Ապրիլի15-ից մայրաքաղաքում կսկսեն գործել քաղաքապետարանի ձեռք բերած նոր ավտոբուսները։ Որպես մեկնարկ, շահագործման կհանձնվի 67 համարի երթուղին, որը միմիանց կկապի Շենգավիթ և Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանները։ Քաղաքապետարանը խոստանում է՝ մինչև ամառ երևանյան տասից ավելի երթուղիների շարժակազմեր կհամալրվեն կամ ամբողջությամբ կփոխարինվեն նոր ավտոբուսներով։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ հաջորդ տարի արդեն տրանսպորտի հիմնախնդիրը 95%–ով լուծված կլինի։

«Մենք ավելացնում ենք գծերի քանակը այս նոր շարժակազմերով և ավելացնում ենք եղած գծերում ավտոբուսների քանակը, որ պիկ ժամերի խնդիրը կարողանանք մեղմել։ Այո՛, տրանսպորտային խնդիրը ամբողջությամբ լուծված չէ, բայց այս նոր շարժակազմով էականորեն թեթևացնում ենք տրանսպորտային ճգնաժամը»,– մանրամասնում է Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանն անցած տարի ձեռք բերած 87 հատ 12 մետրանոց «Ման» մակնիշի և 150 հատ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուս հանձնում է «Երևանի ավտոբուս» ընկերությանը։ Դրանից հետո ավտոբուսները կմաքսազերծվեն, կգրանցվեն ու կարճ ժամանակ անց կհայտնվեն Երևանի փողոցներում։



Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պնդում է, որ նոր ավտոբուսները ոչ միայն բավարար չեն, այլև ավելի են սրելու Երևանի երթուղային ցանցի ու երթևեկության խնդիրները։

«Իհարկե, շատ հնչեղ է․ 100, 200, 400 ավտոբուս է գալիս Երևան, ու մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք լուծում ենք տրանսպորտի խնդիրը, բայց տրանսպորտի խնդիրը չի լուծվում։ Այն ավտոբուսները, որ դուրս են գալու գիծ, ավելի են ծանրացնելու տրանսպորտային ծանր վիճակը։ Պատկերացրեք երկու «ֆուռ» իրար կպած երթևեկելու են Երևանի փողոցներում։ Այն վիճակում, որ հիմա քաղաքն է՝ խցանումներ և այլն, ավելի է ծանրանալու վիճակը․ այսինքն՝ եթե մարդը 1-2 ժամ սպասում էր տրանսպորտի, հիմա էլ ավելի երկար է սպասելու, էլ չասեմ, որ մեքենաների համար է մեծ խնդիր լինելու»,– ասում է ավագանու անդամը։

Պետք էր տրանսպորտային ամբողջ մեխանիզմը, մշակույթը փոխել, բարելավել հետո միայն ներդնել նոր ավտոբուսային պարկը՝ կարծում է ավագանու ընդդիմադիր անդամը։ Քաղաքային իշխանությունը, սակայն, այլ մոտեցում ունի՝ առանց նոր շարժակազմերի ավելորդ է փոփոխությունների ու բարեփոխումների մասին խոսելը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է, որ սեփական փորձով գիտի՝ տրանսպորտի հարցը օր առաջ է պետք լուծել։



«Դուք հանրային տրանսպորտից օգտվո՞ւմ եք։ Ես պարբերաբար օգտվում եմ, որ հասկանամ, թե ինչպիսին է երևանցիների փորձը։ Հավատացնում եմ ձեզ՝ բավականին դաժան է։ Այն ավտոբուսների քանակը, որ մենք ունենք, չի բավարարում երևանցիներին սպասարկելու համար և շատ դեպքերում մարդիկ նախընտրում են տաքսիներով երթևեկել»,– ասում է Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանը վերջին չորսուկես տարում շուրջ 540 ավտոբուս և 15 տրոլեյբուս է ձեռք բերել։ Առաջիկայում նախպատեսում են նաև ավելի քան 10 տարի շահագործվող չինական «Higer» մակնիշի 250 ավտոբուսները փոխարինել էլեկտրոբուսներով․

«Մեր ընդհանուր նպատակը՝ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը դարձնել ավելի հարմարավետ, ավելի արագ տեղաշարժ ապահովող, քան սեփական ավտոմեքենան»։



Երևանի տրանսպորտի հարցը չի լուծվի, քանի դեռ երթուղայիններում կանխիկ դրամ է շրջանառվում, կարծում է ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը։ Նա գտնում է, որ ոլորտում ամենակարևոր ու առաջնային բարեփոխումը վճարային միասնական համակարգին անցումը պետք է լինի, որի մասին քաղաքային իշխանությունը բազմիցս խոսել է։

«Քանի դեռ տրանսպորտի համակարգում կա կանխիկ դրամ հասկացությունը, հետևաբար այնտեղ կան նաև «պլան» հասկացությունը, մութ սխեմաներ ու շատ մեծ կորուպցիոն ռիսկեր․ հավատացեք, ես ոլորտի հետ շփվում եմ ու գիտեմ՝ ինչ եմ ասում։ Հենց այդ միասնական վճարային համակարգի բացակայությունն է հանգենցնում մեր կանգառներում տիրող իրավիճակին, որովհետև վարորդները, կանխիկ գումարի համար «կամիկաձեի» կարգավիճակով, իրար հերթ չտալով, ուղևոր են հավաքում ու կաթվածահար անում երթևեկությունը»,– ասում է Գյոզալյանը։

Քաղաքային իշխանությունը լավ լուր ունի․ շուրջ մեկ ամիս հետո փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգը, և մեկ–երկու ամիս փորձարկելուց հետո էլ մինչև տարվա վերջը, մայրաքաղաքի բոլոր շարժակազմերում կգործի վճարման նոր համակարգը։ Սա միակ փոփոխությունը չէ․ խոստանում են՝ առաջիկայում նաև հանրային տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիներ կլինեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն