Նիկոլական իշխանության ադրբեջանասիրությունն արդեն ֆիզիկական զզվանք է հարուցում․ վերլուծական
7or.am-ը գրում է․ Թե թշնամական Ադրբեջանի դրոշի այրվելուց ինչպիսի վայրիվերո արձագանքներով ինքնադրսևորվեցին Նիկոլ Փաշինյանի «քաղպայմանագրի» ներկայացուցիչներն ու նրա «ֆան կլուբի» տարբեր ներկայացուցիչներ, ներկայացնելու ու նկարագրելու կարիք չկա: Բավական է մտնել, օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, որտեղ երրորդ օրն է, ինչ այդ է: Հասկանալի է՝ նաև նշված արձագանքների արձագանքներով հագեցած, որոնք չարժե այստեղ մեջբերել:
Հասկանալի է, ինչ խոսք, որ դրոշն այրելը, ամեն դեպքում խորհրդանշական գործողություն է:
Ի դեպ, խորհրդանշական երևույթների մասին: Նիկոլ Փաշինյանը, գիտեք, օրերս հերթական ՄԻՊ-ին նշանակեց: Թե ի՞նչ եղավ նախորդը, ում հասցրել էին կնքել որպես «Փաշինյանի իրավունքների պաշտպան», դեռ մի կողմ դնենք: Նոր «Մարդու իրավունքների պաշտպանը», գիտեք, Նիկոլ Փաշինյանի դատախազությունից է, գլխավոր դատախազի տեղակալն էր՝ Անահիտ Մանասյան:
Եվ ի՞նչ է անում ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ նշված կարևոր պաշտոնն ստանձնելուց հետո: Նրա առաջին քայլերից մեկը այն է, որ այցելում է օրերս Հայաստան ներթափանցած, ոչ թե ուժային կամ իրավապահ մարմինների, այլ սովորական քաղաքացիների կողմից բռնված ու վնասազերծված, հիմա էլ կալանքի տակ գտնվող ադրբեջանական բանակի 2 զինվորներին: Նրանց, որոնցից մեկը, ըստ առկա կասկածների ու տեղեկատվության, Կապանում մարդ սպանելու մեջ է նաև կասկածվում:
Գիտե՞ք, սա շատ խորհրդանշական է: Չափազանց խորհրդանշական:
Չենք վիճի ու այստեղ քննարկելու բան էլ չկա. ՄԻՊ-ը նաև պիտի նման կալանավորների այցելի: Չնայած կարող էր և անձամբ չգնալ, այլ իր աշխատակազմից որևէ մեկին կամ իր ներկայացուցչին գործուղեր:
Ուղղակի աչք է ծակում Նիկոլ Փաշինյանի ու նրա «կադրերի» առանձնահատուկ գորովանքը Ադրբեջանի ու ադրբեջանցիների հանդեպ: Այսպես ասենք՝ փաշնյանականների ադրբեջանասիրությունը: Մի բան, որ բազմաթիվ մարդկանց մոտ արդեն ֆիզիկական զզվանք է հարուցում:
Տեսեք, Նիկոլ Փաշինյանի նշանակած ՄԻՊ Անահիտ Մանասյանն, օրինակ, իրենց իշխանության մեղքով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ մարդկանց ծնողների ու հարազատների հետ չհանդիպեց առաջնահերթ: Նորանշանակ ՄԻՊ-ի առաջին քայլերից մեկը չեղավ իր ներկայացրած իշխանության մեղքով տնազրկված հայրենակիցներին հանդիպելն ու նրանց իրավունքների վիճակով հետաքրքրվելը:
Անահիտ Մանասյանը չայցելեց Հայրենիքի համար զոհվածների այն ծնողների, որոնց «Եռաբլուրում» ոստիկանները քաշքշել են ու բռնության ենթարկել:
Նորանշանակ ՄԻՊ-ը, հատուկ ընդգծենք, չգնաց կալանավայր՝ այցելելու հայտնի հրամանատար ու ակնհայտորեն հանիրավի մեղադրանքներով բանտված Գրիգորի Խաչատուրովին:
Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ը չայցելեց իր ներկայացրած իշխանության մեղքով անհայր մնացած երեխաների:
Այդ ամենի փոխարեն, նորանշանակ ՄԻՊ-ն այցելել է կալանավորված ադրբեջանական երկու զինվորներին, որոնցից մեկը, ի դեպ, նախքան բռնվելը, լայվ էր մտել ու ասում էր, որ հայի արյուն են թափել:
ՄԻՊ-ի այդ այցելությունը միայն խորհրդանշական չէ: Թե՛ նրա, թե՛ փաշինյանական իշխանության այլ ներկայացուցիչների ադրբեջանասիրական դրսևորումները նաև որոշակի հարցերի տեղիք են տալիս: Այն իմաստով, որ միգուցե Փաշինյանին կամ «առաջին շարքի» փաշինյանականները իսկապես կարծում են, թե նմանօրինակ դրսևորումներով ադրբեջանցիների սրտե՞րն են շահում: Գուցե իրոք մտածում են, որ գթության, մարդասիրության նման, շատերի ընկալմամբ՝ նվաստացուցիչ ու դառը քմծիծաղ առաջացնող ցուցադրական դրսևորումներով կարող են եվրոպաներից կամ ասենք՝ Թուրքիայից ու Ալիևից ինչ-որ բա՞ն մուրալ: Եթե այդպես է, եթե նրանք այդպես են կարծում, ապա պետք է ասել, որ այդ ամենը, ի լրումն ամենի, վանող ազդեցություն է ունենում: Չնայած, ում ինչի մասին ասենք: