Դերձակ դառնալու ցանկությունը իրագործման ճանապարհին է
Երկու տասնամյակ շարունակվող ընտանեկան բռնությունները խաթարել են Սարգսյանների ընտանեկան անդորրն ու հոգեկան հավասարակշռությունը, որի զոհերը մայրն ու չորս երեխաներն են: Արմավիրի մարզում ապրող 17-ամյա երիտասարդը ընտանիքի կրտսեր զավակն է, որն ընտանեկան բռնության հետևանքով խուսափում է շփումներից ու դարձել է լռակյաց: Հիմա նա կարի մասնագիտական հմտություններ է ստանում քոլեջում, որոշել է լավ դերձակ դառնալ:
Երբ ընտանիքում պակասում է սերն ու հանդուրժողականությունը՝ սկսվում է անախորժությունների շարքը: Այսպիսի ընտանիքներում հաճախ, կնոջից բացի, բռնության զոհեր են դառնում նաև երեխաները: Սարգիսը նույնպես բռնության զոհ է, ինչը բացասաբար է անդրադարձել տղայի կենսակերպին, ինքնադրսևորմանը: Նա 17 տարեկան է, բայց հիմնականում մեկուսացած է ու լռակյաց, խուսափում է շփումներից.
«Ես ժամանակին չեմ շփվել մարդկանց հետ, չեմ խոսել, չեմ իջել բակ, չեմ խաղացել: Հայրիկը չէր թողնում իջնեի, դե, բռնացել է ու միշտ ծեծել: Ես ուզում էի իջնել բակ խաղալ, բայց ինքը չէր թողնում»:
Բռնությունից ու ծեծից խուսափել չի ստացվել: Մանկական վախերն արմատացել են տղայի հոգեբանության մեջ ու խորը հետք թողել: Սարգիսը ընտանիքի 4-րդ երեխան է, քույրերն իրենից մեծ են տարիքով: Նա վաղ տարիքից կորցրել է ինքնուրույն գործելու կարողությունը և մշտապես գտնվում է մոր պաշտպանության ներքո: Դպրոցում ներառական կրթություն է ստացել. բազմամասնագիտական թիմի աշխատանքը դրական փոփոխություն գրանցել է: Մայրն է պատմում.
«Ներառականի ուսուցիչները պարապել են հետը, առաջ բերել թե՛ խոսակցականի առումով, թե՛ մտավորի: Խոսքի հապաղում ուներ, կաշկանդվածություն, որոնք վախից են առաջացել»:
Մայրը միշտ տղայի կողքին է, ամեն ինչ անում է որդուն հասարակությանը ինտեգրելու համար: Հիմնական դպրոցից հետո Սարգիսը կրթությունը շարունակում է քոլեջի «Կարի արտադրության տեխնոլոգիա» բաժնում, որտեղ ուսուցումն անվճար է: 1-ին կուրսում է սովորում: Քոլեջն իր բնակավայրում չէ, ճանապարհի դժվարությունները սկզբում մոր և ավագ քրոջ հետ է հաղթահարել, հետո սկսել ինքնուրույն գնալ:
«Առաջին կուրսում եմ սովորում, կար ու ձև, առայժմ կտորների վրա ենք աշխատում, կուրսում երեք տղա կա, աղջիկներն ավելի շատ են: Նրանց հետ լեզու չեմ գտնում: Սիրում եմ կարել»:
«Կարի արտադրության տեխնոլոգիա», բաժնում բացի անվճար ուսուցումից, ուսանողները կրթաթոշակ են ստանում՝ ծնողներին ազատելով նյութական լրացուցիչ ծախսերից:
Բռնության ենթարկված ընտանիքին սոցիալական աջակցություն է ցուցաբերում «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունը: Սարգիսը քրոջ հետ այստեղ նույնպես մասնակցել է կարի ուսուցման երկամսյա դասընթացի:
Հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Մատինյան.
«Սա մի հարթակ է, մի վայր, որտեղ շահառուները կկարողան ինքնաարտահայտվել, ինքնադրսևորվել, այսինքն՝ իրենց առօրյան ավելի հագեցնել, ստեղծել մի նոր միջավայր, որտեղ հաղորդակցման նոր հնարավորություններ կունենան, նոր հմտություններ կսովորեն: Սարգիսը լռակյաց անձնավորություն է, իսկ կար ու ձևի դասընթացներին խոսում են, քննարկում, մասնագետն ու մասնակիցներն անընդհատ հաղորդակցության մեջ են միմյանց հետ: Մեզ համար կարևորն այն է, որ շահառուներին ինտեգրում ենք բոլոր գործընթացներում»:
Սարգիսն այստեղ մեծ ակտիվություն չի ցուցաբերել, բայց հետևել է խորհուրդներին: Կարի վարպետության դասընթացի ղեկավար Փերի Դանիելյանը նկատել է երիտասարդի սովորելու ձգտումը.
«Սարգիսը որոշակի շփվելու խնդիր ունի, շատ ակտիվ չէր, բայց պասիվ էլ չէր, ուզում էր լսել, սովորել, լավ չէր կարողանում, պետք է բացատրեինք, ինպես անի»:
Կաշկանդվածությունը երիտասարդի մոտ դեռ մնացել է, բայց կարի մասնագիտական դասընթացների շնորհիվ կարողանում է որոշակի չափով վերանորոգել իր զգեստները՝ քույրերին ու մորն այլևս չի խնդրում: Կար է սովորում, սակայն տանը չունեն կարի մեքենա, որը հետագայում կարող է դառնալ նրա աշխատանքային գործիքը: Մայրը միայնակ է հոգում ընտանիքի հոգսը, իսկ հարազատներն օգնում են վճարել բուհում սովորղ երկու ուսանողների ուսման վարձը: Սարգիսն աստիճանաբար ինտեգրվում է հասարակությանը և որոշել է լավ դերձակ դառնալ: