատասխաններ պետք է տանք մարտահրավերներին։
«Ապագա Հայկականը» նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ասում է, որ մեր պատմության ընթացքում մեզ առիթ չի տրվել երազելու, ապագան նախագծելու եւ ստեղծելու համար։ Մեր ապագան, ըստ նրա, ուրիշներն են ստեղծել, իսկ մենք շարունակել ենք այդ ուղղությունը։
«Մենք արմատներ ունենք աշխարհի տարբեր կողմերում։ Իմ ընտանիքն Ուրֆայից է եկել՝ հարյուր տարի առաջ։ Երբեք չէինք երեւակայի, որ նման համաժողով կլինի։ Երեսուն տարի առաջ մեզ առիթ տրվեց մեր ապագայով զբաղվելու, բայց, դժբախտաբար, տագնապների պատճառով չկարողացանք․․․ 100 տարի առաջվա եւ մեր այսօրվա երազանքը նույնն է՝ համախմբվել, կազմակերպվել եւ անկախ Հայաստան ստեղծել»,-
Նուբար Աֆեյանի խոսքով՝ այս նախաձեռնության համահիմնադիրների դերը քաղաքացիների գաղափարները լսելն է ու դրանք կյանքի կոչելը։
«Հայաստանի ապագան չպետք է այնպիսի տխուր նյութ լինի, որպիսին անցյալն է»
Իսկ անցյալում ապրելն ավելի հեշտ է․ այնտեղ պատասխանատվություն չունես: Դժվար է ապրել ներկայում: Արդեն լրագրողների հետ զրույցում նկատում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեզ համար կարեւոր է ուժեղ, ազգային նկարագրով պետության ստեղծումը: Ամեն ինչի հիմքը արժեքներն են: Օրինակ, 13-րդ դարում, երբ մենք պետականություն չունեինք, մեկ մարդով, մեկ վանքով եւ մեկ դպրոցով 300 տարի շարունակաբար հայոց կյանքը շարունակվեց: Ես խոսում եմ Մխիթար Գոշի մասին: Պետք է գնանք խորքերը ու հասկանանք՝ մեր հայրերն ինչպես են վարվել, ինչ գործիքներով ու ինչ հիմքով: Մեզանից ոչ մեկ չի ուզում մեր պետությունը տեսնել մուրացիկ, աղքատ, արդարության դեֆիցիտով, և մենք հնարավորություն ունենք պատասխանատվություն ստանձնելով՝ նոր կյանք կառուցել»:
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը, դրանից հետո, ըստ կազմակերպիչների, քննարկումները կթևակոխեն գործնական փուլ։