Ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականը
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց գործընկերներին և անդրադարձ կատարեց ծրագրի արդյունքների կարևորությանն ու առկա մարտահրավերներին․
«Մենք ունենք բավարար կամք և ցանկություն՝ դիմակայելու այդ խոչընդոտներին, և պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»,-ասաց նա։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսն իր խոսքում նշեց․ «ԵՄ-ՀՀ համատեղ ջանքերը կարևոր գործոն են EU4Sevan ծրագրի գործունեության հաջողության համար, քանի որևէ դերակատար կամ կազմակերպություն անհատապես չի կարող լուծել Սևանա լճի խնդիրները: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ համակարգային մոտեցում է պահանջվում: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նախաձեռնությունը և Սևանա լճի վերաբերյալ տեսլականի հետ սիներգիաները կարող են ծառայել որպես հիմք՝ երկարաժամկետ և հետևողական ազգային մոտեցում որդեգրելու համար»։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ողջույնի խոսքում ընդգծեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգման կարևորությունը։
«Սևանն այսօր բախվել է բազմաթիվ բնապահպանական խնդիրների, և էկոհամակարգի վերակագնումը հրատապ ու կարևոր է՝ հաշվի առնելով երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը։ Տեսլականի ընդունումն ու ռազմավարության մշակումը հիմք կհանդիսանան գործնական գործողությունների համար՝ հասնելու Սևանա լճի ազգային տեսլականին և ծրագրի կողմից ձեռք բերված արդյունքների կայունությանը: Թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Եվրոպական միությանը, և ԳՄԸՀ-ին ձևավորված համագործակցության համար»,- ընդգծեց նա։
Միջոցառման ընթացքում «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» (ADWISE Consulting) ընկերության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի մշակման ընթացքում կատարված աշխատանքն ու մի շարք փուլերով անցած մասնակցային գործընթացի արդյունքում ձևավորված արդյունքները։ Ներկայացմանը հաջորդեց պանելային ձևաչափով քննարկում, որն անդրադարձավ տեսլականի անհրաժեշտությանը և դրանից բխող օգուտներին։
Սևանա լճի 2050 թվականի ազգային տեսլականի կարևորությունն ակնառու է Սևանա լճի պահպանության և էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից՝ հաշվի առնելով լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Տեսլականը հիմք կհանդիսանա երկարաժամկետ կտրվածքով միասնական ազգային մոտեցմամբ լճի և նրա ջրահավաք ավազանի կայուն զարգացման ապահովման նպատակային գործընթացների համար:
Այնուհետև «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» (CIVITTA) ընկերության կողմից ներկայացվեցին Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացի մեկնարկն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Ներկայացվեցին գործողությունների շրջանակը և ժամկետները, համապատասխան մեթոդական մոտեցումները, որոնք կիրառվելու են աշխատանքների ընթացքում, ակնկալվող արդյունքները։ Ներկայացմանը հաջորդեց քննարկում շահագրգիռ կողմերի հետ:
Միջոցառմանը ներկա էին ոլորտը կանոնակարգող գերատեսչությունների, հասարակական կառույցների, գիտահետազոտական ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «Եվրոպական միությունը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» Եվրոպական միության գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: