Օրվա խորհուրդը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նշել է «Հաղթանակ» զբոսայգում։ Ընդդիմությունը, բացի զբոսայգուց, եղել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Արդեն երեք տարի  մայիսի 9–ի զգացողություններն ու տրամադրություններն այլ  են։ Հաղթանակի խորհուրդն արդեն երեք տարի այլ կերպ է արժևորվում։ 

Եռատոնը կա, բայց այլ երանգներով ու տրամադրություններով։ Կա նաև վճռականություն։ Իշխանությունը վճռականորեն խոսում է խաղաղության օրակարգի մասին, ընդդիմությունը վճռական է հաղթանակները վերադարձնելու ցանկություններում։ Աժ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը բացատրություն ունի, թե ինչու է օրը սկսում «Հաղթանակ» զբոսայգուց․

«Ափսոսանք ենք զգում, դառնություն ենք զգում, միևնույն ժամանակ հպարտություն ենք զգում երկինք գնացած մեր հերոսների համար։ Նախ՝ մեր պապերի, որ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պայքարեցին հանուն Հայաստանի ազատագրության, որովհետև ֆաշիստական Գերմանիայի հաջողության դեպքում Թուրքիան բացելու էր երկրորդ ֆրոնտը և Հայաստանը վեր էր ածվելու թուրքական վիլայեթի։ Փառք ու պատիվ 314 հազար զինված հայ հերոսներին»։



Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը օրվա խորհուրդը արժևորում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Այս օրը մեր մեծերը մեզ նվիրել են Հաղթանակի տոն, մենք նրանց վերադարձրել ենք Եռատոն։ Եռամիսանության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր համաձուլվածքի արդյունքում ենք մենք դա ունեցել։ Այս օրը մեզ համար պետք է լինի պատասխանատվության օր։ Մենք պետք է նորից բարձրացնենք մեր պայքարի ոգին և, իհարկե, մեր ամենակարևոր նպատակներից մեկը պետք է լինի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ ադրբեջանցիներին դուրս շպրտելը մեր տարածքներից, և՛ Արցախի ինքնորոշման գաղափարը։ Ազատագրել Արցախի օկուպացված տարածքները, նաև Շուշին, որպես հայոց հինավուրց բերդաքաղաք, մշակութային կենտրոն։ Մեր բոլորի նպատակը դա պետք է լինի։ Իսկ դրա համար մենք պետք է կարողանանք մեր պետության, մեր ժողովրդի ռազմական հզորության յուրաքանչյուր կետը կերտենք»։

Պատերազմից 3 տարի անց դեռ պարզ չէ՝ ինչո՞ւ ընկավ Շուշին։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համարում է, որ Շուշիի անկումը բոլորի պարտությունն է: Խոստանում է՝ հարցերի պատասխաններն անպայման կտրվեն։



«Ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է այդ մասով և գործը գտնվում է դատաքննության փուլում։ Կգա ժամանակը, երբ մեր ամբողջ հասարակությունը և հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը։ Հստակ կիմանա, թե ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին։ Ես ձեզ դա խոստանում եմ»։

Իշխանությունը նաև խոստանում է տարածաշրջան խաղաղություն բերել։ Վերջին շրջանի բանակցությունների ինտենսիվությունն արդեն լավ նշան է, ըստ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի՝ վաշինգտոնին հաջորդելու է Բրյուսելը, ապա՝ Մոսկվան։

«4 օր տևեց բանակցությունները։ Աննախադեպ էր այդ առումով։ Արդեն իսկ դրական փաստ է։ Մյուս կողմից ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ միանգամից բոլոր խնդիրների լուծում»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ տարբեր մայրաքաղաքներից բանակցային էությունը չի փոխվում։ Իսկ թե ում միջնորդությամբ և որ հարթակում է Հայաստանի համար նախընտրելի ստորագրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ենթադրյալ փաստաթուղթը հարցին, հստակեցնում է՝ որտեղ համաձայնություն լինի, այնտեղ էլ կստորագրվի։

«Ընդհանուր առմամբ՝ բոլոր հանդիպումներն էլ միմյանց շարունակությունն են, որովհետև հարցերը և հարցերի շրջանակները հայտնի է։ Բանակցությունների առումով ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք։ Դա ՀՀ սուվերեն 29 800 քառակուսի կիլոմետրի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում մեզ, որովհետև օրինակ Լաչինի միջանցքը, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը այնտեղ ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է»։

Բանակցային խնդիրներին անդրադարձել է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ասում է՝ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում այն ​​ամենին, ինչ կատարվում է Հայաստանում։



Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում նաև իր դաշնակցային պարտավորություններին Հայաստանի նկատմամբ և ձեռնարկում է ամեն ինչ, որ այս տարածաշրջանում սկսվի խաղաղության և զարգացման դարաշրջանը։

Օրվա իրադարձություններից դուրս՝ օվկիանոսից այն կողմ խաղաղության մասին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ։ Ասուլիսի ժամանակ պաշտոնյան ասել է, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում կողմերը կարող են համաձայնության հասնել։ 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն