Եթե 15 օր առաջ՝ ապրիլի կեսերին, հեղուկ գազի գինը 100-130 դրամի սահմաններում էր, ապա այսօր արդեն այն 200-220 դրամ արժե։ Վարորդները նաև ահազանգում են, որ մայրաքաղաքի լցակետերից մի քանիսում ժամանակ առ ժամանակ գազ ընդհանրապես չի լինում։ Հեղուկ գազի թանկացման գործոններից մեկը Լարսի անցակետում ստեղծված իրավիճակն ու կուտակումներն են։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է՝ սա գնաճի արտաքին, նաև քաղաքական պատճառներից է։

«Ես չեմ բացառում, որ եթե որոշակի քայլեր չձեռնարկվեն և վերահսկողություն չլինի, ապա հնարավոր է, որ այս թանկացումը դառնա միտում։ Ես լուրջ դրդապատճառներ չեմ տեսնում, որ գինը թանկանա ու մնա բարձր, եթե մեր պետության արտաքին տնտեսական գործունեությունը համադրվի արտաքին տնտեսական շահերի հետ և, մասնավորապես, տնտեսական դիվանագիտության լծակներով կարգավորվի»,-ասում է Մանասերյանը։

Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհի վրա առաջացած կուտակումների պատճառով գազատար դատարկ մեքենաները չեն կարողանում Ռուսաստան հասնել, լիցքավորվել ու վերադառնալ՝ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Սա ազդել է հեղուկ գազի հայաստանյան շուկայի վրա։



«Վրացական կողմում մեկնաբանում են, որ ռուսական կողմում թողունակությունը քչացել է, և մեքենաները ժամանակին տեղ չեն հասնում։ Այս պահին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ, որպեսզի հայկական գազատար մեքենաներն առանց հերթի անցնեն, հասնեն Ռուսաստան ու հետ վերադառնան։ Ռուսաստանից Հայաստան ուղևորվող գազատարները հիմնականում անարգել անցնում են»։

Ըստ մաքսային կցորդի՝ հերթում սպասող մեքենաները շատ են, կուտակումներ կան, քանի որ Վերին Լարսի անցակետում ռուսական 4 ռենգեն սարքերից 2–ը չեն աշխատում, իրավիճակի չի շտկվի, քանի դեռ դրանք չեն վերագործարկվել՝ ասում է Հակոբյանը։ 

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով, մինչդեռ, Վերին Լարսում իրավիճակը նկատելիորեն շտկվել է։  Նախօրեին Վահան Քերոբյանն Ազգային ժողովում էր անդրադարձել խնդրին։ 



«Պետք է ասեմ, որ այսօր իրավիճակն արդեն որոշակի իմաստով շտկված է և օրական մոտ 250-300 հայկական բեռնատար է անցնում, այն դեպքում, երբ մենք մոտավորապես 200 մեքենա էինք այդ անցակետով անցկացնում։ Հերթը կարելի է ասել «հալվում» է, մենք հույս ունենք, որ մինչև շաբաթվա վերջ հերթը կվերանա»։

Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Իրանից, սակայն պարսկական գազի տեսակարար կշիռը փոքր է, որ դեր ունենա գնագոյացման ու շուկայի ընդհանուր միտումների վրա՝ նկատում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Տնտեսագետը, այնուամենայնիվ, գնաճի մեջ նաև ներքին շուկայի խաղացողների դերն է տեսնում։

«Իրականում դա սուբեկտիվ գործոն է, այսինքն՝ տնտեսվարողներն իրենց հերթին շահույթը վերածում են գերշահույթի, ինչը նորություն չէ Հայաստանի համար, բայց, մյուս կողմից, դա հասկանալի է, քանի որ վաղվա օրը շատ կանխատեսելի չէ, և ապահովության բարձիկներ ունենալու համար տնտեսվարողները փորձում են ռիսկը ու անորոշությունը կոմպենսացնել, որ վնասները շատ ավելի քիչ լինեն։ Կարծում եմ՝ պետություն–մասնավոր համագործակցությունը պետք է մի քիչ ավելի բաց լինի, որպեսզի տնտեսվորողները ավելորդ վտանգերի զգացողություն չունենան»,– ասում է տնտեսագետը։

 Սրա արդյունքում գները ավելի կայուն ու կտրուկ վայրիվերումներից զերծ կլինեն՝ շեշտում է տնտեսագետը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրերս ուսումնասիրել է հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները ու արձանագրել որ դաշտում մրցակցային իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ Հանձնաժողովը հայտարարել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում է իրականացնում ավելի քան 8 տասնյակ տնտեսավարող սուբյեկտ, առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար՝ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն