Երևանի ավագանու իշխող քաղաքական ուժը նշանակում է քաղաքապետի ընտրության օրը, հետո հրաժարվում այդ ընտրությանը մասնակցելուց ու հայտարարում, որ քաղաքապետի թեկնածու այս պահին չունի։ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրում է, թե ինչ խնդիր է լուծվում նշանակել-չառաջադրել սխեմայով։

«Քաղաքապետի օր նշանակելը ընդամենը «Ընտրական օրենսգրքի» 142.3 հոդվածի պահանջն է․ այն է՝ մեկամսյա ժամկետում քաղաքապետի ընտրության ժամկետ ու օր սահմանելը, կատարելը, որպեսզի հնարավորություն տանք մյուս խմբակցություններին քաղաքապետի թեկնածու առաջադրել»,-ասում է Գալջյանը։



«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան

2021թ տարեվերջին գործող ավագանին անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետի պաշտոնում ավելի քան 3 տարի պաշտոնավարած Հայկ Մարությանին ու այդ պաշտոնում ընտրեց Հրաչյա Սարգսյանին։ Վերջինը 1 տարի մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո՝ մարտի 17-ին հրաժարական տվեց։ Երևանի քաղաքապետի փաստացի թափուր աթոռը առայժմ զբաղեցնում է առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Ավագանիում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունն առայժմ մտադիր չէ քաղաքապետ ընտրել։ Արմեն Գալջյանն ասում է՝ իմաստ չեն տեսնում։

«Մենք սպասում ենք ավագանու հերթական ընտրություններին, ու քանի որ մի քանի ամիս է մնացել մինչև ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը, նպատակահարմար չենք համարում այս կարճ ժամանակահատվածի համար քաղաքապետ ընտրել»։

Ընտրական օրենսգրքի 142.3 հոդվածի համաձայն համայնքի ղեկավարի՝ այս դեպքում քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանին մեկամսյա ժամկետում պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություն անցկացնի։ Թե ինչ կլինի, եթե ավագանին սահմանված ժամկետում այդպես էլ քաղաքապետ չընտրի, օրենքը հստակ չի սահմանում։ Փոխարենն ուշագրավ սահմանում է պարունակում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը։ Դրա 17-րդ հոդվածը ամրագրում  է՝ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ ընտրվում։  Սակայն այս կարգավորումը վերաբերում է  նորընտիր ավագնու առաջին նիստում քաղաքապետի ընտրությանը։ Փաստացի՝ Երևանի ավագանիում այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրենքը հստակ կարգավորումներ չունի։



Հենց այդ պատճառով էլ իշխող խմբակցության ղեկավարը չի բացառում անգամ ավագանու արտահերթ ընտրությունների հեռանկարը։

«Օրենքը տվյալ դեպքում մի քանի ձևով է մեկնաբանվում, բայց այն մեկնաբանությունը, որ քաղաքապետ չընտրելու դեպքում պարտադիր պետք է լինեն արտահերթ ընտրություններ, հստակ չէ։ Թե ինչպես կմեկնաբանվի ու ինչպես կկիրառվի օրենքը, ես չեմ կարող ասել, դա մեր լիազորություններից դուրս է»,-մեկնաբանում է ավագանու անդամը։

Համապատասխան օրենքներում, այո, բարեփոխումերի կարիք կա՝ նշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, սակայն ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։ Այդ լիազորությունը հանձնաժողովինը չէ՝ ասում է։

«Այդ հարցի հասցեատերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ու հանձնաժողովի նախագահը չեն, քանի որ ԿԸՀ–ն այս դեպքում ընդամենը ընտրությունները կազմակերպող մարմինն է․ կլինի կառավարության որոշում, հանձնաժողովը կկազմակերպի ընտրություններ, եթե չկա՝ կառաջնորդվենք այդ որոշմամբ»։



Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյան

Անկախ հանգամաքից՝ Երևանի ավագանու ընտրությունները կլինեն հերթական թե ոչ,   իշխանության թեկնածուն անփոփոխ է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությումնը որոշել է, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Չնայած Ավինյանն այս պահին զբաղեցնում է քաղաքապետի տեղակալի պաշտոնը, վարում քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը, մասնակցում պաշտոնական միջոցառումներին, սակայն  գործող ավագանու անդամ չէ, ինչն էլ «խանգարում» է այս պահին քաղաքապետ դառնալ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն