2023-ի գիտաֆանտաստիկան՝ 2091-ի իրականություն․ պատանիները պատմում են գիտական Հայաստանի մասին
«Սաթենը երիտասարդ գիտնական աղջնակ է, որը գտնում է շատ հետաքրքիր հատկություններով օժտված մի գազ, որը կարողանում է պահել մարդու օրգանիզմի երիտասարդությունը շատ երկար ժամանակ»։
30-ից ավելի հայ պատանի պատկերացրել է՝ ինչպիսի՞ն կլինի գիտական Հայաստանը 2091 թվականին և պատկերացումը գրականություն է դարձրել։
«Պետրիի թասիկի մեջ մի մանրէ կա, որը ոչնչացնում է իր տարածքում գտնվող մանրէներին։ Փորձարկում է ու հայտնաբերում, որ ՄԻԱՎ-ի հարուցիչը կարելի է վերացնել»։
«Պարադիգմա» կրթական հիմնադրամը և «Գիտուժ» նախաձեռնությունը գիտեն՝ 2091-ին գիտական Հայաստան ունենալ հնարավոր է, եթե 2023-ին պատանիները մտածեն այդ մասին։ «2091 թվական. Հայաստանի ոդիսականը» վերնագրված գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթն այս նպատակադրմամբ է իրականացվել։
«Ես ընտրեցի այն տարբերակը, որ պետք է լինի ինչ-որ մեկի օրագիրը, որը գտնում է թուղթ ու գրիչ։ Բայց թուղթ ու գրիչ չկա ապագայում, որովհետև ոչ մեկին դա արդեն անհրաժեշտ չի տեխնոլոգիական զարգացման հետ կապված»։
«Մեզ պետք էր այնպիսի թեմա, որը ստանդարտից ինչ-որ ձև դուրս է և երեխաներին կստիպի մտածել, ոգևորվել, հարցեր տալ, օրինակ՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների դերը ինչպի՞սնն է լինելու, և դա մատուցել ոչ այդքան ստանդարտային, պաթետիկ լեզվով, այլ՝ գեղեցիկ պատումային լեզվով»։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Լիլիթ Մարգարյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ սկզբում մտավախություն կար, որ դիմողները քիչ կլինեն․ գիտաֆանտաստիկ պատմվածք գրելը կատակ բան չէ։ Բայց ստացված հայտերի որակը լավատեսություն է ներշնչել։ Ավելի լավատեսական է պատանիների ոգևորությունը «մրցանակը ստանալիս»․
«Քանի որ շատ հետաքրքիր կլիներ այդպիսի երևակայություն ունեցող երեխաներին կապել գործող գիտնականի հետ, որ իրենք շփվեն, հարցեր տան գիտությունից, պատասխան ստանան, մտածեցինք՝ լավ կլինի ընթրիք կազմակերպել, որտեղ գիտնականը կշփվի հաղթողների հետ։ Եվ որոշեցինք Մարի Կյուրիին նվիրված գիրքը նվիրենք հաղթողներին»։
«Մենք խոսում էինք այն թեմայի մասին, թե մարդ ինչքա՞ն մասնագիտություն պետք է փոխի, հաստա՞տ պետք է, որ մի մասնագիտության մեջ խորանա ու ասի՝ սա իմ մասնագիտությունն է ու վերջ»։
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղից եկած Գոհար Խալաթյանը դժվարությամբ է ընդհատում գիտնականի հետ զրույցը՝ իր պատմվածքի մասին պատմելու համար։ Սեպտեմբերին ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում մասնակցել է մանրէաբանության մասին գիտելիք փոխանցող մի ծրագրի։ Նախատեսված է եղել նաև ստարտափ ներկայացնել․
«Ճիշտ է՝ չենք հաղթել, բայց էդ ամենը ինձ շատ բան տվեց, ու իմ պատմության հիմքը հենց էնտեղից է գալիս»,- ասում է Գոհարը։
Նրա պատմության մեջ հայ գիտնականները քաղցկեղի դեմ պատվաստանյութ, ՄԻԱՎ-ը վերացնող մանրէ են բացահայտում։ Պատմվածքի բոլոր մանրամասները չի բացահայտում, բայց ասում է՝ Հայաստանը դրանցով լուրջ վերելք է ունենալու։
«Հետագայում կարող է հաջորդ սերունդները կարդան ու ասեն՝ վայ, էն ժամանակ մտածել են, որ սենց բան կարող է լինի, հիմա տենց է։ Դու մտածում ես, որ ապագայում կարող է այդպես լինել ու հանձնում ես թղթին»։
***
«Ես մանկուց մտածել եմ, որ ինչ-որ մի հայտնագործություն, գյուտ, նոր բան անեմ, որը շատ պարզ է, բայց ոչ ոք դրա մասին չի մտածել»։
16-ամյա Վարդան Գրիգորյանը ոգեշնչման կենդանի աղբյուր ունի․ քույրը գիտնական է։ Վերջինն էլ դարձել է Վարդանի պատմության գլխավոր հերոսը․
«Նա սարքում է կրեոխցիկ․ դա անոթն է, որի օգնությամբ նա կարողանում է մինչև 91 թվական քնել և արթնանում է 91 թվականին․ գործողությունները հենց այդտեղ էլ ծավալվում են։ Երբ կրեոխցիկի մեջ էր հայտնվում ու պետք է արդեն քներ, իր մտքում կրկնում էր՝ ես եմ ապագան»։
Վարդանը գիտի, որ ապագան գիտնականն է, ստեղծողը։ Գիտի նաև, որ ինքն այդպիսինն է լինելու։ Ասում է՝ կարևորը չդադարել մարդկանց հետ պարզ, մարդկային լեզվով խոսել․
«Գիտական տերմիններով խոսելը մարդկանց համար պարզ չի, դու չես կարող ասել՝ գապինը գազ է, որը ստեղծվել է ԽՍՀՄ–ում, մարդիկ կձանձրանան, չեն էլ լսի՝ ինչի մասին է գապրինը, ինչի մասին է գազը։ Դրա համար ինչ–որ մի տեղ պետք է ռոմանտիզմ, հեշտացված մեթոդներով, փոխաբերական իմաստներով և այլն»։
14-ամյա Նինա Հովհաննիսյանի հերոսն էլ աշխատում է Հայաստանի ամենամեծ ռոբոտաշինական ընկերությունում։
«Այդ ընկերությունում ստեղծում էին բազմաթիվ ռոբոտներ, որոնք օգտագործվում էին թե՛ կենցաղում, թե՛ այլուր։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ռոբոտներից մի նմուշ անգամ չկա մեր օրերում, շատ-շատ երևակայական ռոբոտներ են, որոնք, ես ավելի քան վստահ եմ, ապագայում լինելու են»։
«Այս միջոցառումները կարևոր են, որ բացահայտեն, որ եթե օրինակ քիմիա, ֆիզիկա են ընտրում, դա չի նշանակում, որ էն գրականությունը, որ դպրոցում են անցնում, դա է միայն լինելու։ Իրենք կարողանալու են քաղցկեղի դեմ պայքարել, նոր տեսակի դեղամիջոցներ ստեղծել բույսերի վրա, իմ մասնագիտությամբ ասեմ՝ կարողանալու են հասկանալ ամպի կառուցվածքը, թե ինչ է տեղի ունենում ամպրոպային եղանակների ժամանակ ու ինչպես կարելի է կանխարգելել կամ կանխորոշել կարկտի առաջացումը ու նվազեցնել ռիսկերը»։
Մրցանակը՝ գիտնական Հռիփսիմե Մկրտչյանի հետ զրույցը, հաղթողները վայելում են մանրամասնությամբ։ Հարցերը շատ են, իրար հերթ չտվող։ Ամերիկյան համալսարանում ամպոպ, կայծակ ու տորնադո ուսումնասիրող գիտնականը «Ռադիոլուր»-ի մի քանի հարցերի պատասխանելու ժամանակ ևս գտնում է․
«Ինֆորմացիայի պակասի պատճառով իրենք պատկերացում չունեն՝ առհասարակ գիտնականը ինչով է զբաղվում Հայաստանում։ Աշակերտները, որոնք վախենում են ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից, մտածում են, որ բնագիտական առարկաներ ընտրելու դեպքում աստվածային, գերբնական ուժեր են պահանջելու, որ իրենք էդ մասնագիտութամբ հաջողեն»։
Հռիփսիմեն պատմում է՝ դպրոցական տարիքում երազել է բանաստեղծ դառնալ, քանի որ ուզում էր ինչ-որ բան ստեղծել։ Դարձավ գիտնական ու հասկացավ, որ երազանքն իրականացել է՝ ստեղծում է, բայց արդեն գիտելիք։
Գրականությունն ու գիտությունը մոտ են ու նման։ Միտքը, գաղափարը, որ տրվել է թղթին, վաղը կարող է կիրառական դառնալ, մարդկանց կյանքեր փոխել։ Բացառված չէ, որ բանը 2091 թվականին չհասնի, և այս պատանիներն իրենց սահմանած ժամկետից շուտ ինքնուրույն իրականություն կդարձնեն այժմ միայն գիտաֆանտաստիկ գրականություն համարվող մտքերը։