Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են ներդրումային ոլորտն ու նոր հնարավորություններ ստեղծում նորարարական գաղափարների մեջ ներդրումներ կատարելու համար։ Doing Digital Forum-ի (DDF’23) ընթացքում քննարկվել են բիզնեսի թվային ժամանակակից փոխակերպումները։ Ֆորումի մասնակից 15-ից ավելի տարբեր ոլորտի խոսնակներ ներկայացրել են թվայնացման իրենց պատկերացումները, վերլուծել ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական միտումները, դիտարկել առաջնորդների դերը տրանսֆորմացիայի վարման գործում։

Թվային փոխակերպումները ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին են։  Տեխնոլոգիաները պետք է լուծեն առօրյա խնդիրներ, ընդ որում՝ միավոր ժամանակում ավելի շատ խնդիրներ, ինչը մարդկանց հնարավորություն կտա կենտրոնանալ իրենց հետաքրքրությունների վրա։ Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է թվային փոխակերպումներին նվիրված միջազգային ֆորում։ Spring PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյան․

«Doing Digital միջազգային ֆորումի նպատակն է համախմբել էկոհամակարգը և Հայաստանը աշխարհին ներկայացնել որպես ինովացիոն և նորարար տեխնոլոգիաների, նաև թվային փոխակերպման հաբ։ Մենք նախաձեռնեցինք, որովհետև հիմա ճիշտ ժամանակն է խոսել այն աշխատանքներից, այն փորձից , որ թվային փոխակերպման ճանապարհին ընկերություններն ունեն, ինչպես նաև հասկանալ՝ ինչ խնդիրներ կան և բերել միջազգային փորձը»։   



Ֆորումի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է թվային տրանսֆորմացիայի և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները։ Նա հայտնի է որպես ֆինանսական տեխնոլոգիաների անկախ մեկնաբան, նաև  BBC News-ի, Sky News-ի, CNBC-ի և Bloomberg-ի ֆինանսական և բանկային հարցերի մշտական մեկնաբանն է։

Սքիների խոսքով՝ թվային փոխակերպումները նաև բազմաթիվ խնդիրներ են բերում։  Օրինակ՝ բանկերի աշխատակիցները վախենում են, որ թվային փոխակերպումները լուրջ վտանգ են իրենց աշխատատեղերին։

«Դա տարբեր ոլորտներին կարող է վերաբերել։ Օրինակ՝ Դոյչե բանկի գլխավոր տնօրենն ասեց, որ եթե իմ բոլոր աշխատակիցները հաշվապահներ լինեին ես կարող էի նրանց բոլորին թվայնացնել։ Եթե այդ տեսակ ուղերձ ես լսում, ապա  փորձում ես ամեն ինչ անել թվային փոխակերպման գնացքը կանգնեցնելու համար։  Այն ընկերությունները, որոնց հետ աշխատում եմ, փորձում են թվային փոխակերպումն այնպես անել, որ իրենց աշխատակիցներն ընդհանրապես անգործ չմնան»։ 



ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ պատահական չէ, որ թվայնացման օրակարգի հայեցակարգային մակարդակում շեշտադրվել է անցումը էլեկտրոնային կառավարությունից դեպի թվային հասարակություն։ Սա նշանակում է, որ քաղաքացին և մասնավոր հատվածը թվային փոխակերպման կենտրոնում են, հետևաբար, լուծումները քննարկվում են նրանց տեսանկյունից։ 

«Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարությամբ։  Պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու՝  բաց և հասանելի տվյալների քաղաքականություն  ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ և նպաստավոր ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում»։



Այս օրակարգը կյանքի կոչելու նպատակով 2022-ին ձևավորված տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը ներկայացրել է թվային հասարակության ու տնտեսության տեսլականը։ Ըստ դրա՝ բոլոր քաղաքացիները հասանելիություն են ունենալու թվային նույնականացման լուծումներին և դրա համար ուղղակիորեն չեն վճարելու։ Քաղաքացիները և տնտեսվարողները պետական համակարգին տվյալները տրամադրելու են մեկանգամյա սկզբունքով։ Պետության կողմից մատուցվող ծառայությունները նախագծվելու են կյանքի  իրավիճակների շուրջ։

Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում պետք է ազատվել միջնադարյան մտածողությունից և հետադարձ կապ ապահովելու ճիշտ ճարտարապետությամբ կառուցել թվային ապագան՝ կարծում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի պաշտոնակատար Ներսես Երիցյանը․



«Շատերս ունենք հեռախոսներ, տարբեր տեխնոլոգիաներից ենք օգտվում, մեզ թվում է, թե մենք այդ աշխարհում ենք ապրում և ամբողջությամբ օգտվում ենք այդ աշխարհի հնարավորություններից, այդուհանդերձ, մենք կիրառում ենք այլ երկրների ենթակառուցվածքները, սակայն մեր հասարակությունը փոխակերպելու համար ցանկալի է ունենալ մեր ենթակառուցվածքները, որոնց վրա կկառուցենք գիտելիքի և տվյալների ամբողջ էկոհամակարգը»։

Առցանց միջավայրում պաշտպանվելն ավելի դժվար է․ չկան գծված սահմաններ։ Էկոհամակարգը կարգավորող օրենսդրական փաթեթի մշակումը հիմնադրամը հակառակ տրամաբանությամբ է գործարկելու՝ շրջանառության մեջ է դրվելու զրո դրաֆթ, ոչ թե պետական կառույցներն են նախագիծը մշակելու ու շրջանառելու, այլ օրենքը զրոյական վիճակում  է դրվելու  քննարկման․  որոշվելու են  հիմնական «զսպաշապիկները» ու հնարավորությունները, և ըստ դրանց  կազմվելու է բովանդակությունը։ Խոսքն, օրինակ, հանրային տվյալների թվային անվտանգությանը և նույնականացմանը վերաբերող օրինագծերի մասին է։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն