Խորհրդարանական ուժերը փորձում են հասկանալ վաշինգտոնյան ազդակները
Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցություններն այսօր կավարտվեն։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Երևանի ժամանակով 21։45-ին պետքարտուղար Բլինքենը մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ խաղաղության բանակցությունների փակման նիստին Ջորջ Շուլցի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում։ Բանակցությունները մեկնարկել են մայիսի 1-ին։ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Բանակցային օրակարգի մանրամասները հայտնի չեն, բայց կան պաշտոնական հաղորդագրություններ, բանակցություններին առնչվող գնահատականներ Վաշինգտոնից Մոսկվայից ու Բաքվից։ Երևանում նույնպես փորձում են հասկանալ վաշինգտոնյան ազդակները։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների երրորդ օրն արդեն Միացյալ Նահանգները ողջունում է գրանցված առաջընթացը։ Որն է գնահատականի հիմքը՝ Հայաստանի Ազգային ժողովում տեղյակ չեն․ խորհրդարանական երկրի օրենսդիր մարմնում անգամ չգիտեն, թե ինչ առաջարկություններ են դրված վաշինգտոնյան բանակցությունների սեղանին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ենթադրում է, որ դրական գնահատականը կարող է կապ ունենալ պարզապես բանակցությունների կայացման փաստի հետ։ Բովանդակությունից, սակայն, մեծ ակնկալիքներ չունի։
«Որովհետև մենք գործ ունենք շատ վատ բանակցողի հետ։ Այնպիսի բանակցողի հետ, որը Հայաստանի և Արցախի շահն ամենևին առաջ չի տանում, այլ, ընդհակառակը, շարունակ զիջումների է գնում։ Արցախի ինքնորոշման մասին մեզանից շատ խոսում է Ֆրանսիայի նախագահը, նաև Գերմանիայի կանցլերը խոսեց, նաև ԱՄՆ–ում մի քանի կոնգրեսականներ նախագիծ են ներկայացրել։ Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձևակերպումների, մենք կունենանք առաջընթաց»։
Այն, որ վաշինգտոնյան բանակցությունների փաստաթղթում բացակայելու է «Արցախի ինքնորոշման իրավունք» ձևակերպումը, հաստավում է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությամբ։ Նախօրեին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ Միրզոյան–Բայրամով հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը խոսել է ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրներից։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը սա նորմալ է համարում։
«Գիտեք, ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը մեր հանրային քաղաքական դաշտում արդեն մի քանի ամիս է ընթանում է, և այս մասին բավականին մանրամասն խոսել է վարչապետը։ Ուստի՝ այս պահին մենք պետք է արձանագրենք այսօրվա խնդիրը, որ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների խնդիրն է և առաջ շարժվենք այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ։ Իսկ բանաձևը, թե դա ինչպես պետք է արվի, Հայաստանի կառավարությունը, բանակցողները վաղուց հայտնել են»։
Խոսքը Ստեփանակերտ–Բաքու երկխոսության տեսանելի մեխանիզմի ստեղծման մասին է, ինչի շուրջ, ըստ Խանդանյան, հայկական կողմը փորձում է արդյունքների հասնել։ Մինչդեռ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս բանաձևը սխալ է համարում՝ հենց միջազգային հանրության գնահատականները հաշվի առնելով։ Ընդդիմադիր գործիչը հիմնավորում է համարում նաև Ադրբեջանի նախագահի նախպայմանը՝ հրապարակային ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
«Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ–ականների, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԼՂՀ–ն։ Դրա համար երկրորդ պահանջն է առաջադրում։ Միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում։ Նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագող երկրների բոլոր հայտարարություններում մինչև այս վարքագծի դրսևորումը խոսվել է ինքնորոշման իրավունքի մասին։ Խնդիրն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը Ալմա Աթան մեջտեղ է բերում, նա չի խոսում այն վերապահման մասին, որ այդ ժամանակ Ղարաբաղն արդեն անկախություն էր ձեռք բերել և բացարձակ կապ չուներ անկախ Ադրբեջանի հետ։ Այս շեշտադրումը եթե լիներ, որևէ խնդիր չկար։ Բայց ինքը չի ասում դա։ Ավելին՝ ինքը շարունակաբար, անընդհատ Արցախը մղում է դեպի Ադրբեջան»։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շարքային քաղաքացիների պես բանակցություններից տեղեկություններ է ստանում ընդամենը պաշտոնական հաղորդագրություններից։ Այնպես որ, չի կարող հերքել կամ հաստատել տարածվող լուրերը, թե դեռ չի հաջողվում Ալիևին համոզել փաստաթղթից հանել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող ձևակերպումները։ Տրամադրվող պաշտոնական հաղորդագրության հիման վրա Խանդանյանը պարզապես հաստատում է․
«Միրզոյան–Սալիվան–Բայրամով հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը բարձրաձայնել է զորքերի հետքաշման, ՀՀ ինքնիշխանական տարածնքները ադրբեջանական զորքերը լքելու, ապա՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ պետք է արձանագրել, որ այդ հարցը օրակարգում է և չի կարող դուրս մնալ օրակարգից ու քննարկվում է նաև վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում»։
Ընդդիմադիրները մտահոգված են նաև այն հանգամանքով, որ բանակցություններն ընթանում են առանց նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ Արցախի անվտանգության գլխավոր պատասխանատուի։ Խոսքը Ռուսաստանի մասին է։ Ի պատասխան իշխանությունը նշում է և խորհրդարանում ևս մեկ անգամ հաստատում, որ Վաշինգտոնից հետո արտգործնախարարները կհանդիպեն նաև Մոսկվայում։ Նախնական համաձայնությունը կա, օրը դեռ հստակեցված չէ։