44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը փաստաթղթային ուսումնասիրությունների փուլից անցել է ներկա և նախկին պաշտոնյաներին լսելուն: ԶՈՒ ԳՇ գործող և նախկին ղեկավարները արդեն եղել են խորհրդարանի այդ փակ սենյակում, որտեղից առանձնապես շատ ինֆորմացիա դեռ չի սպրդում:

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հանձնաժողովի այս շաբաթվա նիստին մասնակցել է շուրջ 6 ժամ, բայց, պարզվում է՝ դա դեռ բավարար չէ: Չի բացառվում, որ նրա հետ ևս մի քանի հանդիպման անհրաժեշտություն առաջանա:

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է։ Հնարավոր է՝ առաջիկայում ևս մեկ անգամ երկարաձգելու առաջարկ լինի։

44-օրյա պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պահանջող «գեներալների հայտնի հայտարարությունը» գլխավորած ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի տարբերություն մյուս գործիչների, չմերժեց պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հրավերը: Արձագանքել էր միանգամից,  ներկայացել բազմաշերտ փաստաթղթով։ Նրա հետ պատերազմի ամեն հատվածի հետ կապված եղել է հարց ու պատասխանի փուլ: Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ դա թույլ է տվել հանձնաժողովին հասկանալ, թե հետագայում հրավիրվելիք ներկա և նախկին պաշտոնյաներից ումից ինչ են ճշտելու:

«6 ժամ մենք քննարկել ենք բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակով, սպառազինությամբ, կադրային համալրմամբ, աշխարազոր ունենալ-չունենալու, բազմաթիվ խնդիրներ: Շատ բաների մասին ենք խոսել, որը ես ենթադրում եմ, դեռ կմնա գաղտնիության տակ, որովհետև այդտեղ կան նաև արտքին քաղաքական գործոններին վերաբերող հիշատակումներ, բայց բաներ կան, որ կփորձենք այնպես անել, որ հասարակությունը զեկույցի այդ հատվածը, ինչքան էլ փակ լինի որոշակի պետական գաղտնիքի տեսանկյունից, ինչ-որ բաներ, քառօրյայի ճակատագիրը չունենա: Այն, ինչ մենք արձանագրեցինք, և շարունակություն կունենա, դա շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար»:



Հանձնաժողովում պաշտոնյաներից արդեն եղել է ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանը:  Պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցում նա զբաղեցրել է վարչության պետի պաշտոն: ԳՇ նախկին պետին լսելու կարիք, հավաբար էլի կլինի:

Անդրանիկ Քոչարյանը համոզված է՝ Օնիկ Գասպարյանի համագործակցությունը Քննիչ հանձնաժողովի հետ նախադեպային կարող լինել նաև մյուս հրավիրյալների համար, քանի որ ոչ բոլորն են պատրաստ հանձնաժողովին ներկայացնել իրենց ունեցած տեղեկությունները: Հանձնաժղովը ակտիվացնում է իր հանդիպումները փաստաթղթային ուսումնասիրություններից հետո։ Սա արդեն աշխատանքի հաջորդ փուլն է: Ունեն հրավիրյալների ցանկ:

Այլ իրավիճակ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեպքում. այժմ կալանքի մեջ գտնվող նախկին պաշտոնյան ժամանակին ցանկություն էր հայտնել՝ քննիչ հանձնաժողովի ձևավորման դեպքում շփվել հանձնաժողովի անդամների հետ․ 

«Պատրաստ ենք, եթե խոչընդոտներ կան, գնանք մեկուսարանում շփվենք: Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատ շատերը կհասկանան, որ հանձնաժողովից պետք չէ փոխչել: Կլինեն զինվորականներ, որոնք վախեցած են, ինչպես ասենք՝ գեներալ Տիրան Խաչատրյանը: Եթե իր ղեկավարը գալիս է, իր հրաժարվելը ոչ մեկը չի կարող հասկանալ: Նույնը Վարդան Օսկանյանը: Ինքը եթե կարողանում է մասնակցել ընդիմադիր դաշտի կողմից կազմակերպված ինչ-որ լսումների Արցախի հարցով, պետք է բարի լինի գա պետության կողմից ձևավորված հանձաժողվում հարցերին պատասխանի, որովհետև շատ հարցեր նաև առնչվելու են մեր արտաքին գերատեսչության իրականացրած խնդիրներին: Ջալալ Հարությունյանին հրավիրելու ենք, և կարծում եմ, գեներալ Հարությունյանը անպայման կընդունի հրավերը, ի տարբերություն Մովսես Հակոբյանի: Չէ՞ որ իրեն առնչվող լիքը հարցեր կան: Քննարկումների մեջ նկատեցինք պարոն Մովսես Հակոբյանի՝ նախկինում որպես ԳՇ պետ եղած ժամանակ որոշ կառույցների հետ կապված իր որոշումներին: Բնականաբար, կուզեինք իրենից լսեինք, հիմա բնականաբար, հրավերը նորից կուղարկենք»:

Հենց այնպես մերժել հանձնաժողովի հրավերներն արդեն չի լինի: Խորհրդարանում միջոցներ են ձեռնարկում, որ քննիչ հանձնաժողով չներկայանալը ունենա նաև իրավական պատասխանատվություն, ասում է Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը.

«Պրակտիկան ցույց տվեց, որ հնարավոր է մի իրավիճակ ստեղծվի, երբ որոշակի մարդիկ, որոնց հայտնած տեղեկությունները ենթադրաբար շատ կարևոր կարող են լինել, չեն ուզում ներկայանալ կամ չեն ներկայանում, դրանով իսկ խոչընդոտում են հանձնաժողովի աշխատանքները, դրանով նաև պետական մարմինները և հանրությունը չեն ստանում այն տեղեկատվությունը, ինչը պետք է ստանան: Հետևաբար, օրենսդրորեն պետք է լուծել դրա հետ կապված հարաբերությունները: Եթե դա մենք սարքում ենք պարտադիր, սարքում են հրավիրյալի պարտականությունը, հետևաբար՝ պարտականությունների չկատարումը, անհարգելի պատճառներով հանձնաժղով չներկայանալը և իրեն հայտնի տեղեկությունները չտրամդրելը պետք է բերի իրավական հետևանքների»:

Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին շարունակում են չմասնակցել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Նրանք հայտարարում են, որ կասկածում են հանձնաժողովի անաչառությանը: Հանձնաժողովի վերջին նիստին ներկա չեն եղել նաև պատերազմում զոհվածների հարազատների ներկայացուցիչները, որոնց իրավական հնարավրություն է տրվել մասնակցել նիստերին և ծանոթանալ քննության ընթացքին: Հրավիրյալներին հարցեր ուղղելու հնարավորություն նրանք չունեն:   44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է։ Հանձնաժողովի նախագահն ասում է, որ առաջիկայում ևս երկարաձգելու առաջարկ կլինի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն