Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում և ուսումնասիրվում են 1915թ ոճրագործությունը վերապրածների ձեռագիր հուշերը։ Տարիների ընթացքում ինստիտուտն այդ հուշագրությունները ամփոփող մատենաշարի 9 հատոր է հրատարակել։ Վերջին շրջանում թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների ուշադրության կենտրոնում են հատկապես թուրքական որբանոցներում մեծացած հայ երեխաների հուշերը։ Երեխաների բռնի տեղափոխումն ու թրքացումը Հայոց ցեղասպանության կարևոր, բայց առայժմ քիչ ուսումնասիրված բաղադրիչներից մեկն է՝ ընդգծում են թանգարան-ինստիտուտում։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շարունակում են ուսումնասիրել, մշակել ու հրատարակել եղեռնը վերապրածների հուշերը։ «Արամը չէր կարող Սեյտո լինել» հուշագրությունն առաջինն է, որ թարգմանվել է նաև անգլերեն։ Սեբաստիայի Մշակնոց գյուղից 9-ամյա տղան ընտանիքի հետ տեղահանվում է, բայց գաղթի ճանապարհին կորցնում է ծնողներին։ Մալաթիայի շրջանում նրան ևս, ինչպես բազմաթիվ հայ պատանիների, թուրքերն ու քրդերը ստրկացնում են։ Հետագայում Արամը իր հուշերում պատմում է իրեն բաժին հասած դաժանությունների ու ինքնության պահպանության պայքարի մասին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինե Գալուստյանը պատմում է՝ այս հուշագրությունը բացառիկներից է, որ ոչ միայն տառապանքը, այլև հայ մնալու պայքարն է նկարագրում։



Հայ որբեր, Ադանա 1909թ.

«Քանի որ Հայոց ցեղասպանության կարևոր մեթոդներից մեկը նաև հայ երեխաների թրքացումն էր, Արամը ևս չէր կարող խուսափել այս երևույթից, նրան ևս անվանափոխ են անում, ստիպում են իսլամ ընդունել։ Սակայն շատ հետաքրքիր է 9 տարեկան երեխայի այդ փրկության ռազմավարությունը, թե ինչպես էր ինքը փորձում ոչ միայն իր օրվա ապրուստը, հացը վաստակել այլ նաև հայ ինքնության տարրերը պահպանել ու օգնել Մալաթիայի շրջանում ստրկության մեջ պահվող մյուս հայ տղաներին»,-պատմում է Ռեգինե Գալուստյանը։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական արխիվում պահվում են Եղեռնը վերապրածների շուրջ 400 ձեռագիր հուշեր։ Ինստիտուտում վստահեցնում են՝ բոլոր հուշերը արժեքավոր, փաստագրական ու վավերագրական նշանակություն ունեն, անկախ այն բանից, թե հուշի հեղինակը ինչ դեր, պաշտոն կամ սոցիալական կարգավիճակ է ունեցել Օսմանյան կայսրությունում։ Թանգարանում առանձնահատուկ ուսումնասիրել են նաև թուրքական որբանոցներում ապրածների հուշերն ու ամփոփել հետազոտությունը «Հայ երեխաների թրքացումը Հայոց Ցեղասպանության տարիներին» աշխատության մեջ։ Ուսումնասիրության համահեղինակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զոհերի և վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը գիրքը նաև դեդեկտիվ աշխատանք է համարում։



Ձյան տակ «Որբաքաղաք» մտնելու թույլտվության սպասող երեխաներ

Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու

«Մենք առկա հուշերի միջոցով կարծես վերականգնել ենք այն ինչ տեղի էր ունենում թուրքական որբանոցներում։ Հիմնական շեշտը դրվել է Անթուրայի որբանոցի վրա, առկա են տվյալներ նաև Մարդինում ու Ադանայում գործող որբանոցների մասին։ Մարդինի որբանոցի մասին պատմող որբուհին՝ Մարի Գրիգորյանը իր հուշում ասում է, որ իրենք եկեղեցու ծեփերը պոկում և դա որպես հաղորդություն էին ընդունում՝ զորանալու և քրիստոնեական իրենց հավատքը պահպանելու համար»,-մանրամասնում է Խաչատրյանը։

Հրատարակվող հուշերում յուրաքանչյուր հայ կարող է իր, իր նախնիների ու ընտանիքի պատմությունը գտնել՝ վստահ է թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։ Ցեղասպանության այս կարևոր բաղադրիչի՝ երեխաների բռնի տեղափոխության ու թրքացման մասին քիչ է խոսվել, սակայն մասնագետները նկատում են՝ սա շատ կարևոր գործիք է եղել ցեղասպան քաղաքականություն որդեգրած թշնամու ձեռքում։ Հրատարակվող հուշագրությունները ապացույց են, որ այս երևույթը եղել է Հայոց ցեղասպանության մեջ՝ ընդգծում է Գզոյանը։



Դեր-Զոր անապատից հավաքված հայ որբեր, 1919թ.

Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու

«Մի երիտասարդ աղջկա պատմություն կա, որը բավականին հուզել էր ինձ և դրանից հետո երկար ժամանակ չէի կարողանում վերադառնալ աշխատանքին․ 13-14 տարեկան աղջնակ էր, որին որդեգրել էր թուրք մի հոգևորական, իսկ հետո բռնի ամուսնացել էր նրա հետ, ինչից հետո այդ աղջիկը խելագարվել էր։ Բավականին երկար ժամանակ էր պահանջվել, որ կարողացել էին վերադարձնել այդ աղջկա հոգեկան հանգստությունը»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2020թ․-ից հրապարակում է Եղեռնը վերապրածների հուշերը։ Մատենաշարն արդեն 9 հատոր ունի, ընթացիկ տարում նախատեսում են ևս 3-ը հրատարակել։ Թանգարանի գիտաշխատողները դիմում են աշխարհասփյուռ հայությանը խնդրանքով՝ եթե ունենք Հացոց ցեղասպանությունը վերապրածների գրի առնված ու չուսումնասիրված հուշեր, անպայման հանձնեք թանգարանին, քանի որ դրանք բացառիկ ու անգնահատելի արժեք են ցեղասպանության վավերագրության ու փաստագրության համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն